Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՏԷՐԸ՝ ՅԱՂԹԱԿԱՆ96 Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ երկիրը հաստատուեց1 Տէ…

ՏԷՐԸ՝ ՅԱՂԹԱԿԱՆ

96 Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ երկիրը հաստատուեց

1 Տէրը թագաւորեց, թող երկիրը ցնծայ,

թող ուրախ լինեն բազում կղզիները։

2 Ամպ եւ մէգ է շուրջը նրա,

իրաւունքով ու արդարութեամբ է հաստատուած աթոռը նրա։

3 Նրա առջեւից հուր պիտի ընթանայ,

այրելով իր շուրջն եղող թշնամիներին։

4 Նրա կայծակները երեւացին տիեզերքում,

երկիրը տեսաւ դրանք ու սասանուեց։

5 Լեռները մոմի պէս պիտի հալուեն Տիրոջ ներկայութիւնից,

ամբողջ երկիրը՝ Տիրոջ ներկայութիւնից։

6 Երկինքը պիտի պատմի արդարութիւնը նրա,

բոլոր ժողովուրդները տեսան փառքը նրա։

7 Թող խայտառակուեն բոլոր նրանք, ովքեր երկրպագում են կուռքերին,

եւ պարծենում իրենց արձաններով։

Նրա բոլոր հրեշտակները պիտի երկրպագեն իրեն,

8 քանզի լսեց եւ ուրախ եղաւ Սիոնը.

Յուդայի երկրի դուստրերը պիտի ցնծան

քո դատաստանների համար, Տէ՛ր։

9 Դու Բարձրեալ ես ողջ երկրի վրայ,

անչափ վեր եղար բոլոր կուռքերից։

10 Տիրո՛ջը սիրողներ, ատեցէ՛ք չարութիւնը.

Տէրը պահպանում է իր սրբերի հոգիները,

մեղաւորների ձեռքից փրկում է նրանց։

11 Արդարների համար լոյս ծագեց,

եւ սրտով շիտակների համար ուրախութիւն եղաւ։

12 Ցնծացէ՛ք, արդարնե՛ր, Տիրոջով,

գոհաբանեցէ՛ք յիշատակը նրա սրբութեան։