Հին Կտակարան
Նոր Կտակարան
ՎԱ՜Յ ԵԹՈՎՊԱՑԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԻՆ18 Վա՜յ եթովպացիների գետի այն կողմում առ…
ՎԱ՜Յ ԵԹՈՎՊԱՑԻ ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐԻՆ
18 Վա՜յ եթովպացիների գետի այն կողմում
առագաստներին ապաւինած երկրին,
2 որ ընծաներ էր ուղարկում ծովով
եւ մագաղաթեայ հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով,
որպէսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մօտ,
ազգ, որ օտար է ու չար,
եւ դրանից աւելին ոչ ոք չի կարող լինել,
ազգ, որ անյոյս է ու ոտքի տակ տրուած։
3 Եւ այժմ ամբողջ երկրի գետերը, ինչպէս աշխարհ, բնակեցուած են.
պիտի բնակեցուի նրանց աշխարհը,
երբ նշանը լերան վրայից վերանայ,
եւ լսելի լինի փողի ձայնը,
4 քանզի այսպէս ասաց ինձ Տէրը.
«Զգոյշ պիտի լինեն իմ քաղաքում,
ինչպէս միջօրէի տօթ արեւից
կամ ամառային օրերի անձրեւաբեր ամպից»։
5 Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի,
երբ խաղողի ծաղիկը բացուի ու ազոխ դառնայ,
մանր-մունր ողկոյզները պիտի կտրեն մանգաղով,
ճիւղերը պիտի հատեն ու դէն նետեն։
6 Ամէն ինչ պիտի թողնեն երկնքի թռչուններին
եւ երկրի գազաններին.
նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները,
երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ։
7 Այն ժամանակ Զօրութիւնների Տիրոջն ընծաներ պիտի մատուցուեն տանջուած ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից յետոյ եւ յաւիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրուել, բայց յոյսով է մնացել եւ ապրում է իր աշխարհում, գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչուեց Զօրութիւնների Տիրոջ անունը Սիոն լերան վրայ։