Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԽՐԱՏ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ25 Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տի…
ԽՐԱՏ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
25 Երեք բանով գեղեցկացայ եւ վայելուչ երեւացի Տիրոջ եւ մարդկանց առջեւ։
2 Դրանք են՝ եղբայրների միաբանութիւնը, մերձաւորների սէրը եւ՝ երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։
3 Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց եւ խիստ գարշեց նրանց կեանքից։
4 Դրանք են՝ հպարտ աղքատը, ստախօս հարուստը եւ վաւաշոտ ու պակասամիտ ծերը։
5 Եթէ պատանեկութեանդ ժամանակ չհաւաքեցիր, ինչպէ՞ս կը գտնես ծերութեանդ ժամանակ։
6 Որքա՜ն պատշաճ է ալեհեր մարդուն՝ դատելը եւ ծերերին՝ խորհուրդ տալը։
7 Որքա՜ն գեղեցիկ է ծերերի իմաստութիւնը եւ պատուաւոր մարդկանց իմացութիւնն ու խորհուրդը։
8 Ծերերի պսակը բազմահմտութիւնն է եւ նրանց պարծանքը՝ երկիւղը Տիրոջից։
9 Ինը խորհրդի եմ երանի տալիս իմ մտքում, իսկ տասներորդը կ’ասեմ լեզուով։
10 Դա այն մարդն է, որ ուրախ է որդիներով եւ իր կենդանութեան ժամանակ տեսնում է թշնամիների կործանումը։
11 Երանի՜ նրան, ով ապրում է իմաստուն կնոջ հետ, իր լեզուով չի սխալւում եւ չի ծառայում մէկին, որ անարժան է իրեն։
12 Երանի՜ նրան, ով իմաստութիւն գտաւ եւ այն կը պատմի լսողների ականջին։
13 Որքա՜ն մեծ է նա, ով իմաստութիւն է գտել, բայց նա աւելի մեծ չէ, քան նա, ով երկիւղ է կրում Տիրոջից։
14 Երկիւղը Տիրոջից գերազանցում է ամէն բան։
16 Եւ ով ունի այն, ո՞ւմ կարելի է նմանեցնել։
18 Կարելի է տանել ամէն տեսակ վէրք, բայց ոչ՝ սրտի վէրքը,
19 ամէն տեսակ չարութիւն, բայց ոչ՝ կնոջ չարութիւնը,
20 ամէն տեսակ հարուած, բայց ոչ՝ ատելիների հարուածը,
21 ամէն տեսակ վրէժ, բայց ոչ՝ թշնամիների վրէժը։
22 Օձի գլխից չար գլուխ չկայ եւ ոչ էլ թշնամու ցասումից աւելի մեծ ցասում։
ՉԱՐ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
23 Նախընտրեցի բնակուել առիւծի եւ վիշապի հետ, քան ապրել չար կնոջ հետ։
24 Կնոջ չարութիւնը այլափոխում է նրա տեսքը եւ քուրձի նման սեւացնում նրա երեսը։
25 Նրա ամուսինը կը նստի իր ընկերների հետ եւ, լսելով, հոգոց կը հանի։
26 Ամէն տեսակ չարութիւն փոքր է կնոջ չարութեան մօտ. թող նրան ընկնի մեղաւորի վիճակը։
27 Աւազուտ զառիվերը ծերունու ոտքերի տակ նոյնն է, ինչ հեզ ամուսնու համար լեզուանի կինը։
28 Մի՛ նայիր կնոջ գեղեցկութեանը եւ մի՛ փափագիր։
29 Բարկութիւն է, լրբութիւն եւ մեծ ամօթ,
30 եթէ կինն է ամուսնուն հրամայողը։
31 Թշուառացած սիրտ, խոժոռ դէմք եւ սրտի վէրք է չար կինը։
32 Թուլացած ձեռք եւ կթոտած ծունկ է այն կինը, որ երանի չի տալիս[‡‡‡‡‡] իր ամուսնուն։
33 Մեղքի սկիզբը կնոջից է, եւ նրա պատճառով ենք մեռնում բոլորս։
34 Ելք մի՛ տուր ջրին եւ չար կնոջ համարձակութեանը. եթէ նա չի գնում ըստ քո ձեռքի ցոյց տուած ուղղութեան, կտրի՛ր քո մարմնից եւ հեռո՛ւ նետիր նրան։