Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

4 Լաւ է անզաւակ լինել, բայց առաքինի, որովհետեւ առաքինի մարդու յիշատակ…

4 Լաւ է անզաւակ լինել, բայց առաքինի,

որովհետեւ առաքինի մարդու յիշատակն անմահութիւն է,

որ ճանաչւում է թէ՛ Աստծու կողմից եւ թէ՛ մարդկանց։

2 Առաքինութեանը հպուելիս՝ մարդիկ նմանւում են նրան,

հեռանալուց յետոյ՝ անձկագին փափագում։

Յաւիտենութեան մէջ նրանք, պսակաւորուած, պիտի ճեմեն

եւ տօնեն իրենց յաղթանակը՝

անթառամ նահատակութեան պատերազմում յաղթած լինելու համար։

3 Ամբարիշտների բազմածին զաւակները պիտանի չեն լինի,

փտած շիւերը խոր արմատներ չեն տայ,

եւ հաստատուն չի լինի խախուտ հիմքը։

4 Ու թէեւ միառժամանակ ճիւղերը կարող են բողբոջել,

բայց լինելով անկայուն հաստատուած՝ պիտի տարուբերուեն հողմից

եւ հողմի ուժով էլ պիտի արմատախիլ լինեն։

5 Արմատի շուրջն աճած թոյլ շիւերը պիտի կոտրատուեն,

ժամանակին չի հասունանալու նրանց պտուղը՝ ուտելու համար

եւ ոչ մի բանի պիտանի չի լինելու։

6 Ապօրինի անկողնուց ծնուած որդիները

դատաքննութեան ժամանակ իրենց ծնողների անբարոյականութեան վկաներն են լինելու,

7 իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կը գտնի։

8 Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում

եւ ո՛չ էլ ապրած տարիների թուով,

9 այլ մարդու համար իմաստութի՛ւնն է նրա ալեհերութիւնը,

եւ անարատ կեա՛նքն է նրա ծերութեան հասակը։

10 Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն,

Աստուած սիրեց նրան,

եւ նրան՝ իր կենդանութեան ժամանակ՝ մեղաւորների միջից փոխադրեց երկինք։

11 Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը,

կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին։ 12 Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց,

եւ ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։

13 Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում,

եւ որովհետեւ նրա հոգին ցանկալի էր Տիրոջը,

ուստի նա տագնապեց չարերի մէջ։ 14 Իսկ մարդիկ տեսան դա եւ չհասկացան,

ոչ էլ նոյնիսկ մտածեցին,

15 թէ Աստծու արդարութիւնը իր սրբերի վրայ է,

եւ նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից։

16 Հանգուցեալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին,

եւ վաղ հասունութեան հասած երիտասարդութիւնը դատապարտում է բազմամեայ անիրաւ ծերութիւնը։

17 Իմաստունի վախճանը տեսնում եւ չեն հասկանում,

թէ ինչ է խորհել Տէրը նրա մասին

եւ ինչից է զգուշացրել նրան։

18 Մարդիկ կը տեսնեն եւ կ’արհամարեն նրան,

մինչդեռ Տէրը պիտի ծիծաղի նրանց վրայ։

19 Եւ դրանից յետոյ նրանք պիտի լինեն անարգ կործանման եւ ամօթանքի մէջ՝

յաւիտենական մեռելների հետ,

որովհետեւ Տէրը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունջ մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչեւ որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջուեն ցաւերի մէջ.

եւ պիտի կորչի նրանց յիշատակը։

20 Իրենց կուտակած մեղքերից տագնապած՝

նրանք պիտի հասնեն դատաստանի օրուան,

եւ նրանց գործած անիրաւութիւնները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ։