Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ընդդեմ չարաշահողների1 Նեղություններ խորհեցին.չարիք են գործում իրենց ա…
Ընդդեմ չարաշահողների
1 Նեղություններ խորհեցին.
չարիք են գործում իրենց անկողիններում
և այգաբացին լույսով նույնն ի կատար են ածում,
քանի որ չբարձրացրին իրենց ձեռքերն առ Աստված։
2 Տենչում էին հանդերի,
հափշտակում էին որբերին
և բռնագրավում տները,
հափշտակում էին մարդուն և նրա տունը,
մարդուն և նրա ժառանգությունը։
3 Դրա համար այսպես է ասում Տերը.
«Ահա ես այդ ազգի դեմ փորձանքներ եմ խորհում,
որոնց միջից վեր չեք հանելու ձեր պարանոցները,
ո՛չ էլ իսկույն ուղիղ եք գնալու,
քանի որ ժամանակը չար է»։
4 Այն օրը ձեր դեմ առակ կհորինեմ.
ողբեր կհնչեցնեն ողբաձայն և կասեն.
«Բոլորովին թշվառացանք։
Իմ ժողովրդի մի մասը լարով չափվեց,
և չկար մեկը, որ արգելեր նրան հետ դարձնելու.
մեր հանդերը բաժանվեցին»։
5 Դրա համար չի լինի մեկը, որ վիճակով լարաբաժին գցի։
Մարգարեի պատգամին հակադրվողները
6 Արտասուքով մի՛ լացեք Տիրոջ եկեղեցում,
և թող չարտասվեն դրա համար,
քանի որ չի հեռացնի նախատինքները։
7 Ով ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ Հոգին,
թե սա կլինի նրա ընթացքը,
ճիշտ չեն նրա խոսքերը նրա հետ.
իմ ժողովուրդն ուղիղ չի գնացել իմ առջևից։
8 Թշնամության համար հակառակ կանգնեց իր խաղաղության դեմ։
Նրան մորթազերծ կանեն՝ վերացնելու հույսը, պատերազմի արհավիրքը։
9 Դրա համար իմ ժողովրդի առաջնորդները դուրս կնետվեն իրենց վայելչագեղ տներից.
իրենց չար ընթացքի համար վտարվեցին։
Մոտեցե՛ք հավիտենական լեռներին։
10 Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ.
պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,
11 հալածվեցիք առանց որևէ մեկի հալածելու։ Չար ոգին ելավ,
քո մեջ գինի և արբեցություն կաթեցրեց.
այդ կաթումից այս ժողովրդին էլ կհասնի։
12 Ամբողջովին կհավաքվի Հակոբը՝ բոլորով հանդերձ,
և միանգամայն կընդունի Իսրայելի մնացորդներին,
և միասին կվերադարձնեմ նրանց՝ որպես նեղության մեջ գտնվող ոչխարների,
իրենց մակաղատեղիում եղող հոտերի պես։
Մարդկանցից առաջ կընթանան խրամատով,
13 քանի որ նրանց առաջ խրամատներ կբացվեն.
կանցնեն դռնով և դուրս կելնեն նրանով,
թագավորն էլ կելնի նրանց առաջ,
և Տերը կառաջնորդի նրանց։