Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ երկյուղը փորձության ժամին1 Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառա…
Տիրոջ երկյուղը փորձության ժամին
1 Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների՛ պատրաստիր։
2 Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։
3 Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
4 Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր։
5 Քանզի ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում։
6 Հավատա՛ Տիրոջը, և նա կպաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները և հույսդ նրա վրա՛ դիր։
7 Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալե՛ք նրա ողորմությունը և մի՛ խոտորվեք, որպեսզի չգլորվեք։
8 Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, հավատացե՛ք նրան, և չի կորչի ձեր վարձը։
9 Դուք, որ երկյուղ եք կրում Տիրոջից, ակնկալե՛ք բարիքներ, հավիտենական ուրախություն և ողորմություն։
11 Նայե՛ք հին ազգերին և տեսե՛ք՝ ո՛վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։
12 Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտեսեց նրան։
13 Արդարև, Տերը գթած է և ողորմած, ներում է մեղքերը և փրկում նեղության ժամանակ։
14 Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։
15 Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում. դրա համար էլ նա պաշտպանություն չի գտնի։
16 Վա՜յ ձեզ, որ կորցրել եք համբերությունը. ի՞նչ պիտի անեք, երբ Տերն այցելի հաշիվ պահանջելու։
18 Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խոսքերը, և ովքեր սիրում են նրան, կպահեն նրա ճանապարհները։
19 Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, կփնտրեն նրա բարեհաճությունը, և ովքեր սիրում են նրան, կլցվեն Օրենքով։
20 Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կլինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը կխոնարհվեն Տիրոջ առաջ։
22 Լավ է Տիրոջ ձեռքն ընկնենք և ոչ թե մարդկանց,
23 քանզի ինչպես նրա մեծությունն է, այնպես էլ՝ նրա ողորմածությունը։