Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԴԱՐԵՀԸ ԳՏՆՈՒՄ Է ԿԻՒՐՈՍԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ6Այն ժամանակ Դարեհ թագաւորը այցելե…

ԴԱՐԵՀԸ ԳՏՆՈՒՄ Է ԿԻՒՐՈՍԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

6Այն ժամանակ Դարեհ թագաւորը այցելեց թագաւորական մատենադարան, որը գտնւում էր Բաբելոնում, որոնումներ կատարեց գրաւոր յիշատակարաններում 2 եւ այնտեղ գտաւ տոմարական մի մատեան, որ գրուած էր եկբատանացիների Ամաթիստ քաղաքում, ուր կար այս յիշատակարանը.

3 «Կիւրոս թագաւորի առաջին տարի. Կիւրոս թագաւորը հրաման տուեց Տիրոջ տան մասին, որ գտնւում է Երուսաղէմում, եւ ասաց. “Թող Տիրոջ տաճարը կառուցուի այն տեղում, ուր զոհեր են մատուցում Տիրոջը։ Նրա բարձրութիւնը թող լինի վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ նոյնպէս վաթսուն կանգուն։ 4 Երեք շարք պատերը կը լինեն մեծ քարերից, մէկ շարքը՝ փայտից. տաճարը կը կառուցուի այդպէս եւ այդպէս էլ կ’աւարտուի այն։ 5 Տիրոջ տան արծաթէ եւ ոսկէ այն կայքն ու սպասքը, որ Նաբուքոդոնոսորը բերել է Երուսաղէմից՝ Տիրոջ տանից, եւ դրել Բաբելոնում, գանձատանը, թող հանեն եւ տանեն Երուսաղէմ՝ Տիրոջ տաճարը. թող տանեն եւ դնեն դրանք Տիրոջ տան մէջ իրենց տեղերը, ուր եղել են առաջ”»։

6 Այն ժամանակ Դարեհը հրաման տուեց գետի այն կողմերի իշխաններին՝ Սաթրաբուզանին եւ գետի կողմերի նրա ծառայակիցներին, նաեւ հեռաւոր տեղերի կառավարիչներին եւ նրանց գրեց այսպէս. 7 «Արդ, դուք այսուհետեւ թո՛յլ տուէք հրեաների իշխաններին եւ Իսրայէլի աւագներին, որ նրանք, իր առաջուայ տեղում, կառուցեն Աստծու տունը։ 8 Այս է իմ հրամանը. թող ոչ ոք չարգելի Իսրայէլի աւագներին շինելու իրենց Տէր Աստծու տունը, եւ Գետի կողմերի այն հարկահանները, որոնք իմ թագաւորութեան իշխանութեան տակ են, թող ամենայն ճշտութեամբ հոգան այդ մարդկանց ծախսերը եւ չխափանեն աշխատանքները։ 9 Երկնքի Տէր Աստծուն ողջակէզներ մատուցելու համար թող նրանց տան արջառներ, խոյեր եւ նոխազներ, ցորեն ու աղ, գինի ու ձէթ, ինչպէս նրանց կը հրամայեն Երուսաղէմի քահանայապետները. թող այդ բոլորը տրուեն նրանց օր-օրի, անխափան, ինչպէս կը պահանջեն նրանք։ 10 Թող նրանք անուշահոտ զոհեր մատուցեն երկնքի իրենց Տէր Աստծուն եւ աղօթեն թագաւորի եւ նրա որդիների կեանքի համար։ 11 Այս է, ահա, իմ հրամանը, եւ եթէ մէկը դէմ կանգնի իմ հրամանին, ապա նրա տունը կը քանդուի, նրա տանից կը հանուի մի գերան, նրան կը գամեն այդ գերանին, այն մարդուն, որ դէմ է կանգնել իմ հրամանին, եւ դա մշտական նախատինք կը լինի նրա համար։ 12 Եւ Աստուած, որի անունը դրուած է այնտեղ, Երուսաղէմում, կ’ելնի ու կը կործանի այն թագաւորութիւնն ու ժողովրդին, որոնք կը յանդգնեն իրենց ձեռքերը երկարել, արգելել եւ կործանել Աստծու տունը, որ գտնւում է Երուսաղէմում։ Ես՝ Դարեհ թագաւորը, հաստատեցի այս հրամանը, եւ թող ոչ ոք չհամարձակուի զանց առնել այն»։

13 Այն ժամանակ Գետի կողմերի իշխանը, Սաթրաբուզանը եւ նրա ծառայակիցները, որոնց Դարեհ թագաւորն ուղարկել էր իր հրամանը, անմիջապէս սկսեցին կատարել այն։ 14 Հրէաստանի աւագները եւ ղեւտացիները տաճարը կառուցեցին Անգէ եւ Ադդովի որդի Զաքարիա մարգարէների ժամանակներում, կառուցեցին եւ աւարտեցին Իսրայէլի Տէր Աստծու խօսքի համաձայն եւ այնպէս, ինչպէս հրամայել էին Կիւրոս եւ Դարեհ թագաւորները՝ Պարսկաստանի Արտաշէս արքայի թագաւորութեան ժամանակ։ 15 Տաճարի շինարարութիւնն աւարտուեց Ադար ամսի երրորդ օրը, Դարեհ արքայի թագաւորութեան վեցերորդ տարում։ 16 Իսրայէլի որդիները, քահանաներն ու ղեւտացիները եւ նրանք, որ վերադարձել էին գերութիւնից, մեծ ուրախութեամբ կատարեցին Տիրոջ տան նաւակատիքը։ 17 Տիրոջ տան նաւակատիքին նրանք մատուցեցին զոհեր՝ հարիւր արջառ, երկու հարիւր խոյ, չորս հարիւր գառ եւ բովանդակ Իսրայէլի մեղքերի թողութեան համարտասներկու նոխազ՝ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի համեմատ։ 18 Նրանք, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, ըստ իրենց տեղերի՝ կարգեցին քահանաներ եւ ըստ իրենց վիճակների՝ ղեւտացիներ, Երուսաղէմում Տէր Աստծուն ծառայելու համար. նրանց թիւը երկու հազար երկու հարիւր էր։

ՀՐԵԱՆԵՐԸ ՏՕՆՈՒՄ ԵՆ ԶԱՏԻԿԸ

19 Իսրայէլացիները, որոնք վերադարձել էին գերութիւնից, Տիրոջ զատիկը կատարեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։ 20 Քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին մեղքերից, մաքրուեցին նաեւ մարդիկ, եւ երբ բոլորն էլ մաքուր էին, մորթեցին զատկի զոհը գերութիւնից բոլոր վերադարձածների եւ իրենց եղբայրների ու քահանաների համար։ 21 Իսրայէլացիները կերան զատիկը բոլոր նրանց հետ, ովքեր զատուել էին այդ երկրի այլազգիների պղծութիւնից եւ եկել էին իրենց մօտ՝ Իսրայէլի Տէր Աստծուն փնտռելու համար։ 22 Եօթը օր նրանք կատարեցին Բաղարջակերաց տօնը, ուրախացան Երուսաղէմում, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը ուրախացրեց նրանց, Տէրը Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի իրենց, որպէսզի օգնէր եւ զօրացնէր նրանց ձեռքերը Իսրայէլի Տէր Աստծու տաճարը կառուցելու համար։