Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փոխատվության մասին1 Ով ողորմություն է անում, նա փոխ է տալիս մերձավորի…
Փոխատվության մասին
1 Ով ողորմություն է անում, նա փոխ է տալիս մերձավորին։
2 Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները։
3 Մերձավորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խոսքդ, հավատարի՛մ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը։
4 Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին։
5 Մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին։
6 Վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից։
7 Եթե փոխատուն կարողանա տվածի հազիվ կեսը հետ վերցնել, ապա այն կհամարի գտած բան. 8 իսկ եթե չկարողանա, կզրկվի իր ունեցվածքից և նրան զուր տեղը թշնամի կդարձնի իրեն։
9 Սա էլ անեծք և բամբասանք կհատուցի և պատիվ տալու փոխարեն կանարգի նրան։
10 Արդ, շատերը նման չարության պատճառով երես են թեքում և զգուշանում զուր տեղը ունեցվածքից զրկվելուց։
Ողորմության մասին
11 Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։
12 Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։
13 Արծաթը եղբոր և բարեկամի վրա՛ ծախսիր և մի՛ թող, որ քարի տակ ժանգոտվի կորչի։
14 Քո գանձն օգտագործի՛ր Բարձրյալի պատվիրանների համաձայն, և դա քեզ ոսկուց ավելի օգուտ կլինի։
15 Ողորմությո՛ւն հավաքիր քո շտեմարաններում, և այն կփրկի քեզ զանազան չարչարանքներից, 16 թշնամու դեմ կճակատի քեզ համար հզոր վահանից և ծանր նիզակից ավելի։
Երաշխավոր լինելու մասին
19 Բարերար մարդը երաշխավորում է իր մերձավորին, իսկ ով կորցրել է ամոթը, կթողնի նրան։
20 Մի՛ մոռացիր երաշխավորողի շնորհը, քանզի նա իր անձը տվեց քեզ համար։
22 Մեղավորը վատնում է իր երաշխավորողի բարիքը. սրտով երախտամոռը կլքի իր փրկարարին։
24 Երաշխավորությունը բազում հաջողակների կործանեց և նրանց ցնցեց ծովի ալիքների նման։
25 Հզոր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, և նրանք դեգերեցին օտար ազգերի մեջ։
26 Իր շահին հետամուտ մեղավորը, որը երաշխավոր է դառնում, դատաստանի մեջ կընկնի։
27 Պաշտպա՛ն եղիր մերձավորին ըստ քո կարողության և զգո՛ւյշ եղիր, որպեսզի ծուղակ չընկնես։
Պանդուխտի թշվառությունը
28 Մարդու կյանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է և տունն է, որտեղ նա ծածկում է իր ամոթը։
29 Լավ է աղքատի ապրուստն իր գերանապատ հարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը։
30 Գո՛հ եղիր թե՛ շատից և թե՛ քչից։
31 Թշվառ կյանք է տնից տուն փոխադրվելը. որտեղ պանդուխտ ես, չես կարող բանալ բերանդ։
32 Հյուրեր կհրավիրես, ըմպելիք կտաս անշնորհքներին, բայց փոխարենը այսպիսի դառը բաներ կլսես.
33 «Ե՛կ, օտարակա՛ն, սեղա՛ն պատրաստիր և, ինչ որ կա ձեռքիդ, կերակրի՛ր ինձ։
34 Դո՛ւրս գնա տնից, օտարակա՛ն, պատվավոր մարդ է հյուր եկել, իմ եղբայրը հյուր է եկել, տունը պետք է ինձ»։
35 Այս բոլորը ծանր են այն մարդու համար, որ հոգի ունի, անարգված ծառա է և կրում է փոխատուի նախատինքը։