Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ը) ՉՈՐՍ ԿԱՌՔԵՐԻ ՏԵՍԻԼՔԸ6 Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա …

ը) ՉՈՐՍ ԿԱՌՔԵՐԻ ՏԵՍԻԼՔԸ

6 Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսնում էի. ահա չորս կառքեր դուրս էին գալիս լեռների արանքից, եւ լեռները պղնձեայ լեռներ էին։ 2 Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր, 3 երրորդ կառքին՝ սպիտակ ձիեր, եւ չորրորդ կառքին՝ պէսպէս, պուտաւոր ձիեր։ 4 Ես հարցրի եւ ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»։ 5 Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց. «Դրանք երկնքի չորս հողմերն են, որ ելնում են կանգնելու ամբողջ աշխարհի Տիրոջ առաջ»։ 6 Այն կառքը, որին սեւ ձիեր էին լծուած, գնում էր դէպի հիւսիսի երկիր, սպիտակ ձիերինը՝ նրա յետեւից, 7 աշխէտ ձիերինը գնում էր դէպի հարաւի երկիր, իսկ պուտաւոր ձիերինը ելնում ու ձգտում էր շրջել ամբողջ երկրում։ Եւ Տէրն ասաց. «Գնացէ՛ք եւ շրջեցէ՛ք երկրով մէկ»։ Եւ նրանք շրջեցին երկրով մէկ։ 8 Տէրը ձայն տուեց եւ ասաց ինձ. «Ահա, նրանք, որ գնում են դէպի հիւսիսի երկիր, հանգցրին իմ բարկութիւնը հիւսիսի երկրի նկատմամբ»։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՒԵՐՈՒՄԸ ՅԻՇԱՏԱԿՈՂ ԾՈՄԱՊԱՀՈՒԹԻՒՆ

7 Դարեհ թագաւորի չորրորդ տարում, իններորդ ամսի՝ Քասղեւ ամսի չորրորդ օրը Տիրոջ խօսքը հասաւ Զաքարիային։ 2 Բեթէլից Սարասար ու Աբուսադ թագաւորները եւ իրենց մարդիկ ուղարկուեցին աղաչելու Տիրոջը 3 եւ ասելու քահանաներին, որոնք Ամենակալ Տիրոջ տաճարում էին, նաեւ մարգարէներին, թէ մտա՞ւ այնտեղ հինգերորդ ամսում սրբութիւն անելու կարգը, որ անում էին շատ տարիներ։ 4 Զօրութիւնների Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. 5 «Խօսի՛ր այդ երկրի ժողովրդի եւ քահանաների հետ եւ կ’ասես. “Երբ դուք ծոմ էիք պահում եւ ողբում ահա եօթանասուն տարի շարունակ, հինգերորդ կամ եօթներորդ ամիսներին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում. 6 երբ ուտում էիք եւ խմում, մի՞թէ դուք ձեզ համար չէիք ուտում եւ խմում”»։

7 Սրանք չե՞ն այն խօսքերը, որ խօսեց Տէրը իր նախկին մարգարէների միջոցով, երբ դեռ շէն էր Երուսաղէմը, բարիքներով լի, եւ բնակեցուած էին նրա շուրջը գտնուող թէ՛ լեռնային եւ թէ՛ դաշտային քաղաքները։

ԳԹՈՒԹԵԱՆ ԱՂԵՐՍ

8 Տիրոջ խօսքը հասաւ Զաքարիային եւ ասաց.

9 այսպէս է ասում Ամենակալ Տէրը.

«Արդար դատո՛վ դատեցէք,

ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք իւրաքանչիւրն իր եղբօրը։

10 Մի՛ կեղեքէք այրուն, որբին, պանդխտին եւ տնանկին։

Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ՝

նրա գործած չարիքների համար»։

11 Բայց նրանք լսել չուզեցին, այլ յիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։ 12 Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրէնքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տէրն իր Հոգով՝ նախորդ մարգարէների միջոցով, ուստի մեծ բարկութիւն եղաւ Ամենակալ Տիրոջ կողմից։

13 «Եւ այնպէս պիտի լինի,

որ, օրինակ, ինչպէս մէկը խօսում, եւ նրան չեն լսում,

այնպէս էլ նրանք պիտի կանչեն, եւ ես չեմ լսելու նրանց»,

-ասում է Ամենակալ Տէրը։

14 «Նրանց պիտի ցրեմ բոլոր ազգերի մէջ, որոնց չեն ճանաչում,

եւ երկիրը պիտի աւերուի նրանցից յետոյ,

որովհետեւ ոչ ոք չի լինելու, որ դուրս ելնի եւ վերադառնայ։

Նրանք ընտրեալ երկիրը ապականութիւն դարձրին»։