Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տերը դատում է ազգերին1 «Քանի որ ահա ես այն օրերին և այն ժամանակ,երբ դ…

Տերը դատում է ազգերին

1 «Քանի որ ահա ես այն օրերին և այն ժամանակ,

երբ դարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերությունը,

2 կհավաքեմ բոլոր ազգերին, կիջեցնեմ նրանց Հովսափաթի ձորը

և կդատեմ նրանց այնտեղ՝ հանուն

իմ ժողովրդի և Իսրայելի՝ իմ ժառանգության,

որ ցրվեցին բոլոր ազգերի մեջ

և իմ երկիրը բաժանեցին։

3 Իմ ժողովրդի վրա վիճակ էին գցում.

պատանիներին պոռնիկներին վարձ տվեցին,

աղջիկներին վաճառում էին գինու դիմաց և խմում։

4 Եվ դուք դեռևս ինձ,

ո՛վ Ծուր և Ծայդան [եբր․ և Ο΄ Տյուրոս և Սիդովն] և այլազգիների ո՛ղջ Գալիլեա,

մի՞թե ինչ-որ հատուցում կտաք ինձ կամ ոխ կպահեք իմ դեմ.

անմիջապես ձեր հատուցումը ձեր գլխին կտամ։

5 Քանի որ իմ արծաթն ու ոսկին վերցրիք

և ամենաընտիր ու գեղեցիկ անոթները տարաք ձեր մեհյանները,

6 Հուդայի որդիներին ու Երուսաղեմի որդիներին վաճառեցիք հույների որդիներին,

որպեսզի նրանց մերժեք իրենց սահմաններից։

7 Արդ, ես կկանգնեցնեմ նրանց այնտեղից,

որտեղ վաճառեցիք նրանց,

և ձեր հատուցումը ձեր գլխին կտամ։

8 Ձեր որդիներին ու ձեր դուստրերին կմատնեմ Հուդայի որդիների ձեռքը,

և նրանց գերության կվաճառեն հեռու-հեռավոր ազգի,

քանի որ Տե՛րը խոսեց»։

9 Այս քարո՛զ կարդացեք ազգերին, մարտի ժա՛մ նշանակեք,

արթնացրե՛ք պատերազմողներին,

հավաքվե՛ք և ելե՛ք, պատերազմի բոլո՛ր տղամարդիկ։

10 Ձեր խոփերից սրե՛ր կռեք

և ձեր գերանդիներից՝ գեղարդներ։

Թող տկարն ինքն իրեն խրախուսի, թե՝ «Հզոր եմ ես»։

11 Հավաքվե՛ք և մտե՛ք, բոլո՛ր ազգեր, շուրջանակի

խմբվե՛ք այնտեղ.

թող խաղաղ մարդը պատերազմող դառնա։

12 Թող բոլոր ազգերը զարթնեն ու գնան Հովսափաթի ձորը,

քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ շուրջանակի դատելու բոլոր ազգերին։

13 Գործի՛ դրեք մանգաղը, որովհետև հասել է հունձը,

մտե՛ք, կոխոտե՛ք,

որովհետև լցվել են հնձանները, և հորերը՝ լեփ-լեցուն,

քանի որ շատացան նրանց չարիքները։

14 Ձայներ հնչեցին դատաստանի ձորում,

որովհետև Տիրոջ օրը մոտ է դատաստանի ձորին։

15 Արեգակն ու լուսինը կխավարեն,

և աստղերը կթաքցնեն իրենց լույսը։

16 Տերը Սիոնից կգոչի

և Երուսաղեմից իր ձայնը կհնչեցնի,

և կշարժվեն երկինքն ու երկիրը։

Սակայն Տերը կխնայի իր ժողովրդին

և կզորացնի Իսրայելի որդիներին։

17 «Եվ կճանաչեք, որ ես եմ Տերը՝ Աստված,

որ բնակվում եմ իմ սուրբ լեռան՝ Սիոնի վրա.

Երուսաղեմը սուրբ կլինի,

և այլազգիներն այլևս չեն անցնի նրա միջով»։

18 Եվ կլինի, որ այն օրը լեռները քաղցրություն կբխեցնեն,

բլուրները կաթ կհորդեն,

և Հուդայի բոլոր աղբյուրները ջուր կբխեցնեն։

Եվ Տիրոջ տնից աղբյուր կբխի և կոռոգի եղեգների ձորը։

19 Եգիպտոսն ավերածության կվերածվի, և Եդովմը՝ ամայի դաշտի,

Հուդայի որդիների անիրավությունների պատճառով,

քանի որ արդար արյուն թափեցին իրենց մեջ։

20 Սակայն Հուդայի երկիրը հավիտյան կբնակվի,

և Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։

21 Եվ կպահանջեմ նրանց արյունը

և անպարտ չեմ թողնի,

և Տերը կբնակվի Սիոնում։