Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղեմի տաճարի սրբագործումը1 Մակաբեն և ովքեր նրա հետ էին, Տիրոջ օգ…

Երուսաղեմի տաճարի սրբագործումը

1 Մակաբեն և ովքեր նրա հետ էին, Տիրոջ օգնությամբ զորացած, գերությունից ազատեցին քաղաքն ու տաճարը, 2 քաղաքի մեջ այլազգիների կառուցած բագիններն ու պաշտամունքի տեղերը քանդեցին, 3 տաճարը սրբագործեցին, մեկ այլ զոհասեղան շինեցին ու կայծքարերից կրակ ստանալով և այդ կրակը վերցնելով՝ երկամյա ընդմիջումից հետո ողջակիզման զոհեր մատուցեցին, ճրագներ վառեցին, խունկ ծխեցին և առաջավորաց հաց ընծայեցին։ 4 Երբ դա կատարեցին, երեսի վրա գետնին ընկնելով՝ աղաչում էին Տիրոջը, որ նույն չարիքներն այլևս չկրկնվեն իրենց նկատմամբ, իսկ եթե երբևէ հանցանք գործեն, ինքը մեղմությամբ խրատի և ոչ թե հայհոյող, խուժադուժ հեթանոսների ձեռքը մատնի իրենց։ 5 Արդ, այնպես պատահեց, որ այն օրը, երբ տաճարը հեթանոսների ձեռքով պղծվել էր, հենց նույն օրը վերանորոգեցին սրբարանը, այն է՝ Քասղև կոչվող ամսի քսանհինգերորդ օրը։ 6 Նրանք Տաղավարահարաց տոնի նմանությամբ ութ օր ցնծությամբ և ուրախությամբ տոն կատարեցին՝ հիշելով, որ ոչ շատ ժամանակ առաջ Տաղավարահարաց տոնը լեռներում՝ քարանձավներում ու ծերպերում էին կատարում և երեների նման խոտ ճարակում ու թափառում։ 7 Դրա համար թավ ծառերից գեղեցիկ ճյուղեր ու արմավի ոստեր վերցնելով՝ գոհություն մատուցեցին Նրան, որ հաջողություն էր տվել իրենց՝ սրբագործելու իր սրբավայրը։ 8 Համընդհանուր քվեարկությամբ հրաման տրվեց, որ եբրայեցի ազգն այդ օրը դասի տարեկան տոների շարքը և տոնախմբի ցնծությամբ ու ուրախությամբ։
9 Այսքանը Եպիփանես մականվամբ Անտիոքոսի վախճանի մասին։
10 Իսկ այդ անօրեն մարդու զավակի՝ Անտիոքոս Եվպատորի մասին համառոտակի կպատմենք միայն այն, ինչ կատարվեց քաղաքներում։

Անտիոքոս Եվպատորի թագավորության սկիզբը

11 Երբ Անտիոքոսը գահ բարձրացավ, Ստորին Ասորիքի ու Փյունիկեի կողմերի արքունի կառավարիչ նշանակեց Լյուսիասին։ 12 Պտղոմեոսը, որին Բարձրանձն էին կոչում, եբրայեցիների հանդեպ արդարություն էր գործադրում և ջանում էր խաղաղություն պահպանել, քանի որ նրանց զրկել էին իրավունքներից և խախտել կնքված ուխտը։ 13 Դրա համար էլ նրա ընկերներն Անտիոքոսի մոտ ամբաստանեցին նրան և մատնիչ էին անվանում այն բանի համար, որ նա թողել էր Ֆիլոմիտորի հրամանով իրեն հանձնված Կիպրոսը և եկել Անտիոքոսի մոտ։ Չդիմանալով իր հասցեին ասված նախատինքներին՝ նա թույն խմեց ու մեռավ։

Մակաբեի հարձակումը եդովմացիների բերդերի վրա

14 Գորգիասը, դառնալով այդ կողմերի զորավար, եդովմացիներից զորք հավաքեց և հարձակումներ էր գործում հրեաների ամրոցների վրա։ 15 Նրանց միացան նաև Երուսաղեմից փախուստի դիմած հեթանոսները և գնդեր կազմած հարձակվում էին իսրայելացիների վրա։ 16 Իսկ նրանք, որ Մակաբեի հետ էին, աղոթեցին Աստծուն, նրա օգնությունը հայցեցին և իրե՛նք նախահարձակ եղան եդովմացիների բերդերի վրա։ 17 Եկան, խմբեր կազմեցին, հարձակվեցին ու խորտակեցին բերդերը, հարվածեցին ու կոտորեցին և բոլոր իրենց ձեռքն ընկածներին սպանեցին։ 18 Ոմանք էլ փախան ու եկան ապաստանեցին երկու ամուր բերդերում։ Նրանք իրենց մոտ ունեին մարտական ամեն տեսակ մեքենաներ՝ պաշարմանը դիմանալու համար։ Նրանք մեքենաները կանգնեցրին պարիսպների մոտ։ 19 Մակաբեն բերդերը պաշարելու համար այնտեղ թողեց Շմավոնին, Հովսեփին, Զաքեին՝ իրենց զինվորներով, իսկ ինքը գնաց։ 20 Բերդի շուրջը նստած Շմավոնի զինվորները բանագնացներ ուղարկեցին, կաշառք վերցրին, բերդերում պաշարվածներից յոթանասուն հազար սատեր արծաթ առան և թույլ տվեցին, որ նրանք դուրս գան բերդերից ու փախչեն։ 21 Երբ կատարված դեպքերի մասին տեղյակ պահեցին Մակաբեին, նա հավաքեց բոլոր իշխաններին, դատապարտեց, մեղադրեց, որ արծաթով վաճառել են եղբայրներին և ազատ արձակել թշնամիներին։ 22 Օրենքը խախտողներին բերեցին ու սպանեցին, իսկ իրենք արշավեցին դեպի բերդերը։ 23 Եկան, պաշարեցին դրանք, և որովհետև հաջողությունը նրա կողմն էր, այդ օրն ավելի քան քսան հազար մարդ կոտորեցին։

Մակաբեի հաղթանակը Տիմոթեոսի դեմ և Գազարայի գրավումը

24 Տիմոթեոսը, որ առաջ պարտություն էր կրել եբրայեցիներից, կրկին աշխուժացավ, կրկին զորք հավաքեց օտար երկրներից, ասիացիներից մեծաթիվ այրուձի ժողովեց՝ մտադրվելով գալ, սրի ուժով գերեվարել Հուդայի երկիրը։ 25 Իսկ Մակաբեի հետ եղածները նրանց մոտենալու պահին պաղատանքով դիմում էին Աստծուն, գլուխներին հող էին ցանում, քուրձ հագնում, 26 զոհասեղանի առաջն ընկած՝ թավալվում էին աստիճանների վրա. խնդրում էին, որ սրանից հետո նա հաշտ լինի իրենց հետ, վանի իրենց թշնամիներին, դեմ կանգնի իրենց հակառակորդներին. աղաչելով աղոթում էին, ինչպես հրահանգում էր օրենքը։ 27 Երբ աղոթելը վերջացրին, բոլորը զենք վերցրին, սպառազինվեցին, պատրաստվեցին ու քաղաքից բավական հեռու գնացին։ Երբ թշնամու գնդին մոտեցան, ըստ կարգի դասավորվեցին ու ճակատ կազմեցին։ 28 Երբ շառագույն արեգակն սկսեց իր ճառագայթները սփռել երկրի երեսին, երկու կողմերը բախվեցին միմյանց։ Օրը բախվողների մի կեսին ուրախության բարի նշան էր պատրաստում և ուրախալի հաղթություն նախատեսում, որովհետև երկնքի զորության փառքը և իրենց Տիրոջ օգնականությունը, լույսի պես իջնելով, անվտանգ էին պահում նրանց, իսկ մյուս կեսին բիրտ գոռոզության համար տագնապ էին պատճառում։ 29 Այն պահին, երբ պատերազմի անաչառ, անողորմ ձեռքն իր գործն էր անում, երկնքից երևացին սպառազեն հինգ հեծյալներ՝ զինված ոսկե զենքերով ու ոսկե զարդերով։ Նրանք իջան թշնամու բանակի մոտ և եկան խառնվեցին եբրայեցիների գնդին։ 30 Նրանք, Հուդա Մակաբեին իրենց մեջն առնելով, առաջ գնացին՝ իրենց զենք ու զրահով ծածկելով և անվնաս պահելով նրան, որովհետև տարբեր կողմերից նրա վրա եկող բոլոր նետերն ու տեգերը վանում էին և բարկությամբ լցված՝ իրենց նետերով թշնամու աչքերն էին կուրացնում։ Թշնամու ահաբեկված զորքն սկսեց իրար խառնվել։ 31 Այդ օրը թշնամու բանակից քսան հազար հինգ հարյուր սպառազեն զինվոր ընկավ, 32 իսկ Տիմոթեոսն ինքը մազապուրծ՝ ամբոխի հետ փախուստի դիմեց։ Նա եկավ ընկավ Գազարա անունով պարսպապատ քաղաքը, որտեղ զորավար էր Քերեասը։ 33 Մակաբեն իր զորքով եկավ ու չորս օր պաշարեց բերդը։ 34 Ներսում գտնվողները, ապավինելով քաղաքի ամրությանը, ծաղրում էին եբրայեցիներին, իրենց չարությունից թշնամական, անարգալից խոսքեր էին շպրտում նրանց հասցեին։ 35 Երբ լուսանում էր շաբաթվա հինգերորդ օրը, եբրայական բանակից քսան ընտիր երիտասարդներ, Մակաբեի հետ զենքեր վերցնելով, բարկությամբ լի, քաջաբար հարձակվեցին քաղաքի դարպասներից մեկի վրա և ում պատահեցին դարպասի մոտ, տեղնուտեղը սպանեցին։ 36 Հարձակում գործեց նաև պարիսպների շուրջը գտնվող ամբողջ զորքը։ Աղմուկ-աղաղակը հասավ քաղաք։ Պարսպապահ զինվորները, որոնք պարսպի վրա էին, թե՛ դրսից, թե՛ ներսից, տեղատարափ անձրևի պես վերևից վայր էին թափվում։ Եբրայեցիները ներս խուժեցին, բերդի աշտարակն ու քաղաքի բոլոր փայտակերտ շինությունները կրակի մատնեցին, դարպասներն ու մարտական մեքենաներն այրեցին, աչքի ընկնող ամեն ինչ խորտակեցին, հետո քաղաքի մեջ խարույկ վառեցին ու իրենց հայհոյող թշնամիներին դրա վրա այրեցին։ Նրանք կողոպտեցին քաղաքի ամբողջ հարստությունն ու ունեցվածքը և քաղաքի օրենքն ու կարգերը վերցրին իրենց ձեռքը։ 37 Եկան գտան նաև Տիմոթեոսին, որ փախել, թաքնվել էր մի գբի մեջ, և նրան իր եղբայրների՝ Քերեասի ու Ապոլոփանեսի հետ նույն գբի մեջ սպանեցին։ 38 Երբ այս բոլոր գործերն արեցին վերջացրին, ցնծությամբ և ուրախությամբ օրհնաբանեցին ու գոհություն հայտնեցին Տիրոջը, որ մեծ ու փառավոր հաղթանակ էր պարգևել Իսրայելին։