Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տերը խոստանում է Իսրայելին վերադարձնել գերությունից1 Տերը հաստատեց իր…

Տերը խոստանում է Իսրայելին վերադարձնել գերությունից

1 Տերը հաստատեց իր խոսքերը, որ խոսեց մեզ համար, մեր դատավորների համար, որ դատում էին Իսրայելը, մեր թագավորների համար, մեր իշխանների համար, Հուդայի և Իսրայելի մարդու համար՝ 2 մեզ վրա բերելու մեծամեծ չարիքներ, որ երբեք չեն կատարվել ողջ երկնքի ներքո, ինչպես արվեց Իսրայելի նկատմամբ՝ ըստ Մովսեսի օրենքում գրվածների, 3 թե մենք ուտելու ենք մեր որդիների մարմինը, և մարդը՝ իր դստեր մարմինը։ 4 Եվ մեզ ստրկության մատնեց բոլոր թագավորներին, որ մեր շուրջն էին, որպես նախատինք և ամայություն շրջապատի բոլոր ժողովուրդներին, այնտեղ, ուր ցրեց մեզ Տերը։ 5 Վայր ընկանք և ոչ վեր, որովհետև մեղանչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու հանդեպ՝ չլսելով նրա ձայնը։ 6 Տիրոջը՝ մեր Աստծունն է արդարությունը, իսկ մերն ու մեր հայրերինը՝ երեսի ամոթը, ինչպես այս օրերին, 7 որ Տերն ասաց մեզ այն բոլոր չարիքները, որ եկան մեզ վրա։ 8 Եվ չաղաչեցինք Տիրոջ առաջ՝ դառնալու յուրաքանչյուրն իր չար սրտի խորհուրդներից, 9 և արթնացավ Տերն այն չարիքների դեմ, որոնք Տերն արթնացրեց մեր դեմ, որովհետև Տերն արդար է իր բոլոր գործերում, որ պատվիրել է մեզ, 10 և չլսեցինք նրա ձայնը՝ ընթանալու Տիրոջ հրամանների հետևից, որ դրեց մեր առաջ։

Աղաչանք

11 Եվ արդ, ո՛վ Տեր, Իսրայելի Աստվա՛ծ, որ հանեցիր քո ժողովրդին եգիպտացիների երկրից հզոր ձեռքով, հրաշքով ու հիասքանչ գործերով, մեծ զորությամբ ու բարձր բազկով, և քեզ համար անուն ստեղծեցիր, ինչպես այսօր։ 12 Մեղանչեցինք, անօրենություն, անիրավություն գործեցինք, ո՛վ Տեր, Աստվա՛ծ մեր, քո բոլոր օրենքների դեմ։ 13 Թող քո բարկությունը դառնա մեզնից, որովհետև մենք նվազ մնացինք հեթանոսների մեջ, ուր մեզ ցրեցիր։ 14 Լսի՛ր, Տե՛ր, մեր աղոթքներն ու մեր խնդրանքները, փրկի՛ր մեզ հանուն քո անվան և մեզ շնորհնե՛ր տուր մեր գերեվարողների առաջ, 15 որպեսզի ամբողջ երկիրը ճանաչի, թե դու ես Տերը՝ մեր Աստվածը, որովհետև քո անունը դրվեց Իսրայելի վրա և նրա ազգի վրա։ 16 Նայի՛ր, Տե՛ր, քո սուրբ տաճարից և խորհի՛ր մեր մասին։ Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր։ 17 Բա՛ց քո աչքերը և տե՛ս, որ ոչ թե դժոխքում մեռածներն են, որոնց հոգիները վերցվել են նրանց միջից, փառաբանություն և արդարադատություն մատուցում Տիրոջը, 18 այլ տրտմած անձերը՝ անսահման տրտմությունների մեջ, որ քայլում են կորացած ու հիվանդացած. առկայծող աչքերն ու քաղցած հոգիներն են փառք և արդարություն մատուցում քեզ, Տե՛ր։ 19 Ոչ թե մեր հայրերի և մեր թագավորների արդարության պատճառով ենք գութ հայցում քո առաջ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, 20 այլ որովհետև քո ցասումն ու քո բարկությունը բերեցիր մեզ վրա, ինչպես որ խոսեցիր քո ծառա մարգարեների միջոցով. 21 «Այսպես է ասում Տերը. “Խոնարհեցրե՛ք ձեր պարանոցներն ու ծառայե՛ք բաբելացիների արքային և նստե՛ք այն երկրում, որ տվեցի ձեր հայրերին, 22 իսկ եթե չլսեք Տիրոջ ձայնը՝ ծառայելու բաբելացիների արքային, 23 Հուդայի ձեր քաղաքներից և Երուսաղեմից կպակասեցնեմ ուրախության ձայնն ու ցնծության ձայնը, փեսայի ձայնն ու հարսի ձայնը, և ձեր ողջ երկիրն անապատ կդառնա բնակիչներից”»։ 24 Սակայն չլսեցինք քո ձայնը՝ ծառայելու բաբելացիների արքային, և հաստատեցիր քո խոսքերը, որ խոսեցիր քո ծառա մարգարեների միջոցով՝ իրենց տեղից հանելու մեր թագավորների ոսկորներն ու մեր հայրերի ոսկորները։ 25 Եվ ահա ընկած են ցերեկվա տոթին ու գիշերվա ցրտին. մեռան չարաչար ցավերով, սովով, սրով ու գերությամբ։ 26 Եվ շինեցիր քո տաճարը, որի վրա քո անունն է դրված, ինչպես այս օրերին, Իսրայելի տան և Հուդայի տան չարության պատճառով։ 27 Տե՛ր, Աստվա՛ծ մեր, մեզ հետ վարվեցիր ըստ քո ողջ հեզության և ըստ քո ողջ մեծ գթության, 28 ինչպես խոսեցիր քո ծառա Մովսեսի միջոցով այն օրը, երբ դու նրան պատվիրեցիր գրել քո օրենքներն Իսրայելի որդիների առաջ և ասել. 29 «Եթե չլսեք իմ ձայնը, ձեր բարձր ու սաստիկ ձայնը կնվաստանա ազգերի մեջ, ուր պիտի ցրեմ ձեզ։ 30 Քանի որ գիտեմ, որ չեն լսի ինձ, որովհետև խստապարանոց ժողովուրդ է, բայց կփոխեն իրենց սրտերն իրենց պանդխտության երկրում 31 և կճանաչեն, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, և նրանց սիրտ կտամ և ականջներ՝ լսելու։ 32 Եվ կօրհնաբանեն ինձ իրենց գերության երկրում և կհիշեն իմ անունը, 33 կդառնան իրենց պարանոցի խստությունից և իրենց չար արարքներից, որովհետև կհիշեն իրենց մեղավոր հայրերի ճանապարհներն իմ առաջ։ 34 Եվ կվերադարձնեմ նրանց այն երկիրը, որ երդվեցի տալ նրանց հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, և կտիրեն նրան։ Կբազմացնեմ նրանց, և չեն նվազի։ 35 Նրանց հետ հավիտենական ուխտ կհաստատեմ. ես նրանց համար Աստված կլինեմ, իսկ նրանք ինձ համար՝ ժողովուրդ, և իմ ժողովրդին՝ Իսրայելին, այլևս չեմ շարժի այն երկրից, որ տվեցի նրանց»։