Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԽՈՆԱՐՀ ԱՂԱՉԱՆՔ142 Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ նրան հալածեց իր որդի…

ԽՈՆԱՐՀ ԱՂԱՉԱՆՔ

142 Սաղմոս Դաւթի, այն ժամանակ, երբ նրան հալածեց իր որդի Աբիսողոմը

1 Տէ՛ր, լսի՛ր աղօթքն իմ,

քո ճշմարտութեամբ ակա՛նջ դիր իմ խնդրանքին,

քո արդարութեամբ լսի՛ր ինձ։

2 Ծառայիդ հետ դատաստան մի՛ տես,

քանզի ոչ մի կենդանի մարդ չի արդարանայ քո առջեւ։

3 Թշնամին հալածեց ինձ,

կեանքս հողին հաւասարեցրեց

եւ ինձ նստեցրեց խաւարի մէջ յաւիտեան մեռածի պէս։

4 Հոգիս տաղտկացաւ իմ ներսում,

եւ սիրտս խռովուեց իմ մէջ։

5 Յիշեցի օրերն առաջուայ,

մտաբերեցի բոլոր գործերը քո,

ձեռքերիդ ստեղծածների մասին խորհեցի։

6 Դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ.

հոգիս հողի պէս ծարաւի է քեզ։

7 Լսի՛ր ինձ փութով, Տէ՛ր,

քանզի շունչս պակասեց իմ ներսում,

մի՛ շրջիր երեսդ ինձնից,

որ չնմանուեմ գերեզման իջնողներին։

8 Առաւօտեան քո ողորմութիւնն ինձ լսելի՛ դարձրու,

քանզի, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի.

ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ,

քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։

9 Իմ թշնամիներից փրկի՛ր ինձ, Տէ՛ր,

քանզի քեզ իմ ապաւէնը դարձրի։

10 Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո,

քանզի դու ես Աստուածն իմ,

քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր։

11 Յանուն քո անուան, կեա՛նք տուր ինձ, Տէ՛ր,

քո արդարութեամբ նեղութիւնից հանի՛ր հոգին իմ։

12 Քո ողորմութեամբ կործանի՛ր իմ թշնամիներին,

կորստեա՛ն մատնիր բոլոր ինձ նեղողներին,

քանզի ես ծառան եմ քո։