Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երուսաղեմը պիտի վերագտնի իր փառքը1 Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հա…
Երուսաղեմը պիտի վերագտնի իր փառքը
1 Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հանուն Երուսաղեմի,
մինչև լույսի պես չծագի նրա արդարությունը,
և փայլակի պես չբոցավառվի նրա փրկությունը։
2 Բոլոր ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը,
թագավորները՝ քո փառքը,
և դու նոր անունով ես կոչվելու,
որ Տերն է անվանելու։
3 Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս
և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։
4 Այլևս չես կոչվելու Լքյալ,
ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։
Քեզ պիտի կոչեն Իմ կամքը,
իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն,
որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ,
և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։
5 Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ,
այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ,
և ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար,
այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։
6 Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ,
ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ,
որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։
7 Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի
և Երուսաղեմը պարծանք դարձնի երկրի վրա։
8 Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ,
որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը,
և օտարների որդիները չեն խմի քո գինին,
որի համար դու հոգնեցիր,
9 այլ ովքեր այդ ամբարեցին,
նրանք պիտի ուտեն և օրհնեն Տիրոջը,
և ովքեր այդ հավաքեցին,
նրանք պիտի խմեն իմ սուրբ սրահներում։
10 Նե՛րս մտեք իմ դռներով,
պատրաստե՛ք ճանապարհները,
շտկե՛ք շավիղները,
ճամփա՛ բացեք իմ ժողովրդի համար,
ճանապարհը մաքրեք քարերից
և դրոշա՛կ բարձրացրեք՝ որպես նշան ազգերի մեջ։
11 Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը.
«Ասացե՛ք Սիոնի դստերը.
ահավասիկ գալիս է քո Փրկիչը,
և իր վարձն իր հետ է,
գործը՝ իր աչքի առաջ»։
12 Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան,
իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։