Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սողոմոնը պարզապես մարդ էր1 Ես նույնպես մահկանացու եմ բոլորի նման և նա…

Սողոմոնը պարզապես մարդ էր

1 Ես նույնպես մահկանացու եմ բոլորի նման և նախաստեղծ հողածնից սերած։ Ես ևս մարմին եմ առել մոր որովայնում 2 տասնամսյա ժամանակի մեջ՝ մածվելով արյամբ՝ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից։ 3 Ես էլ ծնվելով՝ շնչեցի ընդհանուր օդը և համանման վշտերի երկիրն ընկա։ Առաջին ձայնս բոլորի նման նույն լացը եղավ, 4 և ես էլ սնվեցի խանձարուրի և հոգսերի մեջ։ 5 Թագավորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել. 6 աշխարհը մեկ մուտք ունի բոլորի համար և մեկ ընդհանուր ելք։ 7 Դրա համար էլ աղոթելով խնդրեցի, և ինձ խորագիտություն տրվեց, կանչեցի, և իմաստության հոգի եկավ իմ մեջ։ 8 Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանությունն ու գահը, և հարստությունը ոչինչ համարեցի նրա համեմատությամբ։ 9 Ես այն չնմանեցրի թանկարժեք քարերի, որովհետև ոսկին մի բուռ ավազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատությամբ՝ մի բուռ կավ։ 10 Առողջությունից և գեղեցկությունից առավել՝ ես սիրեցի այն, և նախընտրեցի լույսից առավել, որովհետև անմարելի է նրանից բխող լույսը։ 11 Ես նրա շնորհիվ միանգամից շռայլ բարիքներ ստացա, և նրա օգնությամբ հասա անթիվ հարստության։ 12 Ես հրճվեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստությունը, բայց չգիտեի, որ ամեն ինչի ծնունդ տվողը նա էր։ 13 Ես սովորեցի առանց նենգության և առանց նախանձի բաշխել՝ առանց նրա հարստությունը թաքցնելու, 14 որովհետև նա անսպառ գանձ է մարդկանց համար։ Նրանք, որ վարվում են այսպես, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթության ընծայած պարգևների շնորհիվ։

Աստված՝ աղբյուր ամեն իմաստության

15 Տա՛ Աստված, որ ես խոսեմ իրավախոհությամբ և ունենամ նրա տված շնորհներին արժանի մտածումներ, որովհետև նա ինքն է իմաստության առաջնորդը և իմաստուններին ուղղություն տվողը, 16 որովհետև նրա ձեռքում ենք թե՛ մենք, թե՛ մեր խոսքերը և թե՛ ամեն իմաստություն և խելամիտ գործ։ 17 Նա ինձ տվել է եղած բաների մասին անսխալ գիտությունը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը և տարրերի ներգործությունը, 18 ժամանակների սկիզբը, վախճանը և միջին մասը, վայրերի փոփոխությունները և եղանակների շրջադարձերը, 19 տարրերի պտույտներն ու աստղերի դիրքերը, 20 կենդանիների բնությունն ու գազանների վայրենությունը, հողմերի պտույտներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձևափոխություններն ու արմատների զորությունը։ 21 Ես իմացա այն ամենը, ինչ ծածուկ էր կամ բացահայտ, որովհետև իմաստությունը, որ բոլորի ճարտարապետն է, սովորեցրեց ինձ։

Ներբող իմաստության

22 Նրա մեջ կա բանական հոգի, որ սուրբ է, միածին, բազմաբաշխ, նուրբ, դյուրաշարժ, պարզ, անարատ, հայտնի, անվրեպ, բարեսեր, արագ, 23 անարգել, բարերար, մարդասեր, հաստատուն, զգուշավոր, անհոգ, ամենազոր, ամենատես և կարող՝ թափանցելու մտավոր, մաքուր և նրբին բոլոր իրողությունների մեջ։ 24 Իմաստությունն ավելի շարժուն է բոլոր շարժումներից և իր հստակության պատճառով թափանցում և անցնում է ամեն ինչից ներս։ 25 Քանզի Աստծու զորության ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, և դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնվում նրան։ 26 Նա մշտնջենավոր լույսի նշույլ է, Աստծու ներգործության անարատ հայելին և նրա առատության պատկերը։ 27 Նա մի է և ամենակարող, ինքնակա է և նորոգում է ամեն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մեջ և պատրաստում Աստծու բարեկամներ և մարգարեներ։ 28 Աստված չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստությամբ ապրողից։ 29 Արդարև, նա ավելի գեղեցիկ է, քան արեգակը և բոլոր աստղաբույլերը, իսկ լույսի հետ համեմատած՝ առավել է նրանից, 30 որովհետև լույսը փոխվում է գիշերի, մինչդեռ իմաստությանը չի կարող հաղթել չարությունը։