Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երկու գազանները1 Եվ տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ու տ…

Երկու գազանները

1 Եվ տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ. նրա եղջյուրների վրա կար տասը խույր, իսկ գլուխների վրա՝ հայհոյական մի անուն։ 2 Տեսածս գազանը նման էր հովազի, ոտքերը նման էին արջի ոտքերի, իսկ բերանը՝ առյուծի բերանի։ Վիշապը նրան տվեց իր զորությունը, գահն ու մեծ իշխանություն։ 3 Գազանի գլուխներից մեկը մահացու վիրավորված էր, բայց նրա մահացու վերքն առողջանում էր, և ամբողջ երկիրը զարմացավ գազանի վրա, քանի որ վիշապը նրան տվեց իր թագավորությունը։ 4 Երկրպագեցին վիշապին, որ իր իշխանությունը տվել էր գազանին, և ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կկարողանա կռվել նրա դեմ»։ 5 Եվ նրան տրվեց բերան՝ մեծ-մեծ խոսելու և Աստծուն հայհոյելու։ Եվ քառասուներկու ամսվա համար նրան իշխանություն տրվեց։ 6 Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ և հայհոյեց նրա անունը, նրա երկրավոր ու երկնային բնակավայրերը, այսինքն՝ երկնքում բնակվողներին։ 7 Նրան իշխանություն տրվեց բոլոր ազգերի և լեզուների ու ժողովուրդների վրա, 8 որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անուններն աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։ 9 Ով ականջ ունի լսելու, թող լսի. 10 ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։

11 Եվ տեսա մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից և ուներ երկու եղջյուր՝ նման գառան եղջյուրների, բայց խոսում էր ինչպես վիշապը։ 12 Եվ նա ամբողջովին առաջին գազանի իշխանությունն էր գործադրում նրա առաջ և ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, որի մահացու վերքն արդեն առողջացել էր։ 13 Եվ բազում նշաններ էր կատարում. մարդկանց աչքի առաջ երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա, 14 մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրվել էին նրան՝ գազանի առաջ կատարելու համար։ Երկրի բնակիչներն ասացին նրան. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վերքերից»։ 15 Եվ նրան իշխանություն տրվեց, որպեսզի շունչ տա գազանի արձանին, որ արձանը խոսի, և երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, սպանի նրան. 16 և ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա։ 17 Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը։ 18 Այստե՛ղ է իմաստությունը։ Միտք ունեցողը թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է, և նրա անվան թիվն այս է՝ վեց հարյուր վաթսունվեց։