Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԵՐԳ ԵՐԳՈՑԻՍՐԱՅԷԼԻ ՍՈՂՈՄՈՆ ԱՐՔԱՅԻ ԱՍԱԾ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸԱՌԱՋԻ…
ԵՐԳ ԵՐԳՈՑ
ԻՍՐԱՅԷԼԻ ՍՈՂՈՄՈՆ ԱՐՔԱՅԻ ԱՍԱԾ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆԸ
ԱՌԱՋԻՆ ԵՐԳ
Հարսն ասում է.
1Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով։
2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց,
եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից։
Քո անունը թափուած իւղ է անուշ.
սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ,
3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ։
Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»։
Հարսն օրիորդներին պատմում է, թէ Փեսան ինչ է շնորհել իրեն.
«Արքան ինձ իր սենեակը տարաւ»։
Հարսը պատմում է օրիորդներին, եւ նրանք ասում են.
«Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով,
եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»։
Օրիորդները Հարսին յայտնում են Փեսայի անունը.
«Արժանին սիրեց քեզ»։
Հարսն ասում է.
4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ,
ո՜վ Երուսաղէմի դուստրեր,
Կեդարի վրանների պէս
եւ Սողոմոնի խորանի նման։
5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել,
քանզի խէթ նայեց արեգակն ինձ։
Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»։ Հարսն ասում է Փեսային.
6 «Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում,
ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»։
ՄԱՐԴԸ
Փեսան ասում է հարսին.
7 «Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ,
թէ որտեղ կը գտնես ինձ,
գնա՛ հօտերի ոտնահետքերով
եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ։
8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»։
Օրիորդներն ասում են Հարսին.
9 «Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման,
եւ գեղեցիկ է քո պարանոցը,
ասես մանեակներով զարդարուած լինի։
10 Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս,
որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով,
11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»։
Հարսն ասում է իր եւ Փեսայի մասին.
12 «Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար,
որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ։
13 Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝
Ենգադդի այգիների մէջ»։
Փեսան ասում է Հարսին.
14 «Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի,
ի՜նչ գեղեցիկ ես.
քո աչքերը նման են աղաւնիների»։
Հարսն ասում է Փեսային.
15 «Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ,
եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ։
16 Մեր տան գերանները մայրիներ են,
եւ նոճիներ են մեր առաստաղները»։