Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԾՈՅԼԻ ՄԱՍԻՆ22 Ծոյլը նման է շաղախուած կղկղանքի. ամէն ոք զզուանքով կը թ…

ԾՈՅԼԻ ՄԱՍԻՆ

22 Ծոյլը նման է շաղախուած կղկղանքի. ամէն ոք զզուանքով կը թքի նրա վրայ։

2 Ծոյլը հաւասար է աղբի եւ թրիքի. ամէն ոք, ով այն վերցնի, թափ կը տայ իր ձեռքը։

ՎԱՏԱԲԱՐՈՅ ԶԱՒԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

3 Անդաստիարակ որդու ծնունդը հօր ամօթն է, իսկ դստեր ծնունդը՝ նրա նուաստացումը։

4 Ողջախոհ դուստրն իր ամուսինը կ’ունենայ, իսկ անամօթը տրտմութիւն է ծնողների համար։

5 Անառակը ամօթով կը թողնի իր հօրն ու մօրը[‡‡‡] եւ երկուսից էլ կ’անարգուի։

6 Տարադէպ պատմութիւնը նոյնն է, ինչ որ երաժշտութիւնը սգի ժամանակ, իսկ ծեծն ու խրատը իմաստութիւն է ամէն ժամանակ։

7 Յիմարին սովորեցնողը նման է կոտրած խեցի կպցնողի

8 եւ քնածին խոր քնից արթնացնողի։

ՅԻՄԱՐՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է

9 Ով պատմում է յիմարին, նոյնն է թէ պատմում է նիրհողին, որը վերջում հարցնում է՝ «Ի՞նչ»։

10 Լա՛ց եղիր նաեւ տխմարի վրայ, քանզի նրա համար չքացաւ իմաստութիւնը։

11 Մեղմ լա՛ց եղիր մեռելի վրայ, քանզի նա գտաւ իր հանգիստը, իսկ յիմարի համար ապրելը մահից վատ է։

12 Մեռելի վրայ սուգը եօթն օր է,

13 իսկ անմիտ եւ ամբարիշտ մարդու համար՝ իր կեանքի բոլոր օրերին։

14 Անզգամի հետ շատ մի՛ խօսիր եւ անմիտ մարդու մօտ մի՛ գնա։

15 Զգո՛յշ եղիր նրանից, որպէսզի տանջանք չկրես եւ նրանից հեռանալիս կեղտով չշաղախուես,

16 այլ զատուի՛ր նրանից, եւ հանգիստ կը գտնես ու չես ձանձրանայ նրա անմտութիւնից։

17 Կապարից աւելի ծանր ի՞նչ կայ, եւ ի՞նչ է նրա անունը, եթէ ոչ՝ յիմար։

18 Աւելի դիւրին է տանել աւազը, աղը եւ շիկացած երկաթը[§§§], քան անմիտ մարդուն։

19 Ինչպէս փայտէ պահանգով ամրացուած շինուածքը ցնցումներից չի խախտւում, այդպէս էլ անխախտ է մնում իմացութեան խորհրդով հաստատուած սիրտը։

20 Իմաստութեան խորհրդով հաստատուած սիրտը վախի ժամանակ չի վհատուի։

21 Ինչպէս բարձրաւանդակի վրայ գտնուող յարդը եւ աւազաշաղախ քարաշէն պատի խճաքարերը հողմերի առաջ չեն դիմանայ,

22 այնպէս էլ վախկոտ սիրտը տխմար խորհուրդների պատճառով չի տոկայ ամէն տեսակ երկիւղի առաջ։

ԲԱՐԵԿԱՄԻ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

24 Ով աչքն է խոցում, արտասուք է բերում, եւ ով սիրտն է խոցում, զգացմունքներ է յարուցում։

25 Ով քար է նետում թռչուններին, քշում է նրանց, եւ ով նախատում է բարեկամին, խզում է բարեկամութիւնը։

26 Թէ սուր էլ քաշես բարեկամի վրայ, անյոյս մի՛ եղիր, քանզի դարձ կայ։

27 Թէ բարեկամի վրայ բերան էլ բացես, մի՛ վախեցիր, քանզի հաշտութիւն կայ, միայն թէ դա չլինի նախատինք, ամբարտաւանութիւն, գաղտնիք յայտնել եւ նենգ վիրաւորանք։

28 Ամէն տեսակ բարեկամ փախչում է սրանցից։ Մերձաւորի մօտ հաւատարմութի՛ւն ունեցիր նրա աղքատութեան ժամանակ, որպէսզի նրա հարստութեան օրօք ուրախ լինես[****]։

29 Նեղութեան ժամանակ մօ՛տ եղիր նրան, որպէսզի դու էլ ժառանգես նրա ժառանգութիւնից։

30 Ինչպէս հնոցում կրակից առաջ գոլորշի եւ ծուխ է դուրս գալիս, այդպէս էլ արիւնահեղութիւնից առաջ՝ բամբասանքը։

31 Ես չեմ ամաչի բարեկամիս պաշտպանել եւ նրա երեսից չեմ թաքնուի, թէկուզ ինձ չարիք պատահի նրա պատճառով,

32 մինչդեռ ամէն ոք, ով լսի այդ մասին, պիտի խորշի նրանից։

33 Ո՞վ ինձ կը տար պահապան իմ բերանի վրայ եւ խորագիտութեան կնիք՝ իմ շուրթերին, որպէսզի չխորտակուեմ, եւ իմ լեզուն չկործանի ինձ։

[‡‡‡] Յունարէն՝ ամուսնուն։