Հին Կտակարան
Նոր Կտակարան
5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, …
5 Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ,
եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը,
2 տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղից
եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։
3 Նրանք պիտի զղջան իրենց մտքում
եւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն.
«Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ
եւ նախատինք էինք տալիս։
4 Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում,
իսկ նրա վախճանը՝ անարգանք։
5 Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝
դառնալով սրբերին վիճակակից։
6 Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից,
արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ,
եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։
7 Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ,
գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։
8 Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը,
եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։
9 Այդ ամէնն անցաւ ինչպէս ստուեր եւ թռաւ ինչպէս մարդու վաղանցուկ համբաւ,
10 ինչպէս ուռած ջրերը ճեղքող նաւ, որի անցնելուց յետոյ անհնարին է գտնել նրա հետքերը
եւ թողած շաւիղները ալիքների մէջ. 11 կամ՝ ինչպէս օդում ճախրող թռչունը,
որի ընթացքից չի մնում նշմարելի մի բան.
մագիլներով բախուելով եւ ճեղքելով թեթեւ հողմը,
նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ
եւ, թեւերը թափահարելով, սլանում դէպի առաջ.
դրանից յետոյ նրա սլացքից չի մնում եւ ոչ մի նշան.
12 կամ՝ ինչպէս դէպի նպատակակէտն արձակուած նետ,
որ թռչում է օդը ճեղքելով,
բայց օդը կրկին արագ իրար է գալիս,
եւ չգիտես, թէ նետը որտեղից անցաւ,
- 13 այդպէս էլ մենք. ծնուեցինք ու դադարեցինք գոյութիւն ունենալուց
14 եւ չկարողացանք առաքինութեան ոչ մի նշան ցոյց տալ,
այլ մաշուեցինք մեր իսկ չարիքների մէջ։
15 Արդարեւ, ամբարշտի յոյսը կորչում է ինչպէս քամուց բարձրացուած փոշի,
իբրեւ մրրիկից հալածուած մանրիկ եղեամ,
իբրեւ հողմից ցրուած ծուխ
կամ ինչպէս մէկ օրուայ հիւրի յիշատակ։
16 Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան.
նրանց վարձը Տիրոջից է,
եւ նրանց խնամքը Բարձրեալից։
17 Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն
արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը,
քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու։
18 Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ
եւ պիտի զինավառի իր արարածներին՝
թշնամիներից վրէժ լուծելու համար.
19 իբրեւ զրահ նա պիտի հագնի արդարութիւնը
եւ անաչառ դատաստանը իբրեւ սաղաւարտ պիտի դնի գլխին,
20 որպէս վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբութիւնը
21 եւ որպէս հատու սուսեր պիտի սրի բարկութիւնը։
Եւ Տիրոջ հետ միասին ու խառն,
աշխարհը պիտի պատերազմի անզգամների դէմ։
22 Ամպերից, ինչպէս լայնալիճ աղեղներից,
փայլակների կորովի նետեր պիտի տեղան
եւ թռչեն դէպի նպատակակէտը,
23 եւ բարկութիւնից, ինչպէս քարանետից, առատ կարկուտ պիտի թափուի,
ծովի ջրերը պիտի զայրագին յորդեն նրանց վրայ,
գետերը պիտի անխնայ ողողեն,
24 բուռն հողմը պիտի հարուածի նրանց դէմքին
եւ, ինչպէս մրրիկը, պիտի քշի նրանց։ Անօրէնութիւնը պիտի աւերի ողջ երկիրը,
եւ խարդախութիւնը պիտի կործանի բռնակալների գահերը։