Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ալեքսանդրիայի Պտղոմեոս Դ Ֆիլոպատորի հաղթանակը Անտիոքի Անտիոքոս Գ-ի դե…

Ալեքսանդրիայի Պտղոմեոս Դ Ֆիլոպատորի հաղթանակը Անտիոքի Անտիոքոս Գ-ի դեմ 217 թ.

1 Ֆիլոպատորն իր մոտ վերադարձողներից տեղեկացավ, որ Անտիոքոսը գրավել է իր հողերը։ Ուստի հրաման տվեց իր ամբողջ զորքին՝ հետևակին ու հեծելազորին, հետը վերցրեց իր քույր Արսինոյեին և շարժվեց, գնաց հասավ Ռաափիա, ուր հասել ու բանակ էր դրել Անտիոքոսն իր ամբողջ զորքով։ 2 Թեոդոտոս անունով մեկը, դավադրություն նյութելով, վերցրեց իր ձեռքի տակ եղած զորագունդը, գաղտնի զինվեց ու գիշերով հասավ Պտղոմեոսի վրանը, որպեսզի ներս մտնի և նրան այնտեղ սպանելով՝ միայնակ լուծի պատերազմի հարցը։ 3 Բայց Դոսիթեոս անունով մի հրեա, որն ուրացել էր իր նախնիների կրոնը, Պտղոմեոսին ուրիշ տեղ էր առաջնորդել և այդտեղ՝ վրանում, աննշան մեկին դրել։
4 Երբ մարտը բորբոքվեց, և հաջողությունը թեքվեց Անտիոքոսի կողմը, Արսինոյեն անմիջապես վեր կացավ, զորքերին ողորմաձայն լալով ու հերարձակ աղաչեց, որ նրանք այսուհետև իրենց ու իրենց որդիների համար կռվեն, և եթե կարողանան հաղթանակ տանել, ապա խոստացավ նրանցից ամեն մեկին երկուական ոսկի մնաս տալ։ 5 Այնպես պատահեց, որ Անտիոքոսն ու իր զորքը պարտություն կրեցին. ոմանք կոտորվեցին, ոմանք գերեվարվեցին։
6 Երբ դավադրությունը կանխվեց, և պատերազմը բարեհաջող ավարտ ունեցավ, Պտղոմեոսը որոշեց գնալ այցելել իր շրջակայքում գտնվող քաղաքները և քաջալերել բնակիչներին։ 7 Այդ անելով և պաշտամունքի բոլոր վայրերին նվերներ բաշխելով՝ նա ոգևորեց ու քաջալերեց իր հպատակներին։
8 Եբրայեցիները ևս ժողովրդի ծերակույտից մարդ ուղարկեցին՝ նրան ողջունելու, նվերներ մատուցելու և հաղթանակի առթիվ ուրախություն հայտնելու։ Նա էլ հայտնեց, որ սիրով հանձն է առնում գնալ նրանց մոտ։

Հրեաները Պտղոմեոսին թույլ չեն տալիս մտնել Սրբություն սրբոց

9 Երբ մեծ շուքով ու հանդիսավորությամբ եկավ հասավ Երուսաղեմ, մեծ Աստծուն ողջակեզներ մատուցեց, գոհություն հայտնեց ու շնորհակալ եղավ և կամենում էր ավելի պատիվներ տալ այդ վայրին։ 10 Իսկ երբ մտավ տաճար, զարմացավ սուրբ վայրի գեղեցկության ու շքեղության և դրա սպասքի դասավորության վրա, ապա ցանկություն հայտնեց մտնել սրբարանից ներս։ 11 Հրեաները առաջը կտրեցին և հայտնեցին, որ պատշաճ ու հարմար չէ այդ բանն անելը, որովհետև հրեաներն իրենք անգամ իրավունք չունեն մտնել այնտեղ։ Նույնիսկ քահանաները չեն կարող մտնել այնտեղ, այլ միայն քահանայապետը, այն էլ տարին միայն մեկ անգամ։ Սակայն նա չնահանջեց։ 12 Թեպետ բերեցին օրենսգիրքը, կարդացին նրա առաջ, բայց նա չհրաժարվեց. համառում, պնդում էր, որ ներս մտնի։ «Եթե նրանք արժանի չեն ներս մտնել, ապա ես,- ասում էր,- արժանի եմ այդ պատվին։ 13 Հապա ինչպե՞ս է,- ասաց,- որ պաշտամունքի բոլոր վայրերն անխտիր համարձակ մտել եմ, և ոչ ոք ինձ չի արգելել»։ 14 Այդտեղից մեկը համարձակորեն խոսեց 15 ու ասաց. «Ինչո՞ւ ես համառելով պնդում։ Մի՞թե չի կարող լինել այնպիսի մի տեղ, ուր պատշաճ չէ մտնել»։ Նա պատասխանեց. «Ո՛չ, հնար չկա, ուզում եք, թե չեք ուզում, ես մտնելու եմ»։
16 Բոլոր քահանաներն իրենց թանկարժեք զգեստներով ընկան գետնին և աղաչում էին Աստծուն, որ օգնի իրենց և նրան հետ կանգնեցնի իր մտադրությունից։ Նրանք տաճարը աղաղակով ու լացուկոծով լցրին։ 17 Մնացած քաղաքացիներն էլ հուզված ու շտապ այդտեղ հասան։ «Ի՞նչ է պատահել»,- շշնջում էին նրանք։ Կույսերը, որոնք իրենց մայրերի հետ փակված էին իրենց տներում, փողոց ելան։ Նրանք հող էին ցանում իրենց գլխին և քաղաքը լցնում իրենց ճիչ ու աղաղակով։ 18 Նորահարսները, իրենց պատշաճ ամոթը մոռացած, դուրս եկան իրենց առագաստներից և համարձակ քայլվածքով դեպի քաղաքամեջ էին շտապում։ 20 Նույն ձևով դեռատի մայրերն իրենց երեխաներով, երեխաների հոգսերը մոռացած, խելահեղորեն վազում էին արտերի միջով՝ առանց հետ նայելու, որպեսզի հավաքվեն սրբազան տաճարի մոտ։ 21 Այստեղ հավաքվածների աղոթքը բազմազան էր, որովհետև թագավորն անօրենությամբ որոշել էր հանդգնաբար ներս մտնել։ 22 Դրա համար քաղաքացիները բարկացել էին և չէին հաշտվում այդքան անիրավ մարդու բռնության հետ։
23 Երբ տեսան, որ հաստատապես ու համառորեն ուզում է իր կամքը կատարել, միմյանց ձայն տվեցին, ամեն մեկն իր զենքը վերցրեց, որպեսզի կազմ ու պատրաստ լինի կռվելու և մեռնելու հանուն նախնիների հավատի ու հայրերի օրենքների։ Այդտեղ նրանք մեծ խռովություն բարձրացրին, բայց ժողովրդի ծերերը մի կերպ կարողացան ամբոխին հանդարտեցնել և կռվի պատրաստվածներին դարձյալ նույն աղոթական վիճակին դարձնել։ 24 Քաղաքի ժողովուրդը ևս նախկինի պես աղոթքի մեջ էր։ 25 Թագավորի մոտ գտնվող ծերերն ու մեծամեծները ջանում էին նրա գոռոզ միտքը փոխել և կոտրել նրա բորբոքված համառությունը։ 26 Բայց նա չէր ընկրկում. համառորեն պահանջում էր կատարել նախապես հայտնած իր կամքը։ 27 Նրա մոտ գտնվողները, երբ տեսան նրա համառությունը, դարձյալ աղոթքի կանգնեցին և աղաչեցին Ամենազոր Աստծուն, որ զորավիգ լինի իրենց, որ չարհամարհի ու չլքի իրենց և թույլ չտա, որ իրենց Օրենքն ու կրոնը ոտնահարվեն ամբարտավան խորհուրդներով։ 28 Հավաքված ժողովուրդն այնպես անընդհատ ու սրտակեղեք էր աղաղակում, որ սոսկալի աղմուկ բարձրացավ, 29 և թվում էր, թե ոչ միայն մարդիկ են աղաղակում, այլև պարիսպներն ու գետինն են ձայն տալիս, որովհետև բոլորը գերադասում էին մեռնել, քան սրբարանը պղծված տեսնել։