Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բոլորս մեկ մարմին1 Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, …

Բոլորս մեկ մարմին

1 Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց, 2 ամբողջական խոնարհությամբ, հեզությամբ ու համբերատարությամբ՝ հանդուրժելով միմյանց սիրով, 3 ջանալով պահել հոգու միությունը խաղաղության կապով։ 4 Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց։ 5 Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ՝ մկրտությունը, 6 մեկ՝ Աստված, բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի միջոցով գործում է և մեր՝ բոլորիս մեջ է։ 7 Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով։ 8 Ահա թե ինչու է ասվում.

«Ելավ բարձունքները, իր հետ գերիներ տարավ

և պարգևներ տվեց մարդկանց» (Սաղ. 67(68).18)։

9 «Ելավ»-ն ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն, որ նախ երկրի ստորին կողմն իջավ։ 10 Նա, որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ բոլոր երկինքներից վեր, որպեսզի ամեն ինչ իրենով լցնի։ 11 Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝ 12 պատրաստելու սրբերին իրենց ծառայության մեջ, ի շինություն Քրիստոսի մարմնի, 13 մինչև բոլորս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության, կատարյալ մարդու՝ Քրիստոսի լիակատար հասունության չափի։ 14 Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։ 15 Այլ խոսելով ճշմարտապես, սիրով՝ ամեն բան աճեցնենք դեպի նա, որ գլուխն է, Քրիստոս, 16 որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, զանազան հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր մասի ներգործության չափով, իր աճումն է ձեռք բերում՝ կառուցելու ինքն իրեն սիրո մեջ։

Քրիստոսով նոր կյանք

17 Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։ 18 Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։ 19 Նրանք իրենց հույսը կտրեցին և ագահորեն անձնատուր եղան անառակության ու ամեն տեսակ պղծության։

20 Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին, 21 քանի որ լսեցիք նրա մասին և կրթվեցիք նրանով, համաձայն այն ճշմարտության, որ Հիսուսի մեջ է։ 22 Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի, 23 նորոգվե՛ք ձեր հոգով ու մտածելակերպով, 24 դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ։ 25 Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, յուրաքանչյուր ոք թող իր ընկերոջն ասի ճշմարտությունը (Զաք. 8.16), որովհետև միմյանց անդամներ ենք։ 26 Թե բարկանաք, չմեղանչե՛ք (Սաղ. 4.4). արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի, 27 և սատանային առիթ մի՛ տվեք։ 28 Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։ 29 Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։ 30 Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։

31 Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ ու հայհոյություն թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։ 32 Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։