Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տաճարի նավակատիքը(Բ Եզր. 6.13-18)1 Այն ժամանակ Ստորին Ասորիքի ու Փյու…

Տաճարի նավակատիքը
(Բ Եզր. 6.13-18)

1 Այն ժամանակ Ստորին Ասորիքի ու Փյունիկեի կողմերի մեծ իշխան Սիսինը, Սաթրաբուզանը և նրանց մյուս ընկերները, որ խափանում էին տաճարի գործը, երբ ստացան Դարեհ թագավորի հրամանը, 2 սկսեցին հսկել և հոգ տանել աշխատանքին՝ դառնալով հրեաների ծերերի ու քահանաների գործակիցը։ 3 Տաճարի գործը հաջողությամբ առաջ էր գնում, որովհետև Անգեն և Զաքարիան մարգարեանալով քաջալերում էին։ 4 Այս ամենը կատարվեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանով 5 և Կյուրոսի ու Դարեհի պատվերով ու կամքով, մինչև Դարեհ թագավորի վեցերորդ տարին։ Սուրբ տաճարն ավարտվեց Ադար ամսի քսաներեքին, Դարեհի թագավորության վեցերորդ տարում։ 6 Եվ Իսրայելի որդիները, քահանաները, ղևտացիներն ու գերությունից բոլոր վերադարձածներն արեցին այնպես, ինչպես կարգվել և հրամայվել էր Մովսեսի օրենքի գրքում։ 7 Տիրոջ տան նավակատիքին զոհ մատուցեցին հարյուր ցուլ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ, 8 իսկ Իսրայելի մեղքերի համար՝ տասներկու միամյա ուլ՝ Իսրայելի իշխանների տասներկու ցեղերի թվին համապատասխան։ 9 Քահանաներն ու ղևտացիները, ըստ իրենց կարգերի, շքեղ զգեստավորված կանգնեցին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն ծառայելու համար՝ Մովսեսի գրքերի հրամանների համաձայն, իսկ դռնապանները՝ յուրաքանչյուր դռանը։

Զատկի տոնակատարությունը
(Բ Եզր. 6.19-22)

10 Իսրայելի որդիները, որ դուրս էին ելել գերությունից, կատարեցին Տիրոջ զատիկը առաջին ամսվա տասնչորսին, քանի որ քահանաներն ու ղևտացիները մաքրվել էին։ 11 Գերությունից ելած բոլորը չէ որ սրբվեցին, այլ միայն ղևտացիները, որոնք մաքրվեցին, 12 մորթեցին Իսրայելի՝ գերությունից դուրս եկած որդիների, ինչպես նաև իրենց եղբայրների՝ քահանաների, նաև իրենց Տիրոջ զատկական գառը։ 13 Եվ կերան Իսրայելի որդիները, որոնք ելել էին գերությունից, բոլոր նրանք, որոնք զատվել, հեռացել էին հեթանոսների պղծություններից ու փնտրել Տիրոջը՝ Աստծուն։ 14 Ապա Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին և Տիրոջ առաջ ուրախ էին, 15 որովհետև Տերը շրջել էր ասորեստանցիների* թագավորի մտադրությունը իրենց նկատմամբ և հզորացրել իրենց ձեռքերը Տիրոջ՝ Իսրայելի Աստծու գործի համար։