Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԱՆՑՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԾՈՎԻՑ19 Բայց անողորմ այդ բարկութիւնը ամբարիշտների վրայ …

ԱՆՑՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԾՈՎԻՑ

19 Բայց անողորմ այդ բարկութիւնը ամբարիշտների վրայ տարածուեց մինչեւ վերջ,

քանզի Տէրը գիտէր նրանց եւ նրանց կատարելիք գործերը.

2 թէեւ նրանք արձակեցին քո ժողովրդին եւ շտապ ճանապարհեցին,

սակայն փոքր-ինչ յետոյ զղջալով՝ սկսեցին հալածել,

3 որովհետեւ քանի դեռ նրանք իրենց սգի մէջ էին

եւ կոծում էին մահացածների գերեզմանների վրայ,

ուրիշ մի անմիտ խորհուրդ էլ յղացան.

նրանց, ում աղաչանքով ճանապարհել էին,

սկսեցին հետապնդել որպէս փախստականների։

4 Այդ տագնապը նրանց մղում էր դէպի այն վախճանը,

որին արժանի էին իրենք,

եւ այլեւս չէին մտաբերում անցեալի դէպքերը,

որպէսզի մնացած տանջանքների պատիժները եւս իրենց լրումին հասնէին,

5 քո ժողովուրդը գնար նոր ու սքանչելի ճանապարհով,

եւ իր որդիները փառաւոր մահ գտնէին,

6 որովհետեւ արարածներից իւրաքանչիւրը վերստին պիտի նորոգուէր ըստ իր բնութեան՝

հնազանդուելով քո հրամաններին։

7 Եւ որպէսզի քո որդիներն անվնաս մնային,

ամպը պիտի ծածկէր բանակը, ջուրը պիտի ցամաքէր,

նրա տակից հողի յատակը երեւար,

Կարմիր ծովի մէջ պիտի բացուէր անխափան մի ճանապարհ,

իսկ յորդ ջրերի յորձապտոյտներից՝ ծաղկաւէտ մի դաշտ։

8 Քո ձեռքի հովանու ներքոյ նրանք միահամուռ անցան այդտեղից՝

տեսնելով քո սքանչելի գործերը։

9 Նրանք կերակրուեցին ձիերի նման եւ խայտացին գառների պէս՝

օրհնելով քեզ, Տէ՛ր, որ փրկեցիր իրենց։

10 Նրանք տակաւին յիշում էին այն դէպքերը,

որ տեղի ունեցան իրենց պանդխտութեան ժամանակ.

թէ ինչպէս անասունների ծնունդների փոխարէն հողը խայթող մոծակներ դուրս բերեց,

իսկ գետը ջրային էակների փոխարէն՝ գորտերի բազմութիւն։

11 Յետոյ նաեւ թռչունի նոր տեսակի ծնունդ տեսան,

երբ կերակրուելու ցանկութեամբ տենչալի խորտիկներ խնդրեցին։

12 Նրանց համար, որպէս մխիթարութիւն, ծովից լորամարգիներ ելան,

իսկ մեղաւորներին, ոչ առանց կանխերեւ հրաշքների,

պատիժներ հասան բուռն բարկութեան կայծակների տեսքով.

եւ նրանք արդարացի չարչարանք կրեցին իրենց չարութեան համապատասխան,

որովհետեւ խիստ օտարատեաց էին։

ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ. ԱՏԵԼՈՒԹԻՒՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ

13 Ոմանք եկուոր անծանօթներին չէին ընդունում,

իսկ ոմանք էլ բարեգործ հիւրերին ստիպում էին ծառայել իրենց։

14 Եւ ոչ միայն այսքանը,

այլեւ դատաստան է լինելու նրանց համար,

ովքեր ատելութեամբ էին ընդունում օտարներին։

15 Չէ՞ որ նրանք տօնական խնդութեամբ օտարականներին ընդունելուց յետոյ

անտանելի վիշտ ու չարչարանքներ պատճառեցին նրանց,

մինչդեռ սկզբի օրերին հաւասարներ էին միմեանց։

16 Դրա համար էլ կուրութիւնը հարուածեց նրանց,

ինչպէս մի ժամանակ այն մարդկանց, որ կանգնել էին արդարի դռանը.

նրանց պատեց անշող ու անփարատ խաւարը,

եւ նրանցից ամէն մէկն իր դռան ելքն էր փնտռում։

ԱՍՏՈՒԱԾ ՄԻ ՆՈՐ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՐԱՐԻՉ

17 Այսպէս ամէն ինչ ըստ պատշաճի փոխեց իր բնութիւնը,

ինչպէս նուագարանի իւրաքանչիւր եղանակն է փոխում իր բնոյթը,

սակայն միշտ նուագի նոյն հնչիւններն են մնում՝

ստեղծուած նոյն ձայնեղանակի համար։

Այս բանը ճշմարտօրէն կարելի է նկատել գոյերի փոփոխութիւնից։

18 Չէ՞ որ ցամաքային կենդանիները տեղափոխւում էին ջրերի մէջ,

իսկ ջրային կենդանիները վերադառնում էին ցամաք։

19 Կրակն իր զօրութեամբ յաղթում էր ջրին,

իսկ ջուրը մոռանում էր իր մարիչ բնութիւնը։

20 Բոցերը չէին այրում-սպառում թափառող անասունների դիւրավառ մարմինները

եւ ոչ էլ հալում էին սառցանման եւ դիւրահալ անուշ կերակրի տեսակը։

ՆԵՐԲՈՂ-ՎԵՐՋԱԲԱՆ

21 Արդարեւ, ամէն ինչում դու բարձրացրիր եւ փառաւորեցիր քո ժողովրդին, Տէ՛ր,

եւ ամէն ժամ ու ամենուրեք անտես չարեցիր նրան քո պաշտպանութեամբ։