Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Տե՛ր, Հա՛յր և Իշխա՛ն իմ կյանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մեջ։…
1 Տե՛ր, Հա՛յր և Իշխա՛ն իմ կյանքի, մի՛ թող ինձ դրանց խորհուրդների մեջ։
2 Ո՞վ կապանք կդներ իմ մտքերի վրա և իմաստության խրատ՝ իմ սրտի վրա,
3 որպեսզի դրանք չխնայեն իմ տգիտությանը և թույլ չտան, որ մեղք գործեմ, որպեսզի չծանրանան իմ զանցանքները, և չմեծանան իմ մեղքերը, որպեսզի չընկնեմ հակառակորդների առջև, և իմ թշնամին ինձ ոտնատակ չանի։
4 Տե՛ր, Հա՛յր և իմ կյանքի՛ Աստված,
5 մի՛ տուր աչքերիս տեսածի համաձայն և հեռացրո՛ւ ինձնից սրտի ցանկությունը։
6 Թող ինձ չհասնեն որովայնի ցանկությունն ու անառակությունը, և մի՛ մատնիր ինձ անամոթ մարդու ձեռքը։
Խրատներ լեզուն պահելու մասին
7 Որդինե՛ր, լսե՛ք բերանի մասին այս խրատը. ով պահի այն, չի որսվի։
8 Մեղավորն իր շուրթերով է որսվում, հայհոյիչն ու ամբարտավանը դրանցով են սայթաքում։
9 Քո բերանը երդումի մի՛ ընտելացրու։
10 Մի՛ վարժվիր Սրբի անունով երդվելուն։
11 Ինչպես այն ծառան, որ հաճախ պատժի է ենթարկվում, անպակաս չէ վերքերից, այնպես էլ ով երդվում և մշտապես Սրբի անունն է տալիս, չի մաքրվում մեղքերից։
12 Շատ երդվող մարդն անօրենությամբ է լցվում, և հարվածներն անպակաս կլինեն նրա տնից։
13 Եթե հանցանք գործի, իր մեղքն իր վրա է, և եթե շփոթվի, կրկնակի մեղք է գործում։
14 Եթե իզուր երդվեց, չի արդարանա, որովհետև նրա տունը տանջանքով է լցվելու։
Անպատեհ խոսելու մասին
15 Խոսք կա, որ հավասար է մահվան. թող այն չգտնվի Հակոբի տոհմի ժառանգության մեջ։
16 Թող այս ամենը բարեպաշտներից հեռու մնա, և նրանք մեղքի մեջ չեն թավալվի։
17 Քո շուրթերը մի՛ ընտելացրու տգիտության, քանզի դրա մեջ մեղավոր խոսքեր կան։
18 Երբ մեծամեծների մեջ նստես, հիշի՛ր քո հորն ու մորը,
19 որպեսզի քեզ չկորցնես նրանց առջև և ըստ քո սովորության՝ հիմարություն չանես ու չասես՝ «Լավ էր չծնվեի», և քո ծննդյան օրն անիծես։
20 Այն մարդը, որ վարժված է նախատինքի, իր բոլոր օրերում չի խրատվի։
Անպարկեշտության մասին
21 Երկու բան կա, որ շատացնում է մեղքերը, մի երրորդ բան էլ, որ բարկություն է առաջ բերում։
22 Ցասկոտ հոգին բորբոքված կրակի նման է՝ չի մարի, մինչև չսպառվի։
23 Անառակաբարո մարդը չի դադարի իր մարմնի անդամների հետ անառակություն անել, մինչև որ կրակը չվառի նրան։
24 Պոռնիկ մարդուն ամեն տեսակ հաց քաղցր է. նա չի դադարի, մինչև որ չմեռնի։
25 Մարդը, որ մեղք է գործում իր մահճում, իր սրտում ասում է. «Ո՞վ կտեսնի ինձ։
26 Իմ շուրջը խավար է, պատերը ծածկում են ինձ, ոչ ոք չի տեսնում ինձ. ինչո՞ւ կասկածեմ. չէ՞ որ Բարձրյալը չի տեսնում իմ մեղքը»։
27 Նրա երկյուղը մարդկանց աչքն է։
28 Նա չգիտի, որ Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը։
29 Մինչև նրանց ստեղծվելն ամեն ինչ ծանոթ էր նրան. այդպես էլ կլինի նրանց վախճանվելուց հետո։
30 Այդպիսին կպատժվի քաղաքի հրապարակներում և կբռնվի այնտեղ, որտեղ չէր ենթադրի։
Անբարո կնոջ մասին
32 Այդպես կպատժվի նաև այն կինը, որ թողել է իր ամուսնուն և օտարից ժառանգ բերել։
33 Նախ՝ որովհետև Բարձրյալի օրենքին չհնազանդվեց, երկրորդ՝ հանցանք գործեց իր ամուսնու դեմ, և երրորդ՝ շնացավ պոռնկությամբ և օտար մարդուց որդի բերեց։
34 Նա ժողովրդից պիտի վտարվի, և նրա որդիներին հոգ չպիտի տանեն։
35 Նրա որդիներն արմատներ չպիտի արձակեն, և նրա ոստերը պտուղ չպիտի տան։
36 Նա անեծք է թողնելու իր հիշատակին, և նրա նախատինքը չի ջնջվելու։
37 Ավելի լավ բան չկա, քան երկյուղը Տիրոջից, և չկա ավելի քաղցր բան, քան Տիրոջ պատվիրաններին անսալը։