Հին Կտակարան
Նոր Կտակարան
Կոչ խոնարհներին1 Հավաքվե՛ք և աղաչե՛ք, ո՛վ անխրատ ազգեր,2 քանի դեռ չեք…
Կոչ խոնարհներին
1 Հավաքվե՛ք և աղաչե՛ք, ո՛վ անխրատ ազգեր,
2 քանի դեռ չեք դարձել անցավոր ծաղկի պես,
քանի դեռ չի եկել Տիրոջ սաստիկ բարկության օրը։
3 Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ,
արդարադատությո՛ւն արեք և արդարությո՛ւն փնտրեք
և պատասխա՛ն տվեք նրանց,
որպեսզի թաքնվեք Տիրոջ բարկության օրը։
Սպառնալիքներ արևմուտքի ժողովուրդներին
4 Քանի որ Գազան կհափշտակվի,
և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի,
և Ակկարոնն արմատախիլ կարվի։
5 Վա՜յ ձեզ, որ բնակվում եք ծովի եզերքում,
կրետացի բնակիչնե՛ր,
Տիրոջ պատգամը ձեր դեմ է.
Քանա՛ն, այլազգիների երկի՛ր, կվերացնեմ ձեզ բնակավայրից,
6 և Կրետեն կդառնա հոտերի արոտավայր և ոչխարների գոմ։
7 Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի,
և նրանց մեջ կճարակեն
և Հուդայի որդիների երեսից
երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում,
քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը,
և կվերացնի նրանց գերությունը։
Սպառնալիքներ արևելքի ժողովուրդներին
8 «Լսեցի Մովաբի նախատինքները
և Ամովնի որդիների թշնամանքները,
որոնցով նախատում էին իմ ժողովրդին
և մեծաբանում իմ սահմանների դեմ։
9 Նրա համար եմ ես կենդանի,-
ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,-
որ Մովաբը Սոդոմի պես դառնա,
և Ամովնի որդիները՝ Գոմորի պես,
իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը,
և հավիտյան ավերված։
Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց,
և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
10 Եվ դա կլինի նրանց՝ իրենց հպարտության փոխարեն,
քանի որ նախատեցին և մեծաբանեցին Ամենակալ Տիրոջ դեմ։
11 Տերը կերևա նրանց դեմ
և կկործանի ազգերի բոլոր աստվածներին,
և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից
ազգերի բոլոր կղզիները։
Սպառնալիքներ հյուսիսի և հարավի ժողովուրդներին
12 «Դուք ևս, եթովպացինե՛ր, իմ սրից սպանվածն եք։
13 Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա
և կկործանեմ ասորեստանցուն,
Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,
14 և կարածեն նրա մեջ հոտերն ու երկրի բոլոր գազանները,
գետնառյուծներն ու ոզնիները կբնակվեն նրա հարկերում,
գազանները կոռնան նրա նկուղներում,
և ագռավները՝ նրա դռների վրա,
քանի որ մայրու պես է նրա բարձրությունը»։
15 Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով,
որ ասում էր իր սրտում.
«Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։
Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ.
ամեն ոք, որ անցնի նրա միջով,
կշչա և կշարժի իր գլուխը։