Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԱՂՕԹՔ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ9 Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ …
ԱՂՕԹՔ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
9 Ո՛վ իմ հայրերի Աստուած եւ Տէրդ ողորմութեան,
դու ես, որ քո խօսքով ստեղծեցիր բոլորին.
2 եւ քո իմաստութեամբ ձեւաւորեցիր մարդուն,
որ տիրի քո ստեղծած արարածներին,
3 սրբութեամբ ու արդարութեամբ կառավարի աշխարհը
եւ ուղիղ հոգով դատ ու դատաստան անի։
4 Տո՛ւր ինձ քեզ գահակից իմաստութիւնից
եւ խոտան մի՛ համարիր ինձ քո ծառաներից։
5 Արդարեւ, ես քո ծառան եմ եւ քո աղախնի որդին,
ես տկար մարդ եմ եւ կարճատեւ կեանքի տէր,
ես հասուն չեմ դատի ու օրէնքի իմացութեան մէջ։
6 Եւ եթէ նոյնիսկ որեւէ մէկը կարող է կատարեալ լինել մարդու որդիների մէջ,
բայց եթէ քո իմաստութիւնը հեռու է նրանից, նա ոչինչ պիտի համարուի։
7 Դու ինձ ընտրեցիր քո ժողովրդի թագաւոր
եւ քո տղաների եւ աղջիկների դատաւոր։
8 Դու ասացիր, որ ես տաճար շինեմ քո սուրբ լերան վրայ
եւ զոհասեղան՝ քո բնակութեան քաղաքում,
քո այն սուրբ խորանի նմանութեամբ,
որ սկզբից եւեթ, նախապէս, ինքդ պատրաստեցիր։
9 Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը,
քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը,
եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին
ու որն է քո պատուիրաններին համապատասխան։
10 Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից,
քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան,
որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ,
եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ,
11 քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին,
իմ գործերի մէջ ինձ կ’առաջնորդի զգաստութեամբ
եւ իր փառքով կը պահպանի ինձ,
12 իմ գործերն ընդունելի կը լինեն,
ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդին
եւ արժանի կը լինեմ իմ հօր գահին։
ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԱՐԴՈՒՆ
13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները,
եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը.
14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են,
իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։
15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին,
եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։
16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները
եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։
17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել,
եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս
եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։
18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները
սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ,
եւ փրկուեցին քո իմաստութեամբ։