Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Անուղղելի մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ՝ ասելով. «Մեր կյանք…

1 Անուղղելի մարդիկ այսպես խորհեցին իրենց սրտի մեջ՝ ասելով. «Մեր կյանքը կարճ է և ցավերով լի, և նույնիսկ կյանքի վախճանին մարդու համար փրկություն չկա, և չկա մեկը, որ ազատված ու վերադարձած լինի դժոխքից։ 2 Մենք պատահաբար ենք ծնվել և սրանից հետո էլ չեղածների պես ենք լինելու, որովհետև մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խոսքը՝ կայծ մեր սրտի տրոփյունի մեջ։ 3 Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռվում՝ թույլ օդի պես։ 4 Մեր անունը պիտի մոռացվի ժամանակի ընթացքում, և ոչ ոք չի հիշելու մեր գործերը։ Մեր կյանքը պիտի անցնի ամպի հետքի պես և պիտի ցրվի՝ արեգակի ճառագայթներից հալածված ու նրա տապից քշված շամանդաղի պես։ 5 Մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ 6 Արդ, եկե՛ք վայելենք այն բարիքները, որ կան, և ըմբոշխնենք այն, ինչ ստեղծված է, ինչպես երիտասարդության օրերին։ 7 Հագենանք պես-պես գինիներով և անուշ յուղերով, և գարնան ծաղիկը թող անտես չանցնի մեր կողքով։ 8 Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել։ 9 Թող մեծաշուք մեր այս ուրախությունից ոչ ոք ամենևին անմասն չմնա, ամեն տեղ ուրախության մի նշան թողնենք, որովհետև դա է մեր բաժինը և դա է մեր վիճակը։ 10 Անիրավությամբ բռնադատենք տնանկին, չխնայենք այրուն, չխորշենք ծերի բազմամյա ալեհերությունից։ 11 Մեր ուժը թող դառնա արդարության օրենքը, որովհետև հանդիմանելի է անպիտան տկարությունը։ 12 Դարանակալ լինենք արդարին, որովհետև դժկամ է նա մեր հանդեպ և հակառակ՝ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրենքների դեմ մեղանչելու համար, և պարսավում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։ 13 Հայտարարում է, թե աստվածգիտություն ունի, և ինքն իրեն Տիրոջ որդի է անվանում։ 14 Մեր խորհուրդների հանդիմանությունն է նա։ Ծանր է մեզ համար նաև նրան տեսնելը, 15 որովհետև նրա կյանքը նման չէ ուրիշների կյանքին, և տարբեր են նրա ճանապարհները։ 16 Նա մեզ գարշանք է համարում և խորշում մեր ճանապարհներից, ինչպես պղծությունից, երանի է տալիս արդարների վախճանին և հպարտանալով Աստծուն հայր է կոչում։ 17 Տեսնենք, թե ճշմարի՞տ են նրա խոսքերը և փորձենք իմանալ, թե ի՛նչ է լինելու նրա վախճանը։ 18 Եթե, արդարև, Աստծու որդի է, ապա Աստված կպաշտպանի և կազատի նրան հակառակորդների ձեռքից։ 19 Թշնամանքով և ծեծով խոշտանգենք նրան, որպեսզի տեսնենք նրա հեզության և համբերատարության չափը։ 20 Խայտառակ մահվան դատապարտենք նրան. արդյոք Աստված կայցելի՞ նրան ըստ իր խոսքերի»։

Ամբարիշտների սխալը

21 Այսպես խորհեցին և խաբվեցին, որովհետև նրանց կուրացրել էր իրենց չարությունը։ 22 Չճանաչեցին Աստծու խորհուրդները և չակնկալեցին ո՛չ սրբության վարձը և ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիվը։ 23 Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան՝ ըստ իր բարերարության պատկերի։ 24 Սակայն մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով, 25 և ովքեր նրա բաժինն են, պիտի կրեն այն։