Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՕԹՔ140 Սաղմոս Դաւթի1 Տէր, ձայն տուի քեզ, լսի՛ր ինձ եւ ո՛ւ…

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՕԹՔ

140 Սաղմոս Դաւթի

1 Տէր, ձայն տուի քեզ, լսի՛ր ինձ

եւ ո՛ւշ դարձրու աղօթքիս ձայնին,

երբ քեզ եմ կանչում։

2 Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղուի որպէս խունկ,

ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան պատարագ։

3 Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին,

եւ ամուր դուռ՝ իմ շրթներին,

4 որ սիրտս չհակուի չարութեան խօսքին՝

մեղքի պատճառ դառնալով անօրէնութիւն գործող մարդկանց նման.

ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցուի։

5 Թող արդարը խրատի ինձ ողորմութեամբ ու յանդիմանի,

բայց մեղաւորի իւղը թող գլուխս չօծի,

աղօթքս պիտի հակադրեմ նրա կամքին։

6 Նրանց դատաւորները կուլ գնացին ժայռի մօտ,

թող լսեն խօսքերն իմ, որ քաղցր են.

7 «Ինչպէս թանձր հողը, որ սփռուած է երկրի վրայ,

այնպէս պիտի ցրուեն նրանց ոսկորները դժոխքի մօտերքում»։

8 Տէ՛ր, Տէ՛ր, քեզ են ուղղուած աչքերն իմ,

յոյսս դրի քեզ վրայ,

մի՛ հանիր ինձնից իմ հոգին։

9 Պահպանի՛ր ինձ իմ դէմ լարուած թակարդից

եւ անօրէնութիւն գործողների գայթակղութիւնից։

Թող մեղաւորները նրա ցանցերն ընկնեն,

եւ միայն ես անցնեմ գնամ։