Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԽՈՀԵՄՈՒԹԵԱՆ ԽՐԱՏՆԵՐ9 Մի՛ խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի՛ …
ԽՈՀԵՄՈՒԹԵԱՆ ԽՐԱՏՆԵՐ
9 Մի՛ խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի՛ յարուցիր քո նկատմամբ։
2 Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպէսզի նա չիշխի քեզ վրայ։
3 Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպէսզի յանկարծ նրա որոգայթների մէջ չընկնես։
4 Մի՛ յաճախիր երգող ու կաքաւող կնոջ մօտ, որպէսզի յանկարծ կուլ չգնաս նրա լրբութեանը։
5 Երկար մի՛ նայիր կոյսին, որպէսզի չգայթակղուես նրա հմայքով։
6 Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպէսզի չկորցնես քո ունեցուածքը։
7 Դէս ու դէն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում եւ մի՛ թափառիր նրա աւերակների մէջ։
8 Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից եւ երկար մի՛ նայիր օտարի գեղեցկութեանը։
9 Շատերը մոլորուեցին կնոջ գեղեցկութիւնից. դրանից կրակի նման սէր է բորբոքւում։
12 Ամենեւին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մօտ եւ նրա հետ գինի մի՛ խմիր. գուցէ քո անձը շեղուի դէպի նա, եւ քո հոգով կորստեան մատնուես։
14 Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հաւասար չէ նրան։
15 Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանայ, ուրախութեա՛մբ վայելիր։
16 Մեղաւորի փառքին մի՛ նախանձիր, որովհետեւ չգիտես, թէ ինչպիսին կը լինի նրա կործանումը։
17 Հաւանութիւն մի՛ տուր ամբարիշտների հաւանած բանին. յիշի՛ր, որ մինչեւ դժոխք չես արդարանայ։
18 Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանութիւն ունի, եւ դու չես տագնապի մահուան երկիւղից։
19 Եթէ մօտ էլ լինես, զգո՛յշ եղիր սխալ գործելուց, որպէսզի նա չխլի կեանքդ.
20 համարի՛ր, թէ որոգայթների միջով ես անցնում եւ քաղաքի պարիսպների վրայով ես քայլում։
21 Ըստ քո կարողութեան ճանաչի՛ր մերձաւորիդ եւ իմաստունների հետ խորհրդակցի՛ր։
22 Արդարները թող քո սեղանակիցները լինեն, եւ Տիրոջ երկիւղը՝ քո պարծանքը։
23 Զրուցի՛ր իմաստունների հետ, եւ քո բոլոր զրոյցները թող լինեն Բարձրեալի Օրէնքի մասին։
24 Ճարտար վարպետները գովաբանւում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը՝ իր իմաստուն խօսքով։
25 Լեզուանի մարդը ահաւոր է իր քաղաքում, եւ ատելի է նա, ով յանդուգն է իր խօսքով։