Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եկեք առանց արծաթի1 «Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի,և դուք, որ բ…
Եկեք առանց արծաթի
1 «Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի,
և դուք, որ բոլորովին արծաթ չունեք,
գնացե՛ք, գնե՛ք ու կերե՛ք առանց արծաթի,
առանց գինու և ճարպի համար վճարելու։
2 Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և
ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։
Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք,
ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։
3 Ակա՛նջ դրեք ինձ և հետևե՛ք իմ ճանապարհին։
Լսե՛ք ինձ, և ձեր հոգիները կապրեն բարության մեջ,
ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝
շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները։
4 Ահա նրան տվեցի որպես վկայություն
ազգերին, իշխան և հրամանատար նրանց։
5 Քեզ չիմացող ազգերը պիտի կանչեն քեզ,
և քեզ չճանաչող ժողովուրդները քեզ մոտ պիտի ապաստանեն
հանուն Տիրոջ՝ քո Աստծու, Իսրայելի Սրբի, որը փառավորեց քեզ»։
6 Փնտրե՛ք Տիրոջը և երբ գտնեք,
կանչե՛ք նրան.
երբ նա ձեզ մոտենա,
7 ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից,
անօրեն մարդը՝ իր խորհուրդներից,
թող նա վերադառնա Տիրոջ մոտ
և ողորմություն կգտնի
մեր Աստծու մոտ,
որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
8 «Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին,
և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,-
ասում է Տերը,-
9 այլ ինչպես երկինքն է հեռու երկրից,
այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից,
և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
10 Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից
և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը,
չի ծլեցրել ու պտղաբերել այն,
սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,
11 այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից.
նա դատարկ չի վերադառնալու,
մինչև որ չկատարի այն,
ինչ կամենում եմ ես։
Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները,
որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։
12 Ուրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք.
լեռներն ու բլուրները պիտի խայտան,
խնդությամբ ընդունեն ձեզ,
և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ իրենց ճյուղերով։
13 Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի,
դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի.
և դա պիտի լինի հանուն Տիրոջ
և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։