Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ծաղկած անապատը1 Ուրա՛խ եղիր, ծարավա՛ծ անապատ,թող ցնծա անապատն ու ծաղկ…

Ծաղկած անապատը

1 Ուրա՛խ եղիր, ծարավա՛ծ անապատ,

թող ցնծա անապատն ու ծաղկի շուշանի պես։

2 Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը.

նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի,

և՛ պատիվը Կարմելոսի.

իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ

ու վեհությունը մեր Աստծու։

3 Ո՛ւժ առեք, լքվա՛ծ ձեռքեր ու տկարացա՛ծ ծնկներ,

4 մխիթարվե՛ք, թուլասի՛րտ մարդիկ,

գոտեպնդվե՛ք և մի՛ երկնչեք։

Ահավասիկ մեր Աստվածը դատաստանով պիտի հատուցի և վրեժխնդիր լինի,

նա ինքը պիտի գա ու փրկի մեզ։

5 Այն ժամանակ կույրերի աչքերը պիտի բացվեն,

և խուլերի ականջները լսեն։

6 Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի,

և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա,

քանզի ջուր բխեց անապատում,

և գետ՝ ծարաված երկրում։

7 Ջրազուրկ տեղերը լճակների պիտի վերածվեն,

և տոչորված երկրում աղբյուրի ջրեր պիտի բխեն։

Այնտեղ թռչուններն ուրախ պիտի ճռվողեն,

հոտերը մակաղատեղ պիտի գտնեն,

այնտեղ մարգագետիններ են լինելու և ճահճուտներ։

8 Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի,

և ճանապարհը սուրբ պիտի կոչվի.

այդ տեղով պիղծը չպիտի անցնի,

պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու,

ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով,

չպիտի մոլորվեն։

9 Այնտեղ առյուծ չի լինելու,

ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու

և այնտեղ ամենևին չի լինելու.

այդ տեղով պիտի գնան փրկվածները

և Տիրոջ համար հավաքվածները։

10 Պիտի վերադառնան ու ցնծությամբ գան Սիոն,

և նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն պիտի լինի,

օրհնություն ու ցնծություն պիտի լինի նրանց գլխի վրա,

ուրախությունը պիտի պատի նրանց,

ցավը, տրտմությունն ու հեծությունը պիտի չքանան։