Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Երբ վրաններում գտնվողները լսեցին պատահածի մասին, կորցրին իրենց, 2 ն…
1 Երբ վրաններում գտնվողները լսեցին պատահածի մասին, կորցրին իրենց, 2 նրանց վրա ահ ու դող ընկավ, և ոչ ոք իր տեղում չմնաց. ճողոպրեցին թե՛ դաշտային, թե՛ լեռնային ճանապարհներով։ 3 Բետիղուայի պաշարողները փախուստի դիմեցին, և Իսրայելի որդիների պատերազմող այրերը հարձակվեցին նրանց վրա։ 4 Ոզիան ավետողներ ուղարկեց Բետոմեսթեմ, Քոբա, Կովլա և Իսրայելի բոլոր սահմանները՝ ավետելու կատարվածի մասին, որպեսզի բոլորը հավաքվեն և միանան իրենց՝ ոչնչացնելու նրանց։ 5 Երբ Իսրայելի որդիները լսեցին, բոլորն էլ հարձակվելով նրանց վրա, հալածեցին նրանց մինչև Քոբա։ Նույնպես վարվեցին նաև երուսաղեմացիները և լեռնակողմի բնակիչները, երբ եկողները պատմեցին նրանց բանակում կատարվածի մասին։ Գաղաադի և Գալիլեայի մարդիկ նույնպես հասնում, հարվածում էին նրանց, մինչև որ քշեցին նրանց Դամասկոսի սահմանները։ 6 Բետիղուայի մյուս բնակիչներն ընկան բանակի հետևից՝ ավար առնելու։ Եվ Բետիղուայի բնակիչները շատ հարստացան։ 7 Իսրայելի որդիները վերադարձան կոտորածից և սկսեցին հավաքել ավարը։ Լեռնային ու դաշտային գյուղերի ու արվարձանների բնակիչները գալով՝ հավաքում էին մնացած ավարը։
8 Հովակիմ մեծ քահանան և Իսրայելի որդիների ծերակույտը, որոնք բնակվում էին Երուսաղեմում, եկան տեսնելու այն բարությունը, որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, արեց, ինչպես նաև տեսնելու Հուդիթին և խաղաղությամբ խոսելու նրա հետ։ 9 Եվ երբ մտնելով տեսան նրան, բոլորն էլ օրհնեցին նրան ու ասացին.
«Դու՝ Երուսաղեմի փառք,
Դու՝ Իսրայելի ցնծություն,
Դու՝ մեր ազգի պարծանք։
10 Արեցիր այս ամենը քո ձեռքով,
Արեցիր այս բարիքը Իսրայելին,
Եվ Աստված ընդունեց այն։
Օրհնյա՜լ եղիր դու
Ամենակալ Աստծու կողմից հավիտյան»։
Եվ ժողովուրդն ասաց. «Թող լինի»։
11 Եվ ժողովուրդը երեսուն օր բանակատեղիից կրում էր ավարը։ Հողոփեռնեսի վրանը տվեցին Հուդիթին, ինչպես նաև վրանի արծաթեղենն ու գահույքները և արծաթե ու ոսկե ողջ սպասքը։ Եվ նա, վերցնելով այդ ամենը, բարձեց իր սայլերին ու գրաստներին և բերեց քաղաքից ներս։ 12 Իսկ Իսրայելի որդիների բոլոր կանայք եկան նրան տեսնելու, օրհնեցին ու երգ ու պար նվիրեցին նրան։ Եվ վերցնելով արմավենու և ձիթենու ծաղկած ճյուղեր՝ տալիս էր նրանց։ 13 Այլ վայրերի կանայք նույնպես խումբ-խումբ գալիս էին՝ գովերգելու նրան։ Եվ ողջ Իսրայելը գնում էր նրա հետևից՝ գլուխներին գույնզգույն պսակներ դրած։
14 Եվ Հուդիթը սկսեց երգել այս օրհնությունը, և ողջ Իսրայելը նվագում էր նրա հետ։