Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹԻՒՆ4 Որդեա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին եւ թոյլ…

ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹԻՒՆ

4 Որդեա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին եւ թոյլ մի՛ տուր, որ տուայտեն կարօտեալների աչքերը։

2 Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու եւ մի՛ զայրացրու մարդուն նրա չքաւորութեան մէջ։

3 Մի՛ խռովի՛ր արդէն նեղուած սիրտը եւ մի՛ դանդաղիր օգնել կարօտեալներին։

4 Մի՛ մերժիր նեղութեան մէջ եղողի պաղատանքը եւ քո երեսը մի՛ դարձրու տնանկից։

5 Քո հայեացքը մի՛ շրջիր կարօտեալից եւ առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ,

6 քանզի երբ նա իր հոգու դառնութեան պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կը լսի Տէրը։

7 Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին եւ քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջեւ։

8 Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին եւ խաղաղ հեզութեամբ պատասխա՛ն տուր նրան։

9 Զրկուածին փրկի՛ր հզօրի ձեռքից եւ կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։

10 Որբերի համար եղիր ինչպէս հայր եւ նրանց մօր հանդէպ՝ որպէս ամուսին,

11 եւ դու կը լինես Բարձրեալի որդու նման, որը քեզ աւելի կը սիրի, քան քո մայրը։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐԵԱԼ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ

12 Իմաստութիւնը բարձրացնում է իր որդիներին եւ պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։

13 Ով սիրում է նրան, կեա՛նքն է սիրում, եւ ովքեր առաւօտից շտապում են դէպի նա, ուրախութեամբ պիտի լցուեն։

14 Ով ունի այն, փառք պիտի ժառանգի, եւ ուր որ մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը։

15 Ովքեր երկրպագում են նրան, ծառայում են սրբութեանը, եւ Տէրը սիրում է այն սիրողներին։

16 Ով լսում է նրան, դատելու է ազգերին, եւ ով իր մտքի մէջ դնի այն, կ’ապրի յուսով։

17 Ով հաւատայ, կը ժառանգի այն, եւ երբ վրայ հասնի չարութիւնը, նրա սերունդը կը յարատեւի։

18 Սկզբից իմաստութիւնը կը գնայ այդ սերնդի հետ սայթաքուն ճանապարհներով,

19 երկիւղ եւ վստահութիւն կը բերի նրան եւ նրան փորձութեան կը մատնի իր խրատով, մինչեւ որ վստահի նրա անձին եւ նրան փորձի իր հրահանգներով։

20 Ապա դարձեալ ընդառաջ դուրս կը գայ նրան, ուղիղ ճանապարհի վրայ, կ’ուրախացնի նրան, եւ իր գաղտնիքները նրան կը յայտնի։

22 Բայց եթէ մոլորուի, կը թողնի նրան եւ կը մատնի նրան իր իսկ գլորմանը։

ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԱՄՕԹ

23 Առժամանակ դանդաղի՛ր եւ զգո՛յշ եղիր չարից,

24 եւ դու քո անձի համար ամօթահար չես լինի,

25 քանզի ամօթ կայ, որ դէպի մեղք է տանում, ամօթ էլ կայ, որ փառք է եւ շնորհ։

26 Մի՛ եղիր աչառու հակառակ քո անձի եւ մի՛ ամաչիր ի վնաս քեզ։

28 Նեղութեան պահին խօսքը մի՛ արգելիր, քանզի ասուածից է ճանաչւում իմաստութիւնը, եւ խրատը՝ լեզուի խօսքերից։

30 Մի՛ եղիր ընդդէմ ճշմարտութեան եւ ամաչի՛ր քո անարժանութեան համար։

32 Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, մի՛ ենթարկիր քո անձը յիմարին,

33 մի՛ ակնածիր հզօրից, մինչեւ մահ պայքարի՛ր յանուն ճշմարտութեան, եւ Տէր Աստուած կը պայքարի քեզ հետ։

34 Մի՛ եղիր յանդուգն քո լեզուով եւ ծոյլ ու դանդաղկոտ՝ քո գործերում։

35 Մի՛ եղիր քո տան մէջ առիւծի պէս եւ դաժան՝ քո ծառաների հանդէպ։

36 Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար եւ փակ՝ տալու ժամանակ։