Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Եվ Հողոփեռնեսն ասաց նրան. «Դու, կի՛ն, համարձա՛կ եղիր և մի՛ երկնչիր,…
1 Եվ Հողոփեռնեսն ասաց նրան. «Դու, կի՛ն, համարձա՛կ եղիր և մի՛ երկնչիր, քանի որ ես չեմ չարչարում նրանց, ովքեր ցանկանում են ծառայել Նաբուքոդոնոսոր արքային, որը տիրում է ողջ երկրին։ 2 Եվ եթե լեռնակողմում բնակվող քո ժողովուրդը չապստամբեր, ես նիզակ չէի առնի դրանց դեմ. իրենք իրենց այդ վիճակի մեջ դրեցին։ 3 Իսկ այժմ ասա՛ ինձ. ինչո՞ւ ես դու փախել և եկել մեզ մոտ։ Քաջալերվի՛ր, քանի որ փրկվելու համար ես եկել, կապրես այս գիշեր, մյուս օրերը՝ նույնպես։ 4 Քեզ ոչ ոք չի վնասի, այլ բարյացակամ կլինեն քո նկատմամբ, ինչպես որ լինում են իմ տիրոջ՝ Նաբուքոդոնոսորի բոլոր ծառաների նկատմամբ»։
5 Եվ Հուդիթն ասաց նրան. «Ընդունի՛ր աղախնիդ խոսքերը և թո՛ւյլ տուր՝ աղախինդ խոսի քո առաջ, և իմ տիրոջը ոչ մի սուտ բան չեմ ասի այս գիշեր։ 6 Եվ եթե լսես քո աղախնին և հետևես իմ խոսքերին, Աստված քո գործին հաջողություն կտա և քո խոսքն անկատար չի մնա։ 7 Երդվում եմ ողջ երկրի արքա Նաբուքոդոնոսորով և նրա զորությամբ, որն ուղարկել է քեզ, որ ուղղություն տաս ամեն մի էակի, որովհետև միայն մարդիկ չէ, որ քո շնորհիվ կծառայեն նրան, այլ նաև վայրի գազանները, անասուններն ու երկնքի թռչունները կապրեն միայն Նաբուքոդոնոսորի և նրա տան համար։ 8 Որովհետև լսեցինք քո իմաստության և հանճարի մասին, որ պատմվում է ողջ երկրով մեկ, թե նրա ողջ թագավորության մեջ դու առանձնանում ես քո բարերարությամբ, իմաստության հզորությամբ և սքանչանքի արժանիությամբ պատերազմական գործի մեջ։ 9 Այժմ այն խոսքերի մասին, որ ասել է Աքիովրը խորհրդակցության ժամանակ. այդ խոսքերը մենք իմացանք, քանի որ Բետիղուայի մարդիկ խնամեցին նրան, և նա պատմեց այն ամենը, ինչ ասել է քեզ։ 10 Արդ, տե՛ր, մի՛ անտեսիր նրա խոսքերը, այլ պահի՛ր քո սրտում, քանի որ ճիշտ են։ Քանզի ոչ ոք չի կարող չարչարել մեր ազգը, և թշնամու սուրը չի կարող վնասել մեզ, բացի այն պահից, երբ մեղանչենք մեր Աստծու դեմ։ 11 Արդ մի՛ վնասիր քեզ, տե՛ր իմ, և ոչ էլ քո զորքին, քանի որ իրենց Աստծու դեմ մեղանչելու պատճառով հասել է նրանց մահվան ժամանակը, քանի որ նրանք անօրենության մեծ մեղքեր են գործել. 12 երբ սպառվեց նրանց ջուրն ու կերակուրը, մտածեցին ուտել այնպիսի անասուններ, որոնք արգելված էին իրենց Աստծու կողմից, 13 ինչպես նաև ցորենի առաջին բերքը, գինու և յուղի տասանորդը, որ տրվում է Երուսաղեմում մեր Աստծուն ծառայող քահանաներին։ Սկսեցին ուտել այն, ինչ քահանաներից բացի ոչ ոք իրավունք չուներ ուտելու։ 14 Եվ որովհետև Երուսաղեմում էլ նույնն արեցին, մարդ ուղարկեցին այնտեղ, որպեսզի իրենց արածների համար քահանայի ձեռքով թողություն ստանան։ 15 Արդ, երբ այս ամենն արեցին, դատապարտվեցին ոչնչացման։ 16 Արդ ես՝ քո աղախինը, երբ իմացա, փախա նրանցից, և Աստված առաքեց ինձ քեզ հետ մեծ գործ անելու, որից պիտի զարմանա ողջ երկիրը, երբ լսի։ 17 Որովհետև քո աղախինը աստվածապաշտ է և օր ու գիշեր աղաչում է Տիրոջը՝ երկնքի Աստծուն։ Արդ, թող մնամ ես քեզ մոտ, տե՛ր իմ, և գիշերը քո աղախինը թող ելնի հովտի ծործորը և աղոթի Տիրոջը՝ իր Աստծուն, որ հայտնի ինձ նրանց դատապարտության ժամը։ 18 Ես կգամ ու կպատմեմ քեզ, դու կելնես քո ողջ զորքով, և նրանցից ոչ ոք չի փրկվի քեզանից։ 19 Եվ Հուդայի երկրի միջով կտանեմ քեզ մինչև Երուսաղեմ, աթոռդ կդնեմ այնտեղ. և կժողովես նրանց որպես հոտ, որոնք հովիվ չունեն, և ոչ մի շուն քեզ վրա չի հաչի։ Եվ այս ամենն ինձ պատմվեց Աստծու կողմից, ու ես եկա քեզ հայտնելու»։
20 Հուդիթի խոսքերը համոզիչ թվացին Հողոփեռնեսին ու նրա բոլոր ծառաներին, և զարմացած նրա իմաստությամբ՝ ասացին. 21 «Աշխարհի մի ծագից մինչև մյուս ծագը այսպիսի կին չկա և՛ իր խոսքի իմաստությամբ, և՛ իր դեմքի գեղեցկությամբ»։
22 Եվ Հողոփեռնեսն ասաց նրան. «Բարի արեց Աստված, որ ուղարկեց քեզ առաջնորդելու ժողովրդին, որպեսզի հզորանա մեր ձեռքը, և կորչեն մեր դեմ ապստամբողները։ 23 Արդ տեսնում եմ քեզ կայտառ տեսքով, իսկ քո խոսքերը՝ համոզիչ։ Եվ եթե Աստված անի այնպես, ինչպես որ ասացիր, Նա կլինի նաև իմ Աստվածը, իսկ դու կմնաս Նաբուքոդոնոսորի տանն ու հայտնի կլինես ողջ երկրում»։