Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ճառ Ը1 Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, 2 որպ…
Ճառ Ը
1 Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, 2 որպեսզի բարի խորհուրդները պահես։ Քեզ եմ պատվիրում իմ շուրթերի իմաստությունը։ 3 Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ, 4 բայց հետո զգում ես, որ ավելի դառն է, քան լեղին, և ավելի կտրող, քան սուրը երկսայրի, 5 որովհետև նրա ոտքերը դեպի մահ են տանում, նրա քայլերը՝ դեպի դժոխք, հաստատուն չեն նրա հետքերը, 6 որովհետև կյանքի ճանապարհներով չի գնում, զեխ և անհայտ է նրա ընթացքը։ 7 Արդ, որդյա՛կ, լսի՛ր ինձ, և մի՛ արհամարհիր իմ խոսքերը, 8 քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին, 9 որ քո կյանքը օտարներին չմատնես և քո ունեցվածքը՝ անողորմներին։ 10 Քո ուժով թող չզորանան օտարները, և քո վաստակը ուրիշների տունը չմտնի։ 11 Որ հետո զղջաս, երբ քո մարմնի անդամները մաշվեն, 12 ու ասես. «Ինչո՞ւ ատեցի խրատը, և հանդիմանությունից սիրտս խոտորվեց»։ 13 Ո՛չ իմ խրատատուի ձայնն էի լսում, ո՛չ էլ ականջ էի դնում իմ ուսուցչի խոսքերին. 14 քիչ էր մնացել, որ խորհրդի և ժողովրդի մեջ մասնակից դառնայի ամեն չարիքի։
Չորս նախազգուշացումներ
15 Ջուրը քո ամանի՛ց խմիր և քո ջրհորի ջրից։ 16 Թող քո ջրերը բխեն քո աղբյուրից, և քո հրապարակը թող հոսեն քո ջրերը։ 17 Դրանք միայն քոնը թող լինեն, և ո՛չ մի օտար չբաժանի քեզ հետ։ 18 Քո ջրի աղբյուրը թող առանձի՛ն լինի, և ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ, 19 եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։ 20 Մի՛ այցելիր օտարներին և մի՛ փարվիր այն կրծքին, որ քոնը չէ. 21 քանզի Աստծու աչքի առջև են տղամարդու ճանապարհները, և նա գիտի նրա բոլոր շավիղները։ 22 Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով, 23 չխրատվելու պատճառով նա մեռավ անխրատների հետ և զրկվեց իր կյանքի երկարությունից ու կորավ անզգամության պատճառով։