Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՏՈԲԻԹԸ ԿՈՒՐԱՆՈՒՄ Է2 Պենտեկոստէի մեծ տօնին, որ եօթներորդ շաբաթուայ սու…
ՏՈԲԻԹԸ ԿՈՒՐԱՆՈՒՄ Է
2 Պենտեկոստէի մեծ տօնին, որ եօթներորդ շաբաթուայ սուրբ տօնն է, ինձ համար ճոխ ճաշ պատրաստեցին, եւ ես նստեցի ուտելու եւ խմելու։ 2 Իմ առջեւ բազմաթիւ խորտիկներ տեսայ եւ որդուս ասացի. «Գնա՛ եւ մեր աղքատ եղբայրներից ում գտնես՝ բե՛ր, իսկ ես կը սպասեմ քեզ»։ 3 Նա եկաւ եւ ասաց. «Հա՛յր, մեր ազգից մէկը, որի ոտքերը քայքայուած ու կոճերն ընկած են, այնտեղ՝ հրապարակում ընկած մեռած է»։ 4 Ես, քանի դեռ չէի ճաշել, գնացի, վերցրի նրան եւ արեգակի մայր մտնելուց առաջ բերի իմ տուն։ 5 Իսկ երեկոյեան լուացուեցի եւ տրտմութեամբ ուտում էի իմ հացը։ 6 Յիշեցի Ամոսի մարգարէութիւնը, թէ ինչպէս նա ասել էր. «Ձեր տօները սուգ կը դառնան, եւ ձեր բոլոր ուրախութիւնները՝ տրտմութիւն»։ Եւ ես դառնօրէն արտասուեցի։ 7 Երբ արեգակը մայր մտաւ, գերեզման փորեցի եւ թաղեցի նրան։ 8 Իսկ իմ մերձաւորները ծաղրում էին ինձ եւ ասում. «Այժմ էլ չի՞ վախենում այս գործերի պատճառով մեռնելուց, որովհետեւ դրա համար հալածուեց, եւ կրկին եկել՝ դիակներն է թաղում»։
9 Նոյն գիշերը, դիակը թաղելուց յետոյ, վերադարձայ եւ, պղծուած լինելով, պառկեցի գաւթի պատի մօտ. 10 երեսս էլ չծածկեցի։ 18 Չգիտէի, որ առաստաղին ճնճղուկներ էին նստած, ու բաց աչքերով վերեւ էի նայում, իսկ նրանց ձագերը տաք-տաք ծրտում էին աչքերիս մէջ. դրանից աչքերիս մէջ հատեր գոյացան։ Գնացի բժիշկների մօտ, բայց նրանք ինձ չօգնեցին։ Մինչեւ Ելիմադիա գնալս Աքիաքարոսն ինձ կերակրում էր իր ծախսով։ 19 Իսկ իմ կինն իր ձեռքով մանում ու գործում էր եւ տալիս գործատէրերին, 20 սրանք էլ տալիս էին նրա վարձը։ Մի անգամ էլ վարձից բացի նրան տուեցին նաեւ մի ուլ։ 21 Երբ նա եկաւ ինձ մօտ, սկսեց ինձ հետ վիճել. ես նրան ասացի. «Դու որտեղի՞ց բերեցիր այդ ուլը, մի՞թէ գողացուած է. տա՛ր, տո՛ւր իր տէրերին, որովհետեւ ինձ համար գողացուածը ուտելն օրէնք չէ»։ 22 Իսկ կինս ասաց. «Պատիւ արեցին ինձ՝ վարձիս հետ տուին»։ Բայց ես չհաւատացի նրան, այլ ստիպում էի ուլը տալ իր տէրերին։ Ես նրա կողմից ամօթանքի արժանացայ. նա ինձ ասաց. «Հիմա ո՞ւր են քո ողորմութիւններն ու արդարութիւնները, ահա թէ ինչպէ՜ս յայտնի եղան քեզ»։