Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նիկանորն արգելում է պահել շաբաթը՝ հանգստյան օրը1 Երբ Նիկանորն իմացավ,…

Նիկանորն արգելում է պահել շաբաթը՝ հանգստյան օրը

1 Երբ Նիկանորն իմացավ, որ Հուդայի զինվորները Սամարիայի կողմերում են, որոշեց ու պատրաստվեց շաբաթ՝ հանգստյան օրը, հարձակվել նրանց վրա։ 2 Այն հրեաները, որոնց Նիկանորը բռնի տանում էր, սկսեցին աղաչել ու ասել. «Տե՛ր, քո կամքն այդպես խիստ ու դաժանորեն մի՛ գործադրիր, այլ փա՛ռք տուր և պատվի՛ր այս օրը, որ Ամենակալ Սուրբն է իբրև հանգստյան օր սահմանել»։ 3 Այն ժամանակ անօրենն սկսեց հարցնել ու ասաց. «Մի՞թե երկնքում գոյություն ունի Ամենակալ Աստված, որը հրամայել է ձեզ շաբաթ օրը նվիրական պահել»։ 4 Նրանք պատասխանեցին՝ ասելով. «Այո՛, ամենազոր, կենդանի Տերն է, որ հրամայել է նվիրական պահել շաբաթվա յոթերորդ օրը»։ 5 Ամենաժանտ այդ մարդն արհամարհանքով ասաց. «Ամենահզոր եմ այս երկրի վրա, որ հրամայում եմ գործել զենքով ու զրահով և կատարել արքունի գործերը»։ Այդ անօրենը չէր հրաժարվում իր գոռոզությունից։ 6 Նիկանորը համառորեն որոշել էր հարձակվել Հուդայի մարդկանց վրա, կոտորել և հաղթության նշան կանգնեցնել։ 7 Իսկ Մակաբեն մշտապես հույսը դնում էր Տիրոջ վրա, որ երբեք չէր դադարում նրան օգնելուց։ 8 Նա հուսադրում էր իր հետ գտնվողներին և ասում. «Չվախենաք, չսարսափեք անօրեն հեթանոսներից։ Նախնիների քաջագործություններն ու երկնքից եկած օգնությունը հիշելով՝ հարձակվե՛ք և այժմ էլ ակնկալե՛ք, որ Տերը հաղթություն ու մխիթարություն կտա»։ 9 Օրենքներով ու մարգարեներով քաջալերում էր նրանց՝ հիշեցնելով նրանց մղած պատերազմները։ 10 Այսպես սրտապնդելով ավելի պատրաստակամ դարձրեց նրանց՝ հիշեցնելով նաև հեթանոսների կեղծիքն ու ուխտազանցությունը։

Մակաբեի բարենշան երազը

11 Նրանցից յուրաքանչյուրին ավելի շատ սրտապնդում էր ոգևորիչ խոսքերով, քան զենքով՝ տեգերով ու վահաններով։ Այդ պահին պատշաճ մի երազ էլ պատմեց, որով ավելի զվարթացրեց բոլորին։ 12 Նրա տեսած երազը այս էր. Օնիան, որ ժամանակին քահանայապետ էր եղել, գեղեցիկ դեմքով, շքեղ արտաքինով, հեզաբարո, խաղաղ սրտով, գրավիչ խոսքով և մանկուց առաքինություններով դաստիարակված մի մարդ, ձեռքերը բարձրացրած աղոթում էր հրեա ազգի հաստատության համար։ 13 Ապա երևաց փառահեղ, սքանչելի ու խիստ վայելուչ մի ծերունի ու կանգնեց նրա մոտ։ 14 Օնիան սկսեց խոսել ու ասաց. «Սա մեր եղբայրասեր ծերունին է, որ միշտ ու հաճախ աղոթք է մատուցում Աստծուն, Աստծու մարգարե Երեմիան»։ 15 Երեմիան, աջ ձեռքը մեկնելով, Հուդայի ձեռքը ոսկե մի սուսեր տվեց և տալով այսպես ասաց. 16 «Ընդունի՛ր այս սուրբ սուսերն իբրև Տիրոջ կողմից տրված պարգև, որովհետև դրանով ես ոչնչացնելու բոլոր թշնամիներին»։

Նիկանորի պարտությունն ու մահը

17 Հուդայի այս ազդու և գեղեցիկ խոսքերից խիստ քաջալերվեցին ու ոգևորվեցին, և երիտասարդները նոր ուժ ստացան։ Որոշեցին այլևս չընկրկել, այլ ոտքերը հաստատուն դնել գետնին, համբերությամբ լցվել, պատերազմի ելնել, քաջի անուն վաստակել, հավատարմության ուխտը հաստատ պահել և քաղաքի համար դժվարություն հանձն առնել։ 18 Նրանք ավելի շատ մտահոգվում էին հանուն մեծ ու սուրբ տաճարի պատերազմելու, քան կանանց, երեխաների, հարազատ եղբայրների ու տոհմակից քաղաքացիների համար։ 19 Քաղաքում մնացածներն էլ նվազ չէին անհանգստանում մղվող պատերազմի ու նրա ելքի համար։ 20 Երկու կողմերի զորքերը միմյանց վրա հարձակվելուց առաջ թշնամու բանակը փող հնչեցրեց, պատրաստություն տեսավ, ճակատ կազմեց, բոլոր գնդերի գլուխ սպառազինված փղեր կանգնեցրեց, հեծելազորը բաշխեց աջ ու ձախ կողմերում։ 21 Հուդան, տեսնելով այդ սարսռազդու տեսարանը՝ գնդերի պարզած դրոշները, բազմատեսակ զենքերի պատրաստությունը, տարբերանշանների փողփողալն ու հսկա գազանների կատաղությունը, ձեռքերը երկինք պարզած՝ դիմեց հրաշագործ Տիրոջը, որ հաղթանակ է պարգևում ոչ թե ըստ մարդկանց ցանկության, այլ ըստ իր արդարադատ կամքի՝ այն մարդկանց, որ արժանի են դրան։ 22 Նա դիմեց նրան այսպիսի աղաչանքով. «Դու, տերերի՛ Տեր, Եզեկիել արքայի ժամանակ ուղարկեցիր քո հրեշտակին և Սենեքերիմի զորքից կոտորեցիր հարյուր ութսունհինգ հազար սպառազեն հեծյալի։ 23 Արդ, ո՛վ ամենազոր Տեր, որ բնակվում ես երկնքում, ուղարկի՛ր մեզ քո հրեշտակին՝ որպես ահ ու սարսափ, որպես քո բազկի զորություն, որպեսզի սարսափեն ու դողան նրանք, 24 որ հայհոյելով հարձակվել են քո ժողովրդի վրա»։ Եվ նա այսպես վերջացրեց իր խոսքը։
25 Նիկանորը շեփորներ հնչեցնելով, բազմաթիվ նվագարանների ձայնով իր զորքն էր առաջ շարժում։ 26 Սրանք բազմաթիվ աղոթքներով ու պաղատանքներով հարձակվեցին նրանց վրա։ 27 Ձեռքերը կռվի մեջ էին, իսկ սրտերը աղոթքներով դարձած էին դեպի երկինք, դեպի Աստված։ Հուդա Մակաբեի բանակը հեթանոսների զորքից կոտորեց ոչ պակաս քան երեսունհինգ հազար մարդու՝ խիստ ուրախանալով, որ Աստված մեծապես օգնեց իրենց։ 28 Այսպես գործը հաջող ավարտելով՝ ուրախությամբ վերադարձան։ Երկու կողմերի սպանված զինվորների մեջ գտնելով Նիկանորի դիակն իր զենքերով ու զինանշաններով հանդերձ՝ 29 մայրենի լեզվով ու բարձր ձայնով օրհնեցին իրենց Ամենազոր Աստծուն։ 30 Ազգի համար հոժարակամ նահատակվելու պատրաստ Հուդան հրամայեց, որ կտրեն Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը ուսով հանդերձ և տանեն Երուսաղեմ։ 31 Երբ ինքը եկավ հասավ, կանչեց իր ազգատոհմի մարդկանց, քահանաներին կանգնեցրեց զոհասեղանի առջև, բերել տվեց նաև միջնաբերդում մնացած մարդկանց և 32 նրանց ցույց տվեց անօրեն, հայհոյող Նիկանորի գլուխն ու այն ձեռքը, որ ամբարտավան գոռոզությամբ հանդգնել էր երկարել Ամենակալ Աստծու տաճարի դեմ։ 33 Նա հրամայեց կտրել անօրեն Նիկանորի լեզուն և ասաց. «Մանր-մանր կտրատելով սա՝ գիշակեր թռչուններին կեր պիտի դարձնեմ»։ Իսկ նրա անխոհեմ բազուկը հրամայեց կախել տաճարի դիմաց։ 34 Բոլորը դեպի երկինք՝ իրեն հայտնած Աստծուն ուղղեցին իրենց օրհներգությունները և ասացին. «Օրհնյա՜լ լինի նա, ով իր սուրբ վայրն անարատ պահեց»։
35 Մակաբեն Նիկանորի գլուխը կախեց միջնաբերդից ի ցույց բոլորի, որպես նշան Տիրոջ պարգևած հաղթության ու բացահայտ օգնության։
36 Բոլորի համաձայնությամբ ամբողջ ազգին հրաման տվեցին այդ օրն ամենամյա տոն դարձնել, որպեսզի այդ օրն աննկատ չանցնի։ Դա տասներկուերորդ ամսի, որ ասորերեն կոչվում է Ադար, տասներեքերորդ օրն էր՝ Մուրթքեական օրից* մի օր առաջ։
37 Նիկանորի հետ կապված դեպքերի պատմությունն այսքան է։ Եվ այն ժամանակներից քաղաքն անցավ եբրայեցիների իշխանության տակ։

Վերջաբան

Այստեղ ես էլ ավարտում եմ այն ժամանակների պատմությունը։ 38 Եթե գովության արժանի է շարադրանքս, ապա գոհ եմ, որովհետև դա է եղել իմ ցանկությունը, իսկ եթե խոսքս եղել է պարզունակ ու թույլ, ապա այդքանն եմ կարողացել։ 39 Որովհետև ինչպես որ գինին կամ ջուրն առանձին խմելն է տհաճ,- իսկ եթե մեկը դրանք խառնում է իրար, քաղցր ու հաճելի է դարձնում այն,- այդպես էլ այս պատմության կառուցվածքն է հաճելի այն ունկնդրողների ականջին։ Այստեղ ավարտում ենք մեր խոսքը։