Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հովսիա թագավորը տոնում է Զատիկը(Բ Թագ. 23.21-23, Բ Մն. 35.1-19)1 Հովս…

Հովսիա թագավորը տոնում է Զատիկը
(Բ Թագ. 23.21-23, Բ Մն. 35.1-19)

1 Հովսիա թագավորը տոնեց Տիրոջը նվիրված զատիկը Երուսաղեմում և զոհեց զատիկը առաջին ամսի տասնչորսին։ 2 Քահանաներին կարգեց Տիրոջ տաճարում՝ ըստ իրենց ծառայության կարգի՝ քահանայական հանդերձներով զգեստավորված։ 3 Եվ ասաց ղևտացիներին՝ տաճարի սպասավորներին. «Սրբե՛ք ձեր անձերը և պատրաստվե՛ք Տիրոջ Ուխտի տապանակը սրբությամբ դնելու այն տաճարում, որ կառուցեց Սողոմոն թագավորը՝ Դավթի որդին։ Կարիք չկա այլևս այն ուսերի վրա կրելու։ 4 Այսուհետև պաշտամո՛ւնք մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն և սպասարկե՛ք Իսրայելի ժողովրդին, պատրաստվե՛ք ըստ ձեր ընտանիքների ու տոհմերի կարգի, ինչպես որ կարգել և գրել է Իսրայելի Դավիթ թագավորը, ինչպես նաև նրա որդի մեծն Սողոմոնը։ 5 Եվ ղևտացիները տաճարում թող իրենց հայրերի կարգի համաձայն կանգնեն՝ իրենց եղբայրներին՝ Իսրայելի որդիներին սպասարկելու համար։ 6 Ըստ նախկին կարգի զոհե՛ք զատիկը և պատրաստե՛ք զոհերը, զատիկը արե՛ք ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ հրամանի»։
7 Եվ Հովսիան ժողովրդին նվիրեց երեսուն հազար գառ ու ուլ և երեք հազար հորթ։ Այս ամենը թագավորի հրամանի համաձայն տրվեց ժողովրդին, քահանաներին ու ղևտացիներին։ 8 Նաև Քեղկիասը, Զաքարիան և Եսիլոսը՝ տաճարի վերակացուները, զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր ոչխար և երեք հարյուր հորթ։* 9 Իսկ Հեքոնիաս, Սամեաս, Նաթանայել եղբայր, Ասաբիաս, Ոզիել, և Յովրամ հազարապետները զատկի համար ղևտացիներին տվեցին հինգ հազար ոչխար և հինգ հարյուր հորթ։ 10 Եվ քահանաները, առնելով այս ամենը, փառավորապես և ամենայն վայելչությամբ 11 պատրաստեցին բաղարջը, ըստ իրենց տոհմերի 12 և ըստ իրենց հայրենի դասերի կարգի դասավորված՝ կանգնեցին ժողովրդի առջև՝ մատուցելու Տիրոջ զատիկը Մովսեսի օրենքում գրվածի համաձայն։ Առավոտյան 13 հրով խորովելով՝ պատրաստեցին Տիրոջ զատիկը, իսկ մնացած զոհերը համեմունքներով եփեցին կաթսաների և սաների մեջ, և մատուցեցին ողջ ժողովրդին։ 14 Եվ այս ամենից հետո ղևտացիները պատրաստեցին իրենց և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ Քանի որ քահանաները զբաղված էին ճարպը հրով այրելով, ուստի ղևտացիները պատրաստում էին ինչպես իրենց, այնպես էլ իրենց քահանա եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ 15 Եվ Ասափի որդիների՝ սաղմոսերգուների համար էլ նրանք պատրաստեցին զատիկը, ինչպես որ կարգել էին Դավիթ թագավորը, Ասափը, Զաքարիան և Ելդինոնը։ Եվ քանի որ բոլոր դռների դռնապետները զգուշությամբ կատարում էին իրենց պարտականությունը, նրանց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստեցին նաև նրանց համար։ 16 Եվ այն օրը բոլորը միասին կատարեցին Տիրոջ զոհը և Տիրոջ զատիկը մատուցեցին զոհասեղանի վրա՝ Հովսիա թագավորի հրամանի համաձայն։ 17 Եվ Իսրայելի որդիները, որոնք այն ժամանակ այնտեղ էին, կատարեցին Տիրոջ զատիկը և ապա Բաղարջակերաց տոնը՝ յոթ օր։ 18 Սամուել մարգարեի ժամանակից Իսրայելում այդպիսի Զատիկ երբևէ չէր եղել։

Հովսիայի թագավորության վախճանը
(Բ Թագ. 23.28-30, Բ Մն. 35.20-27)

19 Եվ Իսրայելի թագավորներից ոչ ոք այսպիսի Զատիկ չէր արել, ինչպես արեց Հովսիա թագավորը, նաև քահանաները, ղևտացիները, հրեաները և ողջ Իսրայելը, որ այն ժամանակ բնակվում էին Երուսաղեմում։ 20 Այդ Զատիկը կատարվեց Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։
21 Եվ Հովսիայի գործերն ուղիղ էին իր Տիրոջ՝ Աստծու առջև, և նա ծառայում էր Տիրոջն իր ողջ սրտով և մտքով։ 22 Մինչդեռ մյուս թագավորները, որ նրանից առաջ եղան, որոնց մասին գրված է, մեղանչեցին և անօրինություն գործեցին բոլոր ազգերի մեջ, տրտմեցրին Տիրոջը և նրա խոսքերին դեմ կանգնեցին Իսրայելի մեջ։
23 Հովսիայի այս բոլոր առաքինի գործերից հետո փարավոնը՝ եգիպտացիների թագավորը, պատերազմելու եկավ Քարկամիս՝ Եփրատի կողմերը։ Եվ Հովսիան նրա դեմ պատերազմի ելավ։ 24 Եգիպտացիների թագավորը նրան լուր ուղարկեց, ասելով. «Ի՞նչ կա իմ և քո մեջ, Հուդայի՛ թագավոր։ 25 Տերը՝ Աստված, ինձ քո դեմ չի ուղարկել, ես գնում եմ պատերազմելու Եփրատի կողմերը։ Այժմ Տերն ինձ հետ է, և արգելք մի եղիր ինձ, որովհետև Տերն ինձ ստիպում է գնալ ու պատերազմել Եփրատի կողմերը։ Հեռո՛ւ մնա ինձանից և մի՛ ընդդիմացիր Տիրոջը»։ 26 Բայց Հովսիան իր կառքերը հետ չդարձրեց, այլ նրա դեմ պատերազմ ձեռնարկեց և չլսեց Երեմիա մարգարեի խոսքերը, որ հաղորդում էր նրան Տիրոջ անունից։ 27 Նա պատրաստվեց ճակատամարտ տալ փարավոնի դեմ Մագեդդավուսի դաշտում, և աղեղնավորները նետահար արեցին Հովսիային։ 28 Եվ Հովսիա թագավորն ասաց իր ծառաներին. «Դո՛ւրս հանեք ինձ ճակատամարտի վայրից, որովհետև շատ տկարացա»։ Եվ նրա ծառաները նրան շտապ դուրս հանեցին ճակատամարտի վայրից։ 29 Եվ նստեց իր երկրորդ կառքը և Երուսաղեմ հասնելով՝ վախճանվեց ու թաղվեց իր հայրական դամբարանում։ 30 Ողջ ժողովուրդը ողբաց և սուգ պահեց Հովսիայի համար։ Իսկ Երեմիա մարգարեն ողբաց Հովսիայի մահը։ Եվ իշխանները, իրենց կանանց հետ, ողբում են մինչև այսօր։ Իսրայելի բոլոր ցեղերին հրաման տրվեց մշտապես ողբալ։
31 Այս ամենը գրված է Հուդայի** թագավորների պատմությունների գրքում։ Այն գործերը, որ կատարեց Հովսիան, և այն առաքինությունները, որոնցով առաքինացավ, ինչպես և նրա մեծ արդարությունն ու փառքը, Տիրոջ օրենքի նկատմամբ ունեցած նրա ակնածանքը և այն ժամանակ ու հետագայում նրա արածները պատմում են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքերը։

Հովսիայի հաջորդները և Երուսաղեմի կործանումը
(Դ Թագ. 23.20–25.21, Բ Մն. 35.20–36.21, Երմ. 52.1-3, 39.1-10, 52.4-27)

32 Ազգի կողմից թագավոր կարգվեց Հովսիայի որդի Հեքոնիան։ Նա իր հոր՝ Հովսիայի փոխարեն թագավորեց քսաներեքամյա հասակում։ 33 Նա Հուդայի և Երուսաղեմի վրա թագավորեց երեք ամիս։ Եվ եգիպտացիների թագավորն արգելեց նրան թագավորել Երուսաղեմում 34 և նրանց վրա հարյուր տաղանդ արծաթի ու մի տաղանդ ոսկու հարկ դրեց։
35 Եվ եգիպտացիների թագավորը նրանց թագավոր կարգեց Հովակիմին՝ Հեքոնիայի եղբորը, և թագավորեց Հովակիմը Հուդայի և Երուսաղեմի վրա։ 36 Հովակիմը բանտարկեց Իսրայելի տան մեծամեծներին և իշխաններին, ձերբակալեց իր եղբայր Զարային և ուղարկեց Եգիպտոս։ 37 Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավորեց Հուդայի և Երուսաղեմի վրա ու Տիրոջ առջև չար գործեր արեց։ 38 Նրա օրոք բաբելոնացիների արքա Նաբուքոդոնսորը ելավ, շղթայեց նրան պղնձե կապանքներով ու տարավ Բաբելոն։ 39 Նաբուքոդոնոսորը առավ նաև Տիրոջ տան սպասքներից և տարավ դրեց իր կուռքերի տանը՝ Բաբելոնում։ 40 Այս ամենի, ինչպես և նրա պղծությունների ու անօրենությունների մասին գրված է թագավորների ժամանակագրություններում։
41 Նրա փոխարեն թագավորեց նրա որդի Հովաքինը, որ տասնութ տարեկան էր։ 42 Նա Երուսաղեմում թագավորեց երեք ամիս և տասը օր ու Տիրոջ առջև չար գործեր արեց։ 43 Մի տարի անց Նաբուքոդոնոսորը նրան բերել տվեց Բաբելոն Տիրոջ տան գանձերի հետ միասին։
44 Եվ Հուդայի Երուսաղեմի վրա թագավոր կարգեց Սեդեկիային։ Սեդեկիան քսանմեկ տարեկան էր և թագավորեց տասնմեկ տարի։ 45 Նա Տիրոջ առջև չար գործեր արեց, հետ չկանգնեց իր չարագործությունից ու չանսաց Երեմիա մարգարեի խոսքերին, որ խոսեց նրա հետ Տիրոջ անունից։ 46 Եվ հավատարիմ չմնաց այն երդմանը, որ Տիրոջ անունով տվեց Նաբուքոդոնոսոր արքային, այլ ստեց ու հեռացավ Նաբուքոդոնոսորից և խստացնելով իր պարանոցն ու սիրտը՝ անտեսեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու օրենքները։
47 Ժողովրդի իշխաններն ու քահանաները նույնպես բազմաթիվ ամբարշտություններ գործեցին, անօրինացան և հեթանոսներից ավելի բազմացրին իրենց պղծություններն ու պղծեցին Տիրոջ սուրբ տաճարը Երուսաղեմում։ 48 Նրանց հայրերի Աստվածը նրանց մոտ ուղարկեց իր պատգամաբերներին ու մարգարեներին, որ դարձի գան, որովհետև խնայում էր նրանց և իր սուրբ տաճարը։ 49 Նրանք արհամարհեցին նրա պատգամաբերներին և այն օրը, երբ Տերը խոսում էր նրանց հետ, կատակում և ծաղրում էին նրա մարգարեներին։ Տերը բարկացավ նրանց ազգի վրա ու նրանց ամբարշտության համար քաղդեացիների թագավորներին ուղարկեց նրանց դեմ։ 50 Նրանք սրով սպանեցին նրանց երիտասարդներին և նրանց արյունը թափեցին սուրբ տաճարի շուրջը՝ չխնայելով նրանց մանուկներին, կույսերին, ծերերին ու երիտասարդներին, այլ բոլորին տվեց նրանց ձեռքը։ 51 Նաև Տիրոջ տան բոլոր մեծ ու փոքր սպասքը, Տիրոջ տապանակի սպասքը, Իսրայելի թագավորի գանձերը ամբողջությամբ առնելով՝ տարան Բաբելոն։ 52 Նրանք հրկիզեցին Տիրոջ տաճարը, քանդեցին Երուսաղեմի պարիսպը, հրով այրեցին նրա աշտարակները, 53 որ դարձավ նրա փառքի վախճանը։ Իսկ մնացածներին սրի առջևից վարելով՝ գերեցին Բաբելոն։ 54 Եվ մինչ պարսից թագավորությունը, մնացին նրանց ու նրանց որդիների ծառայության տակ, որպեսզի կատարվեր Տիրոջ խոսքը, որ ասվեց Երեմիա մարգարեի բերանով. 55 «Մինչև որ հողը չվայելի իր շաբաթները, իր ամայացման ողջ շրջանում թող շաբաթանա, մինչև որ լրանա յոթանասուն տարի»։