Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բարեկամություն աշխարհի հետ1 Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվն…

Բարեկամություն աշխարհի հետ

1 Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։

2 Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։

3 Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։

4 Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի է դարձնում։ 5 Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։

6 Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։

7 Ուրեմն հնազանդվե՛ք Աստծուն և դիմադրե՛ք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։ 8 Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը. 9 տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։

10 Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։

11 Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք. իր եղբորը բամբասողը կամ դատողը չարախոսում է օրենքի մասին և դատում այն. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը գործադրող չես, այլ դատավոր։

12 Կա մե՛կ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել ու կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես մերձավորիդ։

Զգուշացում պարծենալուց

13 Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։

14 (Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։

15 Փոխանակ ասեիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը։

16 Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։

17 Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։