Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամուսնալուծության մասին(Մրկ. 10.1-12)1 Երբ Հիսուսն ավարտեց այս խոսքեր…
Ամուսնալուծության մասին
(Մրկ. 10.1-12)
1 Երբ Հիսուսն ավարտեց այս խոսքերը, Գալիլեայից տեղափոխվեց և եկավ Հուդայի սահմանները՝ Հորդանան գետի մյուս կողմը։ 2 Նրա հետևից ժողովրդի մի մեծ բազմություն գնաց, և նրանց բժշկեց այնտեղ։ 3 Փարիսեցիները, մոտենալով նրան, սկսեցին փորձել նրան և ասել. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջն արձակի որևէ զանցանքի պատճառով»։ 4 Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե նա, ով ստեղծեց, հենց սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2), 5 և ասաց. “Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն” (Ծնն. 2.24)։ 6 Ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7 Նրան ասացին. «Այդ դեպքում Մովսեսը մեզ ինչո՞ւ պատվիրեց արձակման թուղթ տալ և արձակել» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։ 8 Հիսուսն ասաց նրանց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց արձակել ձեր կանանց, սակայն սկզբում այդպես չի եղել։ 9 Բայց ասում եմ ձեզ. “Ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն արած կլինի նաև նա, ով արձակվածի հետ ամուսնանա”»։ 10 Աշակերտներն ասացին նրան. «Եթե այդպիսի տույժ կարող է լինել և՛ տղամարդու, և՛ կնոջ համար, ավելի լավ է չամուսնանալ»։ 11 Հիսուսը նրանց ասաց. «Ոչ բոլորն են ընդունակ այդ բանին, այլ նրանք, որոնց տրված է, 12 որովհետև կան ներքինիներ, որոնք իրենց մոր որովայնից են այդպես ծնվել. կան ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք իրենք իրենց են ներքինի դարձրել երկնքի արքայության համար։ Ով կարող է տոկալ, թող տոկա»։
Հիսուսն օրհնում է մանուկներին
(Մրկ. 10.13-16, Ղուկ. 18.15-17)
13 Այդ ժամանակ Հիսուսի մոտ մանուկներ բերվեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին նրանց։ 14 Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ ինձ մոտ գան, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը»։ 15 Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու գնաց այդտեղից։
Հարուստ երիտասարդը
(Մրկ. 10.17-27, Ղուկ. 18.18-26)
16 Ահա մեկը մոտեցավ Հիսուսին և ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ընդունեմ»։ 17 Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մե՛կ է բարին։ Եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահի՛ր պատվիրանները»։ 18 Նա ասաց. «Որո՞նք»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, 19 պատվի՛ր քո հորն ու մորը» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.18, 17, 19-20, 16) և «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։ 20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ. արդ, արդյոք ինչո՞վ եմ թերի»։ 21 Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ և տո՛ւր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս։ Ապա ե՛կ իմ հետևից»։ 22 Երբ երիտասարդը լսեց այս խոսքը, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։
23 Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն։ 24 Նաև ասում եմ ձեզ՝ պարանն ավելի հեշտ կմտնի ասեղի ծակով, քան մեծահարուստը՝ Աստծու արքայությունը»։ 25 Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան և ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ 26 Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։
Առաքյալների վարձատրությունը
27 Այդ ժամանակ Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից. արդ, մեզ ի՞նչ կլինի»։ 28 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։ 29 Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ որդիներին, կամ արտերը՝ իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։ 30 Շատ առաջիններ վերջին կլինեն, իսկ վերջինները՝ առաջին»։