Հին Կտակարան
Նոր Կտակարան
17 Տէրը մարդուն ստեղծեց հողից եւ դարձեալ նրան վերադարձրեց հողին։ 2 Նա…
17 Տէրը մարդուն ստեղծեց հողից եւ դարձեալ նրան վերադարձրեց հողին։
2 Նա մարդկանց տուեց հաշուած օրեր ու ժամանակներ եւ նրանց իշխանութիւն տուեց այն ամենի վրայ, ինչ կայ երկրում։
3 Ըստ իրենց բնոյթի, զօրութեամբ զգեստաւորեց նրանց եւ ըստ իր պատկերի, արարեց նրանց։
4 Մարդու ահը դրեց ամէն կենդանի էակի վրայ՝ տիրելու համար գազաններին եւ թռչուններին։
5 Մարդկանց միտք, լեզու, աչք, ականջ եւ սիրտ տուեց՝ դրանցով իմացութիւն ստանալու համար։
6 Նրանց լցրեց գիտութեան հանճարով եւ նրանց ցոյց տուեց չարն ու բարին։
7 Իր աչքը դրեց նրանց սրտի մէջ՝ ցոյց տալու համար նրանց իր գործերի մեծութիւնը, որպէսզի օրհնեն իր սուրբ անունը.
8 նաեւ, որպէսզի պատմեն իր գործերի մեծութիւնը։
9 Աւելացրեց նրանց գիտութիւնը եւ նրանց ժառանգութիւն տուեց կեանքի օրէնքը։
10 Յաւիտենական ուխտ հաստատեց նրանց հետ եւ իր դատաստանները ցոյց տուեց նրանց։
11 Նրանց աչքը տեսաւ նրա փառքի մեծութիւնը, եւ նրանց ականջը լսեց նրա ձայնի փառքը։ Տէրը նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք ամէն մի անիրաւութիւնից»։
12 Նա նրանցից իւրաքանչիւրին պատուիրեց հոգ տանել մերձաւորին։
13 Նրանց ճանապարհները միշտ նրա առջեւ են եւ չեն վրիպում նրա հայեացքից։
14 Իւրաքանչիւր ազգի համար առաջնորդ կարգեց, բայց Տիրոջ բաժինը Իսրայէլն է։
16 Նրանց բոլոր գործերը արեգակի նման նրա առջեւ են, եւ նրա աչքը միշտ նրանց ճանապարհի վրայ է։
17 Նրանց անիրաւութիւնները չծածկուեցին նրանից, նրանց բոլոր մեղքերը Տիրոջ առջեւ են։
18 Մարդու ողորմածութիւնը կնիք է նրա համար, եւ մարդու շնորհները նա պահպանելու է բիբի նման։
19 Սրանից յետոյ Տէրը պիտի ելնի ու հատուցի նրանց եւ նրանց արածների փոխարէնը պիտի բերի իրենց գլխին։
20 Սակայն ապաշխարողներին նա վերստին դարձի է բերում եւ մխիթարում նրանց, որոնց համբերութիւնը նուազել էր։
21 Դարձի՛ր դէպի Տէրը եւ թո՛ղ մեղքերդ։
ԿՈՉ ՏԻՐՈՋԸ ԴԱՌՆԱԼՈՒ
22 Աղերսի՛ր նրա առջեւ, եւ նա կը նուազեցնի յանցանքներդ։
23 Դարձի՛ր դէպի Բարձրեալը, յե՛տ դարձի՛ր անիրաւութիւնից եւ խի՛ստ ատիր գարշութիւնը։
25 Բարձրեալին ո՞վ գոհութիւն կը տայ գերեզմանում նրանց փոխարէն, ովքեր ողջ են եւ գոհութիւն են տալիս նրան։
26 Մեռեալից, իբրեւ անգոյից, կորած է փառաբանութիւնը։ Կենդանի եւ ողջ մարդը միայն կը գովի Տիրոջը։
27 Որքան մեծ է Տիրոջ ողորմութիւնը,
28 նոյնքան էլ՝ քաւութիւնը նրանց նկատմամբ, ովքեր դառնում են դէպի Տէրը։
29 Ամէն ինչ չէ, որ մարդ կարող է անել, քանզի մարդու որդին անմահ չէ։
30 Ի՞նչն է աւելի լուսաւոր, քան արեգակը, բայց նա էլ է նուազում. մարդու մարմինն ու արիւնը չարի մասին են մտածում։
31 Տէրն ինքն է հետեւում երկնքի բարձր զօրքերին. բոլոր մարդիկ հող եւ մոխիր են։