Հին Կտակարան
Նոր Կտակարան
ԿԱՆԱՅՔ Հարսը պատասխան է տալիս եւ ասում.6 «Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզ…
ԿԱՆԱՅՔ
Հարսը պատասխան է տալիս եւ ասում.
6 «Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզը՝
խնկածաղիկների մարգերի մէջ,
որ հօտն արածեցնի բուրաստաններում
եւ շուշաններ քաղի։
2 Իմ սիրեցեալն իմն է,
իսկ ես՝ նրանը.
նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ»։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ
Փեսան ասում է Հարսին.
3 «Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի,
ամբողջովին հաճելի ես
եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝
զարմանալի յօրինուած։
4 Թեքի՛ր աչքերդ ինձնից,
քանզի դրանք սիրով արբեցրին ինձ.
քո վարսերը նման են այծերի հօտերի,
որոնք իջնում են Գաղաադից։
5 Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի,
որոնք ելնում են լողաւազանից.
բոլորն էլ զուգաշար են,
ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։
6 Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի,
եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։
Քո այտերը նման են կիսուած նռան՝
հարսնաքօղիդ տակ։
7 Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն,
թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան,
8 մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը.
իր մօր միա՛կն է նա,
իր ծնողի ընտրեա՛լը։
Դուստրերը տեսան նրան եւ երանի տուին,
թագուհիները եւ հարճերը գովեցին նրան»։
Դուստրերը եւ թագուհիները տեսան Հարսին եւ երանի տուին նրան.
9 «Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ,
եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին,
ընտիր, ինչպէս արեգակ՝
զարմանալի յօրինուած»։
Փեսան ասում է Հարսին.
10 «Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝
նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում,
տեսնելու, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը,
ծաղկե՞լ է արդեօք նոճին,
ծաղկե՞լ է արդեօք նռնենին»։
Հարսն ասում է Փեսային.
11 «Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները.
հոգիս չիմացաւ, բայց ցանկութիւնս տանում է ինձ,
ինչպէս Ամինադաբի կառքը»։
ԿԻՆԸ
Դուստրերը եւ թագուհիները ասում են Հարսին.
12 «Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սոմնացիդ,
վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ»։