Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԽՐԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ27 Շատերը մեղանչում են կայքի[††††††] համա…
ԽՐԱՏՆԵՐ ՓՈՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
27 Շատերը մեղանչում են կայքի[††††††] համար, եւ ով ուզում է շատացնել այն, դէմքը շրջում է։
2 Ինչպէս իրար կից քարերի միջեւ ցից է խփւում,
3 այնպէս էլ մեղքն է տեղ գտնում վաճառելու եւ գնելու միջեւ։
4 Եթէ մէկը նախանձախնդրութեամբ հաստատակամ չէ Տիրոջ երկիւղի մէջ, արագ կը կործանուի նրա տունը։
5 Մաղելիս մաղի մէջ աղբն է մնում, ինչպէս մարդու կղկղանքը՝ նրա մտքերի մէջ։
6 Բրուտի անօթները փորձւում են կրակի մէջ, իսկ մարդը փորձւում է իր խորհուրդների մէջ։
7 Ծառերի մշակութիւնը երեւում է նրա պտղից, ինչպէս խօսքից՝ մարդու սրտի խորհուրդները։
8 Մի՛ գովիր մարդուն նրա խօսելուց առաջ. այսպէս են փորձում մարդկանց։
9 Եթէ արդարութեան յետեւից գնաս, կը հասնես նրան, եւ այն կը հագնես իբրեւ փառքի զգեստ։
10 Թռչունները հանգստանում են իրենց նմանների մօտ, եւ ճշմարտութիւնը վերադառնում է իրեն փնտռողների մօտ։
11 Ինչպէս առիւծն է դարանակալ որսին, այնպէս էլ մեղքը՝ անիրաւութիւն անողին։
12 Բարեպաշտի զրոյցը յարատեւ իմաստութիւն է, իսկ անզգամը լուսնի պէս այլափոխւում է։
13 Խնայի՛ր ժամանակդ, երբ անմիտների մէջ ես, բայց տեւապէ՛ս մնա խելացիների հետ։
14 Յիմարների զրոյցները ձանձրալի են, եւ ծաղրելու համար նրանք պիտի մեղքեր գործեն։
15 Շատ երդուողի խօսքից ցցւում են լսողի մազերը,
իսկ նրանց վէճը ականջ է խլացնում։
16 Ամբարտաւանների վէճն արիւնահեղութիւնն է, եւ նրանց բամբասանքը ձանձրալի է լսել։
17 Ով յայտնում է գաղտնիքները, կորցնում է հաւատարմութիւնը եւ չի գտնի բարեկամ իր հոգու համար։
18 Երկա՛ր մնա բարեկամի մօտ եւ հաւատարի՛մ եղիր նրան.
19 իսկ եթէ յայտնես նրա գաղտնիքները, չես գնայ նրա յետեւից։
20 Ինչպէս մարդ կորցնում է իր թշնամուն, այնպէս կորցնում է մերձաւորի սէրը։
21 Ինչպէս թռչունին, որ քո ձեռքից բաց ես թողնում եւ էլ չես կարող բռնել, այնպէս էլ չես բռնի մերձաւորին, որին բաց ես թողնում։
22 Մի՛ գնա նրա յետեւից, քանզի նա հեռացաւ եւ այծեամի պէս փրկուեց որոգայթից։
23 Վէրքը կարելի է կապել, եւ հայհոյանքից յետոյ հաշտութիւն կայ։
24 Ով յայտնում է գաղտնիքները, նա կորցնում է հաշտութեան յոյսը։
ԵՐԿԱԿԻ ԼԵԶՈՒ
25 Ով ակնարկում է աչքով, չարիք է նիւթում, եւ ով տեսնում է այն, թող հեռու մնայ նրանից։
26 Քո աչքի առջեւ նա կը քաղցրացնի իր բերանը, կը զարմանայ քո խօսքի վրայ, իսկ յետոյ կը ծռի իր բերանը եւ քո խօսքը գայթակղութեան առարկայ կը դարձնի։
27 Շատ բան ատեցի, բայց ոչ մի բան այնպէս չեմ ատել, ինչպէս նրան. Տէրը նոյնպէս ատելու է նրան։
28 Ով քարը երկինք[‡‡‡‡‡‡] է նետում, այն իր գլխին կ’ընկնի. նենգաւոր մարդու հարուածները բացում են վէրքերը։
29 Ով հոր փորի, նրա մէջ կ’ընկնի, եւ ով որոգայթ լարի, կը բռնուի նրա մէջ։
30 Ով չարութիւն անի, կը գլորուի նրա մէջ եւ չի էլ իմանայ, թէ այն որտեղից հասաւ իրեն։
31 Ամբարտաւանների ծաղրն ու նախատինքը, նաեւ վրէժխնդրութիւնը առիւծի նման դարանակալ է նրանց։
32 Որոգայթով կը բռնուեն նրանք, ովքեր ուրախանում են բարեպաշտների անկումով. իրենց մահից առաջ հեծութիւնը պիտի մաշի նրանց։
33 Ոխը եւ բարկութիւնը նոյնպէս գարշելի են, եւ մեղաւոր մարդը ամուր կառչում է նրանցից։