Հին Կտակարան
Նոր Կտակարան
1 Գովաբանական օրհներգ ԴավթիՈվ ապրում է Բարձրյալի օգնությամբ,Երկնքում …
1 Գովաբանական օրհներգ Դավթի
Ով ապրում է Բարձրյալի օգնությամբ,
Երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։
2 Տիրոջը կասի. «Ինձ ընդունողն ես,
Իմ ապավե՛ն Աստված, և ես նրան կհուսամ»։
3 Նա ինձ կփրկի որսացողի որոգայթից
Եվ խռովեցուցիչ խոսքերից։
4 Քեզ կընդունի իր ուսերի տակ,
Եվ կապաստանես նրա թևերի հովանու տակ։
Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։
5 Դու չես վախենա գիշերվա երկյուղից
Եվ ոչ էլ ցերեկվա թռչող նետից,
6 Խավարում շրջող իրից
Եվ դևի կեսօրվա գայթակղությունից։
7 Քո կողքին հազարներ կընկնեն,
Եվ բյուրավորներ՝ քո աջում,
Սակայն քեզ ոչինչ չի մերձենա։
8 Բայց դու միայն քո աչքերով կնայես
Եվ մեղավորների հատուցումը կտեսնես,
9 Որովհետև, Տե՛ր, դու իմ հույսն ես։
Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր,
10 Չարիքները քեզ չեն հասնի,
Եվ տանջանքները չեն մերձենա քո հարկերին։
11 Նրա հրեշտակներին պատվիրված է քո մասին,
Որ քեզ պահպանեն քո բոլոր ճանապարհներին։
12 Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ,
Որ երբեք ոտքդ քարին չխփես։
13 Դու կքայլես իժերի և քարբերի վրայով,
Ոտքով կկոխես առյուծին ու վիշապին։
14 Քանզի ինձ հուսաց, և ես կփրկեմ նրան,
Հովանի կդառնամ նրան, որովհետև անունս ճանաչեց։
15 Ինձ կաղոթի, և ես կլսեմ նրան
Ու նրա հետ կլինեմ նեղության պահին.
Կփրկեմ և կփառավորեմ նրան,
16 Բազում օրերով կլիացնեմ նրան
Եվ ցույց կտամ նրան իմ փրկությունը։