Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ՀԱՄԱՆԻ ԵՒ ՄՈՒՐԹՔԷԻ ԲԱԽՈՒՄԸ3 Սրանից յետոյ այնպէս եղաւ, որ Արտաշէս արքա…

ՀԱՄԱՆԻ ԵՒ ՄՈՒՐԹՔԷԻ ԲԱԽՈՒՄԸ

3 Սրանից յետոյ այնպէս եղաւ, որ Արտաշէս արքան փառաւորեց Համանին՝ Դաթուբէի եւ նրա ընկերների հետ միասին. նրան բարձրացրեց առաջին աթոռին՝ իր բոլոր սիրելիներից աւելի։ 2 Բոլորը, ովքեր թագաւորի տանն էին, երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը հրամայել էր այդպէս անել։ Բայց Մուրթքէն նրան չէր երկրպագում։ 3 Թագաւորի մեծամեծները խօսեցին Մուրթքէի հետ ու ասացին. «Մուրթքէ՛, ինչո՞ւ ըստ թագաւորի հրամանի, չես երկրպագում Համանին»։ 4 Թէեւ նրանք ամէն օր այդ մասին խօսում էին նրա հետ, բայց նա չէր լսում նրանց. նրանք Համանի առջեւ ամբաստանեցին Մուրթքէին, թէ Մուրթքէն չի հնազանդւում արքայի հրամանին, որովհետեւ հրեայ է։ 5 Երբ Համանն իմացաւ, որ նա չի երկրպագում իրեն, շատ զայրացաւ. 6 նա մտածեց, թէ ինչպէս կորստեան մատնի Արտաշէս արքայի թագաւորութեան տակ եղած հրեաներին։ 7 Արտաշէսի թագաւորութեան տասներկուերորդ տարում խորհուրդ արեցին թուահամարի վիճակ գցելու. նա օրից օր ու ամսից ամիս վիճակ էր գցում, թէ ինչպէս մի օրում կորստեան մատնի Մուրթքէի ազգը. եւ վիճակն ընկաւ Ադար ամսի տասնչորսին։