Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Սաղմոս ԴավթիՔեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,Անարձագանք մի՛ թող ինձ։Եթ…

1 Սաղմոս Դավթի

Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Անարձագանք մի՛ թող ինձ։

Եթե երբևէ լուռ մնաս,

Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։

2 Լսի՜ր, Տե՜ր, խնդրանքներիս ձայնը, երբ աղաչեմ քեզ,

Երբ ձեռքերս քո սուրբ տաճարում բարձրացնեմ։

3 Անձն իմ ամբարիշտների հետ մի՛ դասիր,

Ինձ մի՛ կործանիր անօրենություն գործողների հետ,

Որոնք իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում,

Բայց սրտներում չարություն է։

4 Վարձատրի՛ր նրանց, Տե՜ր, ըստ իրենց գործերի,

Ըստ իրենց անօրեն ընթացքի հատուցի՛ր նրանց,

Հատուցի՛ր նրանց ըստ իրենց ձեռքերի գործերի.

Նրանց տո՛ւր իրենց հատուցումը։

5 Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը,

Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։

Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։

6 Օրհնյա՜լ է Տերը, քանզի լսեց աղոթքիս ձայնը։

7 Տերն է իմ օգնականն ու պաշտպանը.

Նրան հուսաց իմ սիրտը,

Մարմինս օգտվեց ու զվարճացավ,

Եվ ես բոլորանվեր փառք պիտի տամ նրան։

8 Տերն է իր ժողովրդի զորությունը,

Իր օծյալի փրկության ապավենը։

9 Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը,

Հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց հավիտյան։