Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՓՈԽԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ29 Ով ողորմութիւն է անում, նա փոխ է տալիս մերձաւոր…
ՓՈԽԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
29 Ով ողորմութիւն է անում, նա փոխ է տալիս մերձաւորին։
2 Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատուիրանները։
3 Մերձաւորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խօսքդ, հաւատարի՛մ եղիր նրան եւ միշտ կը գտնես քեզ համար անհրաժեշտը։
4 Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին եւ դառնութիւն պատճառեցին իրենց օգնողներին։
5 Մինչեւ վերցնելը մարդ համբուրում է մերձաւորի ձեռքը եւ խոնարհ ձայնով է խօսում նրա ունեցուածքի մասին։
6 Վերադարձնելու ժամանակ նա կը յետաձգի ժամկէտը, ցաւալի խօսքեր կ’ասի եւ կը գանգատուի ժամանակից։
7 Եթէ փոխատուն կարողանայ տուածի հազիւ կէսը յետ առնել, ապա այն կը համարի գտած բան.
8 իսկ եթէ չկարողանայ, կը զրկուի իր ունեցուածքից եւ նրան զուր տեղը թշնամի կը դարձնի իրեն։
9 Սա էլ անէծք եւ բամբասանք կը հատուցի եւ պատիւ տալու փոխարէն կ’անարգի նրան։
10 Արդ, շատերը նման չարութեան պատճառով երես են թեքում եւ զգուշանում զուր տեղը զրկուել ունեցուածքից։
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
11 Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր եւ նրան մի՛ ուշացրու ողորմութիւնդ։
12 Ի սէր պատուիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարօտութեան եւ ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։
13 Արծաթը ծախսի՛ր եղբօր եւ բարեկամի վրայ եւ մի՛ թող որ ժանգոտուի քարի տակ ի կորուստ։
14 Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրեալի պատուիրանների, եւ դա քեզ օգուտ կը լինի ոսկուց աւելի։
15 Ողորմութի՛ւն հաւաքիր քո շտեմարաններում, եւ այն կը փրկի քեզ զանազան չարչարանքներից,
16 թշնամու դէմ կը ճակատի քեզ համար հզօր վահանից եւ ծանր նիզակից աւելի։
ԵՐԱՇԽԱՒՈՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19 Բարերար մարդը երաշխաւորում է իր մերձաւորին, իսկ ով կորցրել է ամօթը, կը թողնի նրան։
20 Մի՛ մոռացիր երաշխաւորողի շնորհը, քանզի նա իր անձը տուեց քեզ համար։
22 Մեղաւորը վատնում է իր երաշխաւորողի բարիքը, եւ սրտով երախտամոռը կը լքի իր փրկարարին։
24 Երաշխաւորութիւնը բազում յաջողակների կործանեց եւ նրանց ցնցեց ծովի ալիքների նման։
25 Հզօր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, եւ նրանք դեգերեցին օտար ազգերի մէջ։
26 Իր շահին հետամուտ մեղաւորը, որը երաշխաւոր է դառնում, դատաստանի մէջ կ’ընկնի։
27 Պաշտպա՛ն եղիր մերձաւորին ըստ քո կարողութեան եւ զգո՛յշ եղիր, որպէսզի չլինի թէ ծուղակ ընկնես։
ՊԱՆԴՈՒԽՏԻ ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ
28 Մարդու կեանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է եւ տունն է, ուր նա ծածկում է իր ամօթը։
29 Լաւ է աղքատի ապրուստը իր գերանապատ յարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը։
30 Գո՛հ եղիր թէ՛ շատից եւ թէ՛ քչից։
31 Թշուառ կեանք է տնից տուն փոխադրուելը. ուր պանդխտես՝ չես կարող բանալ բերանդ։
32 Հաց եւ ջուր կը տաս՝ շնորհակալութիւն չես ստանայ, եւ դեռ աւելին՝ այսպիսի բաներ կը լսես.
33 «Ե՛կ, օտարակա՛ն, սեղա՛ն պատրաստիր եւ, ինչ որ քո ձեռքին կայ, կերակրի՛ր ինձ։
34 Դո՛ւրս գնա տնից, օտարակա՛ն, պատուաւոր մարդ է հիւր եկել, իմ եղբայրը հիւր է եկել, տունը պէտք է ինձ»։
35 Այս բոլորը ծանր են այն մարդու համար, որ հոգի ունի, անարգուած ծառայ է եւ կրում է փոխատուի նախատինքը։