Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

14 Ես յարաժամ պիտի յուսամ եւ աւելի ու աւելի պիտի օրհնեմ քեզ։ 15 Բերան…

14 Ես յարաժամ պիտի յուսամ

եւ աւելի ու աւելի պիտի օրհնեմ քեզ։

15 Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը,

եւ ես մատեանում արձանագրուած դրանց թիւը չպիտի խարդախեմ։

16 Ես պիտի մտնեմ Տիրոջ զօրութեան տակ

եւ պիտի յիշեմ քո արդարութիւնը միայն, Տէ՛ր։

17 Աստուա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկութիւնից ի վեր,

եւ այժմ էլ քո արդարութիւնը պիտի պատմեմ։

18 Մինչեւ իմ ալեւորութիւնն ու ծերութիւնը

ինձ մի՛ լքիր, Աստուա՛ծ իմ,

մինչեւ որ գալիք բոլոր սերունդներին պատմուի ուժը քո բազկի։

Քո զօրութիւնն ու արդարութիւնը հասնում են մինչեւ բարձունքները,

19 Նոյնպէս եւ քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստուած.

ո՞վ է քեզ նման։

20 Որքան էլ որ բազում նեղութիւն եւ չարչարանք ցոյց տուիր ինձ,

դարձեալ մխիթարեցիր ինձ եւ հանեցիր երկրի խոր անդունդներից։

21 Բազմապատկեցիր քո զօրութիւնը,

դարձեալ մխիթարեցիր ինձ եւ մի անգամ եւս հանեցիր երկրի խոր անդունդներից։

22 Եւ արդ, սաղմոսերգութեամբ գոհութիւն պիտի մատուցեմ քեզ,

ճշմարի՛տդ Աստուած.

պիտի օրհնութեամբ սաղմոս երգեմ քեզ, ո՛վ սուրբդ Իսրայէլի։

23 Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ,

եւ իմ հոգին, որը դո՛ւ փրկեցիր։

24 Ու լեզուս ամէն օր քո արդարութունից պիտի խօսի։

Իր ժամանակին պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն

իմ մասին չար խորհողները։

ԹՈՂ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆԻ ԹԱԳԱՒՈՐԻՆ

71 1 Սաղմոս Սողոմոնի համար.

2 Աստուա՛ծ, դատաստանդ արքայի՛ն տուր,

եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդո՛ւն,

որ քո ժողովրդին արդարութեամբ դատի

ու քո աղքատների իրաւունքը պահի։

3 Լեռները խաղաղութիւն կը բերեն ժողովրդին,

եւ բլուրներն՝ արդարութիւն։

4 Թող արքան իրաւունք տայ ժողովրդի աղքատներին,

պահպանի տնանկների որդիներին,

եւ ընկճի ամբարտաւաններին։

5 Նա թող ապրի ու մնայ որքան որ արեւը լինի,

լուսնից առաջ, սերնդից սերունդ։

6 Նա թող իջնի որպէս անձրեւ հնձած խոտի վրայ

եւ որպէս ցօղ՝ երկրի վրայ։

7 Նրա օրօք արդարութիւն եւ մեծ խաղաղութիւն թող տիրի,

մինչեւ լուսնի վախճանը։

8 Նա թող իշխի ծովից մինչեւ ծով,

եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի։

9 Հնդիկները ծնկի թող գան նրա առջեւ,

եւ նրա թշնամիները հող ուտեն։

10 Թարսիսի եւ կղզիների թագաւորները նուէրներ թող մատուցեն նրան,

Արաբիայի եւ Սաբայի արքաներն ընծաներ թող բերեն նրան։

11 Աշխարհի բոլոր թագաւորները թող խոնարհուեն նրա առաջ,

եւ բոլոր ազգերը թող ծառայեն նրան,

12 քանզի հզօրի ձեռքից նա փրկեց աղքատին՝

աղքատին ու տնանկին, որոնք օգնական չունեն։

13 Նա կը խղճայ աղքատին ու տնանկին,

եւ տնանկների հոգին կը փրկի։

14 Չար վաշխառուներից կ’ազատի նրանց։

Նրա անունը փառաւոր է նրանց առաջ։

15 Նա կ’ապրի, եւ արաբների ոսկին նրան պիտի տրուի։

Ամէն ժամ աղօթքի կը կանգնեն նրա առջեւ

եւ գիշեր-ցերեկ կ’օրհնեն նրան։

16 Ամբողջ երկրում եւ լեռների գագաթներին հաստատութիւն կը տիրի։

Նրա բերքի առատութիւնը Լիբանանից աւելի բարձր կը լինի,

Տիրոջ քաղաքում նա կը ծաղկի երկրի խոտի նման։

17 Տիրոջ անունը կ’օրհնուի յաւիտեան,

քանզի արեւից հին է անունը նրա։

Աշխարհի բոլոր ազգերը կ’օրհնեն նրան,

եւ բոլոր ժողովուրդները երանի կը տան նրան։

18 Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը,

որ միայն ինքն է սքանչելիքներ գործում։

19 Եւ օրհնեալ է յաւիտեան սուրբ անունը նրա փառքի,

թող նրա փառքով ողջ երկիրը լցուի.

թող լինի, թող լինի։