Հին Կտակարան

Նոր Կտակարան

Պատճենել

ԹԱԳԱՒՈՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՅԵՏԱՁԳՈՒՄ Է ԿՈՏՈՐԱԾԻ ՀՐԱՄԱՆԸ5 Այն ժամանակ նա կան…

ԹԱԳԱՒՈՐԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

ՅԵՏԱՁԳՈՒՄ Է ԿՈՏՈՐԱԾԻ ՀՐԱՄԱՆԸ

5 Այն ժամանակ նա կանչեց Հերմոն փղապետին ու հրամայեց, որ սա վաղն եւեթ զինի փղերը, առանց յապաղելու պատրաստի խնկախառն գինիներ, դրանք թունդ դարձնի կնդրուկով, մօտ եօթը հարիւր փղեր կատաղեցնի անապական գինիով, քշի հրապարակ՝ եբրայեցիների գլխին մեծ պատուհաս բերելու համար։ 2 Թագաւորը փղապետին այս հրամանը տուեց, իսկ ինքը վերադարձաւ իր ուրախութիւնը շարունակելու բազմաթիւ զօրքերի, բարեկամների, մեծամեծ աւագանու հետ, որոնք եբրայեցիների նկատմամբ աւելի թշնամաբար էին վերաբերւում, քան թագաւորն ինքը։ 3 Երբ փղապետը լսեց խիստ հրամանը, նոյն ժամին էլ պատրաստ վիճակի բերեց փղերին։ Ծառաները ելան, կապեցին տառապեալների ձեռքերն ու ոտքերը, իսկ ուրիշ ծառաներ, իբրեւ գիշերային պահակներ, զգուշութեամբ նրանց շուրջն էին պտտւում՝ մտածելով, թէ առաւօտեան կը տեսնեն այդ ազգի կոտորածն ու վախճանը։ 4 Իսկ հրեաներն իրենց անզօր ու անօգնական էին համարում, իբրեւ մի լէշ՝ նետուած հեթանոսների առաջ։ Նրանք անդադար աղօթելով, արտասուելով դիմում էին Ամենակալ Աստծուն, ամէն զօրութիւն զօրացնող, ողորմած Աստծուն։ Բոլորն առհասարակ ծնկի եկած աղաչում էին, որ նա խափանի անօրէն այս դիտաւորութիւնը, մի մեծ հրաշքով վերացնի այս օրհասը, որ ահա մօտենում է ոտքերն ու ձեռքերը կապուած այս մարդկանց։

5 Փղապետն անողորմ գազանները խնկախառն գինիներով գրգռելով՝ առաւօտեան հասցրեց թագաւորի պալատը։ 6 Պարգեւատու, երկնաւոր, առատաձեռն Աստուած, սակայն, թագաւորին պարգեւեց խոր քուն, որ իբրեւ բարի պարգեւ վաղնջական ժամանակներից ի վեր գիշեր ու ցերեկ տրւում է գեղեցիկ արարածներին։ Նա իր զօրութեամբ թագաւորին թանձր, խոր, քաղցր ու անուշ քուն առաքելով՝ կապեց, մոլորեցրեց, շեղեց եւ հեռու պահեց նրան իր հաստատ որոշումից։ 7 Երբ եբրայեցիները տեսան, որ անցել է օրհասի մահաբեր ժամանակը, սկսեցին օրհնել երկնաւոր սուրբ Աստծուն եւ նորից իրենց երեսի վրայ ընկած՝ աղաչում էին նրան, որ գոռոզ հեթանոսներին ցոյց տայ իր մեծազօր բազկի զօրութիւնը։

8 Երբ կիսուեց տասներորդ ժամը, եւ արդէն վերջացրել էին խնջոյքի պատրաստութիւն տեսնելը, եւ հրաւիրուածներից իւրաքանչիւրը կանգնած էր ըստ իր աստիճանի, այն ժամանակ արարողապետը ներս մտաւ, արթնացրեց թագաւորին եւ յայտնեց, որ խնջոյքն սկսելու ժամանակն է։ Թագաւորը յիշեց, որ մարդկանց խնջոյքի էր հրաւիրել։ Նա անմիջապէս վեր կենալով՝ հրամայեց հրաւիրուածներին ներս կանչել, բարձեր սպասարկել նրանց խնջոյքին մասնակցելու համար, իրաքանչիւրին, ըստ իր աստիճանի, գահաւորակ մատուցել։ 9 Երբ խրախճանքն սկսուեց, նա ցանկութիւն յայտնեց ուրախ ժամանակ անցկացնելու մինչեւ ուշ գիշեր։ Երբ խմելով երկար ժամանակ զրոյցի բռնուեցին, նա կանչեց փղապետին ու խիստ զայրացած սպառնաց նրան. «Ինչպէ՞ս կամ ինչո՞ւ են հրեաներն ազատուել սաստիկ հրամանով նշանակուած օրհասից. ինչո՞ւ մինչեւ այսօր դեռ կենդանի են մնացել»։ 10 Փղապետը վկայակոչեց արքայի հրամանը եւ ասաց, որ դեռեւս գիշերն է հարբեցրել փղերին։ Հրաւիրուածները հաստատեցին փղապետի խօսքերը։ Դրանից յետոյ թագաւորը մեղմացնելով իր կատաղութիւնը՝ ասաց. «Գնա՛, այսօր թող իմ քնից շնորհակալ լինեն նրանք, բայց վաղն անպայման փղերը նոյն կատաղութեան կը հասցնես, որպէսզի կոտորենք այդ անօրէն հրեայ ազգին»։ 11 Երբ թագաւորն այդ ասաց, բոլորն ուրախացած, միաձայն հաւանութիւն տուեցին նրա հրամանին, եւ որովհետեւ ուշ էր, միմեանցից բաժանուելով՝ ամէն մէկը գնաց իր օթեւանը։ Նրանք ոչ այնքան քնեցին, որքան ամբողջ գիշեր մտածում էին այն մասին, թէ ինչ նորանոր չարչարանքներ կարելի է հնարել տառապեալների համար։

12 Երբ աքլորը կանչեց, փղապետն առաւօտ վաղ բերեց գինիով ու խնկով գրգռուած փղերին, իսկ ինքն իջնելով ընդարձակ գաւիթը՝ սկսեց ճեմել։ Քաղաքում գտնուող բոլոր մարդիկ եկել հաւաքուել էին, ուզում էին տեսնել ողորմելի այն տեսարանը, որ առաւօտ շուտ սպառնում էր հրեաներին։ 13 Հրեաներն անցկացնելով օրհասի ժամը, զսպած իրենց առատ արցունքները, խղճալի ու ողբաձայն, ձեռքերը դէպի երկինք պարզած՝ աղաչում էին Ամենազօր Աստծուն, որ նորից օգնութեան հասնի իրենց ու փրկի սոսկալի օրհասից։

14 Դեռ արեգակը չէր սփռել իր ճառագայթները աշխարհի վրայ, որ թագաւորը վեր կենալով ընդունում էր իր մեծամեծ հիւրերին։ Հասնելով փղապետի դռան մօտ՝ աչքով զննում էր փղերի վիճակը, թէ ինչպէս են նրանք կազմ ու պատրաստ հասել մինչեւ հրապարակ։ 15 Թագաւորը շնորհակալ էր, զարմացել էր փղերի պատրաստութեան վրայ։ Նա մի անգամ էլ յետաձգեց կոտորածի հրամանը՝ ասելով. «Ի՞նչ կարիք կայ անիմաստ կերպով շտապելու»։ Դարձեալ միտքը փոխեց, փղապետին մեղադրեց, որ ինչ հրամայուած էր, անմիջապէս չէր գործադրել։ 16 Այս ամէնը լինում էր Ամենակալ Տիրոջ հրամանով. Նա օրհասի սոսկալի նպատակը մոռացնել էր տալիս։ Փղապետը անուանի մարդկանցից ոմանց վկայ էր բերում, թէ ինչպէս էին փղերը վաղուց զինուել, զինուորները պատրաստուել։ Նա ապացուցում էր, որ ինքը արքայի հրամանը կատարել էր անթերի։ 17 Այն ժամանակ թագաւորը լցուեց մեծ զայրոյթով, - եւ դա շնորհիւ Աստծու մեծ գթասրտութեան, - որովհետեւ Նա ուզում էր թագաւորի մտադրութիւնը ի չիք դարձնել։ Թագաւորը խիստ զայրացած ու ցասումնալից նայեց փղապետին, սկսեց խօսել ու ասաց. 18 Ցուցակագրեցէ՛ք այն հայրերին, մայրերին ու որդիներին՝ բոլոր նրանց, ովքեր այս տեսարանը դիտելու են եկել, որպէսզի դրանք, դու էլ դրանց հետ, գազանների կեր դառնաք այդ դատապարտուած անմեղ եբրայեցիների փոխարէն, որոնք, սկսած իրենց առաջին նախնիներից մինչեւ այսօրուայ սերունդը, պահպանել են արդարութիւնն ու հաւատը մեր նկատմամբ։ Եթէ քո՝ իմ սննդակցի նկատմամբ սէր չունենայի, քո քաղցր արեւը կը կտրէի աչքերիցդ եւ քեզ, ո՜վ նենգ չարագործ, մէջտեղից կը վերացնէի»։ 19 Փղապետն այսպէս բարեպատեհ դիպուածով մազապուրծ ազատուեց եղերական պատժից։ Նրա նախկին զուարթութիւնն անհետացաւ, մարդկանց միջից նա հեռացաւ տրտում երեսով։ Հաւաքուած մարդիկ, որոնք իր բարեկամներն էին, գլխիկոր ցրուեցին, ամէն մէկը թոյլտուութիւն ստանալով՝ վերադարձաւ իր տեղը։

20 Երբ եբրայեցիները լսեցին թագաւորի հրամանը, սկսեցին օրհնել մեծազօր Տէր Աստծուն, թագաւորների Թագաւորին, մանաւանդ որ այսպիսի օգնութիւն էին ստացել։ Այն ժամանակ թագաւորն անմիջապէս հրամայեց հրաւիրուածներին, որ վերադառնան խնջոյքը շարունակելու։ 21 Նա փղապետին նորից կանչեց, սպառնալով խօսեց նրա հետ ու ասաց. «Ա՜յ թշուառական, քանի՞ անգամ եմ քեզ պատուիրել, որ կազմ ու պատրաստ պահես փղերը։ Գոնէ վաղը թող պատրաստ լինեն հրեաների թշուառական, եղեռնագործ ազգը ոչնչացնելու համար»։ 22 Երբ բոլոր նստածները լսեցին դա, առաւել եւս զարմացան թագաւորի յեղյեղուկ մտքի վրայ ու ասացին. «Մինչեւ ե՞րբ, ո՜վ արքայ, մինչեւ ե՞րբ մեզ պիտի փորձես։ Երեք անգամ հրաման ես արձակել այդ յանդուգն ազգը ոչնչացնելու մասին եւ անմիջապէս քո իսկ հրամանը չեղեալ ես յայտարարել։ Այժմ դրա համար բոլոր քաղաքների ժողովուրդները աւելի են վշտացել, քան հէնց իրենք՝ այդ չարագործները»։ 23 Մոլորուած արքան այս ամենի պատճառով սկսեց վարանել, շփոթուել ու չհասկացաւ, որ երկնքից է գալիս օգնութիւնը եբրայեցիներին։ Նա նորից երդուեց իր անհաստատ երդումով ու ասաց. «Առանց որեւէ բանից երկմտելու կատաղի գազաններին ոտնատակ անել պիտի տամ նրանց, դժոխք պիտի ուղարկեմ, զօրք պիտի հաւաքեմ, որպէսզի յարձակուենք Հրէաստանի վրայ, փայտակերտ շէնքերը հրդեհենք, կաւաշէն շէնքերը հեղեղենք ջրով, կողոպտենք նրանց ինչքն ու ունեցուածքը եւ ինչ որ կայ նրանց երկրում, նրանց տաճարի պահեստները կրակի մատնենք եւ տաճարն էլ յաւիտեանս զոհերի տան վերածենք»։

24 Հրաւիրուածները, բարեկամներն ու սիրելի ազգականները լսելով այդ հաստատ որոշումը՝ ուրախացած գնացին։ Զօրքին հրաման տրուեց, որ բերդում պաշարուածների վրայ գիշերապահներ ու խրամապահներ նշանակուեն, 25 իսկ փղապետը գազաններին խիստ գրգռելով՝ դրանց կազմ ու պատրաստ վիճակի բերեց. նա կնդրուկ, խունկ ու գինի իրար խառնելով՝ խմեցրեց ու գրգռեց դիւային գազաններին յաջորդ օրուայ համար, որպէսզի հրապարակ եկած անթիւ մարդկանց դիակների վերածի։ Նա եկաւ մտաւ սրահը, շտապեցրեց թագաւորին, որ կապկպուած ժողովրդին կոտորեն։ 26 Այն ժամանակ թագաւորը ողջ զօրքով ու կատաղած գազանների հետ դուրս եկաւ՝ ցանկանալով իր անյագ աչքերով ու անգութ սրտով տեսնել թշուառ ժողովրդի ցաւալի կոտորածը։ 27 Երբ պատրաստուած փղերն ու սպառազէն զինուորները հասան քաղաքի դարպասի մօտ, հրեաները լսեցին զինուորների ոտքերի դոփիւնը, տեսան զէնքերի փայլը, մինչեւ երկինք հասնող փոշու ամպը։ Նրանք լսեցին իրենց շրջապատած ամբոխի աղաղակը։ Դրանից նրանք ուշաթափ էին լինում։ Նրանք կարծում էին, որ իրենց թշուառ կեանքի վերջը հասել է։ Խանդաղատանքով լցուած ողորմելի, խեղճ հայրերն ու մայրերը, զաւակներն ու դուստրերը, քոյրերն ու եղբայրները, ազգակից սիրելի բարեկամները միմեանց պարանոցներին փաթաթուած՝ համբուրւում էին։ 28 Մայրերից ոմանք իրենց նորածին երեխաներին գրկած՝ կարծում էին, որ վերջին անգամ են կուրծք տալիս իրենց երեխաներին։ Այս ալեկոծութեան ու տագնապի մէջ հալումաշ եղած վիճակում էլ նրանք յիշում էին երկնքից իջած առաջին օգնութիւնը։ Բոլորը համերաշխ միմեանց էին մօտենում, մանուկների բերաններից հանում էին իրենց ստինքները, բոլորն իրենց մեծ Աստծու առաջ երեսի վրայ ընկած՝ թաւալւում էին։ Բարձրացնելով իրենց ձայնը՝ ողբագին լացով աղաչում էին Ամենազօր եւ Ամենակալ Աստծուն, որ նա մեծ ողորմածութեամբ գթայ, փրկի յուսալքուածներին, դժոխքի դուռը հասածներին։