Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸՆԱՄԱԿՆԵՐ ՈՒՂՂՈՒԱԾ ԵԳԻՊՏՈՍԻ ՀՐԵԱՆԵՐԻՆԱՌԱՋԻ…
ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
ՆԱՄԱԿՆԵՐ ՈՒՂՂՈՒԱԾ ԵԳԻՊՏՈՍԻ ՀՐԵԱՆԵՐԻՆ
ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿ
1 «Եգիպտոսի կողմերում ապրող հրեայ եղբայրներին ողջո՜յն Երուսաղէմի ու Հրէաստանի հրեայ եղբայրներից։ 2 Աստուած թող ձեզ յարատեւ խաղաղութիւն պարգեւի, յիշի իր հաւատարիմ ծառաներ Աբրահամի, Իսահակի ու Յակոբի հետ կնքած ուխտը, 3 ձեզ տայ սիրտ, որ ըստ ամենայնի պաշտէք իրեն, յօժարակամ ու սրտանց կատարէք նրա կամքը, 4 իր օրէնքների ու հրամանների համար բաց անէք ձեր աչքերն ու ձեր սրտի ականջները, խաղաղութիւն հաստատէք, եւ նա էլ լսի ձեր խնդրանքները, 5 բարեհաճ լինի ձեր նկատմամբ, ձեզ չլքի նեղութեան ժամանակ։ 6 Ահա այժմ մենք աղօթում ենք ձեզ համար։
7 Դեմետրիոսի թագաւորութեան օրօք, հարիւր վաթսունինը թուականին մենք՝ հրեաներս, գրեցինք եւ ուղարկեցինք ձեզ այս աղօթքը այն ժամանակ, երբ նեղութիւն է հասել մեզ վրայ, այն ժամանակ, երբ Յասոնն ու նրա հետ եղածները հրաժարուել են սուրբ հողից ու թագաւորութիւնից, 8 կրակի մատնել տաճարի դարպասը, անմեղ արիւն թափել։ Այս աղօթքը մենք մատուցեցինք Տիրոջը, եւ նա լսեց մեզ. մենք ուխտ կատարեցինք, մատուցեցինք խունկ ու ընտիր ալիւրի ընծաներ եւ ամենօրեայ հաց։ 9 Արդ, Տաղաւարահարաց տօնը կատարեցէ՛ք Քասղեւ ամսին։ 10 Սա գրուեց հարիւր ութսունութ թուականին»։
ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿ
«Երուսաղէմացիները, Հրէաստանի ծերակոյտը եւ Յուդան ողջունում են ու խաղաղութիւն մաղթում Պտղոմէոս արքայի դաստիարակ Արիստաբուլոսին, որ օծուած քահանաների ցեղից է, ինչպէս նաեւ Եգիպտոսի կողմերում ապրող հրեաներին։ 11 Մենք՝ Աստծու շնորհիւ մեծամեծ փորձութիւններից փրկուածներս, չափազանց գոհ ենք նրանից, որովհետեւ մենք թէեւ թագաւորի դէմ պատերազմելու պատրաստութիւն էինք տեսել, բայց նա ինքը հետապնդեց նրանց, 12 ովքեր եկել, շրջափակել ու պաշարուած էին պահել սուրբ քաղաքը, 13 որովհետեւ երբ Ատիոքոս թագաւորն ինքը անթիւ-անհամար զօրքերով յարձակուել էր պարսից կողմերի վրայ, նրանք ընկել-կոտորուել էին Նանէի տաճարի շուրջը, նրանց դէմ խորամանկ դաւ էին լարել Նանէի տաճարի քրմերը, 14 իբր Անտիոքոսն ինքը եկել էր այդտեղ, երբ ուզում էր բնակուել այդտեղ, իսկ իր հետ եղած բարեկամները մտադրուել էին այդտեղի բոլոր գանձերը վերցնել իբրեւ օժիտ։ 15 Տաճարի քրմերը բոլոր գանձերը դրել էին նրա առաջ, եւ նա համաձայնել էր ներս մտնել սակաւաթիւ մարդկանցով։ Երբ նա հասած է եղել սրահի մէջտեղը, յանկարծ փակել են պարսպի արտաքին դարպասները, որտեղից մտած է եղել Անտիոքոսը, 16 բացել են առաստաղի տակ գտնուող գաղտնի պատուհանները եւ սկսել այնտեղից մեծ-մեծ քարեր նետել եւ տեղնուտեղը սպանել են առաջնորդին ու զինուորներին։ Ներսում նրանց կտոր-կտոր անելուց յետոյ կտրել են նրանց գլուխները եւ պարսպից շպրտել զօրքերի մէջ։ 17 Այս ամենի համար օրհնեալ է ամբարիշտներին պատժող Աստուածը։
18 Արդ, երբ ուզեցինք Քասղեւ ամսի քսանհինգին մաքրել տաճարը, յարմար գտանք այդ մասին յայտնել նաեւ ձեզ, որպէսզի դուք եւս կատարէք Տաղաւարահարաց ու կրարի տօնը այնպէս, ինչպէս Նէեմին, որը տաճարն ու սեղանը կառուցելուց յետոյ այնտեղ զոհեր էր մատուցում։
19 Երբ մեր հայրերին քշում էին պարսից կողմերը, կրօնասէր քահանաները զոհասեղանից գաղտնի կրակ վերցրին եւ տարան թաքցրին մի անջուր ջրհորի խորշերում։ Այդ տեղը զգուշութեամբ քօղարկեցին այնպէս, որ այդ վայրն աննկատ մնայ։ 20 Շատ տարիներ յետոյ, Աստծու կամեցողութեամբ, պարսից արքայի հրամանով Նէեմին կրակի յետեւից ուղարկեց այն քահանայապետերի թոռներին, որոնք պահել թաքցրել էին կրակը, որպէսզի յետ բերեն այն։ Նրանք եկան, պատմեցին ու ասացին. “Մենք այնտեղ կրակ չենք գտել, այլ միայն՝ լճացած ջուր”։ 21 Դրանից յետոյ նա նրանց հրաման տուեց գնալ, հաւաքել ջուրն ու բերել։ Երբ հասաւ ողջակէզներ մատուցելու ժամանակը, Նէեմի քահանայապետը հրաման տուեց, որ այդ ջուրը շաղ տան փայտերի ու ողջակէզների վրայ։ 22 Երբ դա արեցին, անցաւ մի փոքր ժամանակ, արեգակը շառագոյն շողեր արձակեց դրա վրայ, եւ կրակի բոցեր ելան սեղանի վրայի փայտերից ու լափեցին ողջակէզները, այնպէս որ բոլորը սքանչացան։ 23 Քահանաները ձայնակցեցին իրար եւ սկսեցին օրհնել, քանի դեռ ողջակէզներն այրւում էին։ Յովնաթանն առաջ ինքը սկսեց, իսկ Նէեմին եւ միւսները նրա յետեւից ձայնակցում էին։ Աղօթքն այսպիսին էր.
24 Տէ՛ր, բոլոր արարածների Տէ՛ր Աստուած, ահեղ, հզօր, ճշմարիտ, արդար եւ ողորմած, դու ես միակ թագաւորը, որ քաղցր ես, 25 դու ես, որ բոլորին մատակարարում ես ամէն ինչ, դու ես միայն արդար եւ ճշմարիտ, դու ես յաւիտենապէս Ամենազօրը, որ Իսրայէլը փրկում ես բոլոր պատուհասներից։ Դու ես, որ հայրերին ընտրեալներ դարձրիր եւ սրբագործեցիր նրանց։ 26 Յանուն քո ամբողջ ժողովրդի ընդունի՛ր այս զոհերը եւ պահի՛ր ու պահպանի՛ր քո ժառանգութիւնը։ 27 Սրբագործի՛ր ու հաւաքի՛ր ցրուած մեր գերիներին, ազատի՛ր նրանց, որ անարգ ու պիղծ մարդկանց ծառայութեան տակ են, նայի՛ր քո ծառաներին, որպէսզի թշնամիներն իմանան, թէ դու ես մեր Աստուածը։ 28 Քո հարուածներն իջեցրո՛ւ պիղծ ու անարգ հեթանոսների գլխին, որոնք մեզ հետ ամբարտաւանօրէն են վարւում։ 29 Քո ժողովրդին բեր հասցրո՛ւ քո սրբավայրը, ինչպէս ասել է Մովսէսը։
30 Քահանաներն իրենց օրհնութիւնն էին մատուցում, 31 իսկ ողջակէզները տակաւին այրւում մոխրանում էին։ Երբ զոհաբերութիւնն աւարտուեց, Նէեմին հրամայեց մնացած ջուրը շաղ տալ քարերի վրայ։ 32 Երբ դա կատարեցին, բոցն աւելի բորբոքուեց։ Երբ բոցի լեզուները բարձրացան, զոհասեղանի կրակն աւելի բորբոքուեց ու մոխրացաւ այն ամէնը, ինչ դեռեւս մնացել էր։ 33 Երբ այս հրաշքը բացայայտ երեւաց բոլորին, ու այս դէպքը յայտնեցին թագաւորին, թէ այն վայրում, ուր գերի քահանաները կրակն էին թաքցրել, ջուր է բխել, եւ Նէեմին ու նրա մօտ գտնուող քահանաները դրանով են ողջակէզները սրբագործել։ 34 Երբ թագաւորը վերահասու եղաւ այս դէպքերին, հրամայեց շուրջանակի փակել այդ վայրը եւ տաճար կառուցել։ 35 Երբ թագաւորը կամենում էր որեւէ մէկին մեծարել, ապա տալիս էր այն պարգեւներից, որ իրեն էին մատուցում։ 36 Նէեմիի մօտ գտնուողներն այդ վայրը անուանեցին Նեփթէ, որ թարգմանաբար նշանակում է սրբագործող։ Շատերն էլ դրան Եփրաթա անունն են տալիս»։